Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

Հաստատված  է

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության վարչության՝

«25»հունիսի  2011թ. որոշմամբ:

 

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»հասարակական կազմակերպության

նախագահ՝ Կ. Զադոյան

 

Ընդունված է ՀԵԻԱ վարչության կողմից` 19.03.2011թ.-ին:

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ-Ի ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԻ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն աշխատակարգով կարգավորվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի (այսուհետ` ՀԵԻԱ) Ժամանցային ակումբի (այսուհետ` Ակումբ) աշխատանքի կազմակերպումը:

2. Ակումբը ՀԵԻԱ-ի կառուցվածքային մարմին է:

3. Ակումբի աշխատանքները համակարգում է Ակումբի ղեկավարը, որը նշանակվում է ՀԵԻԱ վարչության որոշմամբ: Ակումբի Ղեկավարի աշխատանքը հանդիսանում է կամավոր հիմունքներով կատարվող աշխատանք:

4. Այսուհետև, Ակումբն իր լիազորություններն իրականացնում է ՀԵԻԱ կանոնադրությամբ, սույն աշխատակարգով և գործունեությունը դադարեցնում է համաձայն սույն աշխատակարգի 21-րդ կետի:

5. Ակումբը կարող է ունենալ իր խորհրդանիշը (լոգոն), ձևաթղթերը:

 

II. ԱԿՈՒՄԲԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿԸ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6. Ակումբի խնդիրն է ապահովել ՀԵԻԱ-ի անդամների, կամավորների, Ակումբի անդամների ժամանցը՝ մշակութային և բարոյահոգեբանական արժեքների պահպանման հիման վրա:

7. Ակումբի նպատակն է՝

ա) սերմանել հոգևոր, մշակութային և բարոյական արժեքների պահպանման անհրաժեշտությունը ՀԵԻԱ-ի անդամների, կամավորների, Ակումբի անդամների, ինչպես նաև այլ շահագրգիռ անձանց շրջանում.

բ) ճանաչել և իմանալ Հայ բազմադարյան մշակույթը՝ այցելությունների, տարաբնույթ հանդիպումների ու միջոցառումների միջոցով.

գ) խթանել ՀԵԻԱ-ի անդամների, կամավորների, Ակումբի անդամների աշխատանքների արդյունավետությանը՝ ժամանցային տարբեր խաղերի, քննարկումների, սեմինարների և հանդիպումների միջոցով.

դ) համագործակցային կապեր հաստատել տարբեր հասարակական կազմակերպությունների և այլ կառույցների նմանատիպ ակումբների հետ:

8. Ակումբը`

ա) ընդունում է ակումբի գործունեության ամենամյա աշխատանքային պլանը, պլանում կատարված փոփոխությունները և ծրագրերի առաջարկները,

բ) ակումբի գործունեության առարկայի և նպատակների վերաբերյալ ակումբի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ,

գ) քննարկում է Ակումբի մասնակիցների բարձրացված հարցերը և առաջարկությունները.

դ) մշակում է երկարաժամկետ Ծրագրեր՝ Ակումբի աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

III. ԱԿՈՒՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

9. Ակումբը սույն աշխատակարգով իրեն վերապահված լիազորություններն իրականացնում է Ակումբի աշխատանքների կազմակերպման, հանդիպումներ հրավիրելու և քննարկումների միջոցով:

10. Ակումբը բաղկացած է ՀԵԻԱ-ի անդամներից, կամավորներից և այլ շահագրգիռ անձանցից: ՀԵԻԱ նախագահն ի պաշտոնե համարվում են Ակումբի անդամներ: Ակումբը կարող է ունենալ Պատվավոր անդամներ, որոնց ընտրության կարգը որոշում է Ակումբի ղեկավարը՝ ՀԵԻԱ նախագահի հետ համաձայնեցմամբ: Ակումբի ղեկավարը կարող է ունենալ օգնական:

11. Ակումբի հանդիպումներին մասնակցում են ՀԵԻԱ անդամները, կամավորները: Ակումբի նիստերը բաց են: Ակումբի գործունեությանը կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, ով հետաքրքրված է ակումբի նպատակներով և գործունեությամբ:

12. Ակումբն իր աշխատանքները կազմակերպում է հանդիպումների միջոցով, որոնք հրավիրում է իր կողմից սահմանված պարբերականությամբ: Ակումբի արտահերթ հանդիպումներ կարող են հրավիրվել Ակումբի ղեկավարի կողմից կամ Ակումբի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:

13. Ակումբը կարող է համագործակցել ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և անհատ անձանց, ինչպես նաև արտասահմանյան նմանատիպ ակումբների և այլ կազմակերպությունների հետ:

14. Ակումբի հանդիպումներն անց են կացվում Ակումբի ղեկավարի կողմից հաստատված օրակարգով: Ակումբի ղեկավարը որոշում է ակումբի հանդիպման անցկացման օրը և ժամը:

15. Ակումբի հանդիպման օրակարգում նշվում են`

1) ակումբի հանդիպման անցկացման օրը և ժամը,

2) քննարկման ենթակա հարցերը,

3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:

16. Ակումբի հանդիպման օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերը Ակումբի անդամներին են փոխանցվում հանդիպումից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

17. Ակումբի Ղեկավարը`

ա) կազմակերպում է Ակումբի աշխատանքները և ապահովում դրանց կայուն ընթացքը.

բ) հրավիրում է Ակումբի հանդիպումներ և վարում դրանք.

գ) Ակումբի ընդունմանն է ներկայացնում Ակումբի գործունեության ամենամյա աշխատանքային պլանի, պլանում կատարված փոփոխությունների և ծրագրերի առաջարկների նախագծերը, իսկ ՀԵԻԱ-ի նախագահի հաստատմանը` Ակումբի կողմից ընդունված պլանը, պլանում կատարված փոփոխությունները և ծրագրերի առաջարկները

դ) Ակումբի մասնակիցների թվից կարող է ընտրել Ակումբի գործունեության տարբեր ուղղությունների կամ կոնկրետ ծրագրի կամ միջոցառման պատասխանատուներ, ձևավորել աշխատանքային խմբեր և այլ մարմիններ, նշանակել դրանց համակարգողներ,

ե) արձանագրում է Ակումբի հանդիպումները, ստորագրում դրանք, կազմում է նրա գործունեությանը վերաբերող մյուս փաստաթղթերը, գրագրությունները.

զ) հանդես է գալիս ակումբի անունից, ներկայացնում է ակումբը տարբեր մարմիններում և կազմակերպություններում, ընդունում է որոշումներ` կապված ակումբի կազմակերպման և գործունեության հետ,

է) իր լիազորությունների սահմաններում, Ակումբի հանդիպումների միջև ընկած ժամանակահատվածում, Ակումբի անդամների հետ անցկացնում է խորհրդակցություններ` օպերատիվ կարգով որոշումների ընդունում պահանջող հարցերի վերաբերյալ.

ը) կատարում է իր իրավասություններից բխող, ՀԵԻԱ-ի կանոնադրությանը և սույն աշխատակարգին չհակասող այլ աշխատանքներ:

18. Ակումբի անդամները`

ա) մասնակցում են Ակումբի հանդիպումներին, Ակումբի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրագործմանը.

բ) իրավունք ունեն ներկայացնել հարցեր՝ Ակումբի հանդիպման օրակարգում ընդգրկելու և քննարկելու համար.

գ) ցանկության դեպքում՝ ակումբի հանդիպման ընթացքում քննարկվող հարցերի շուրջ ներկայացնում են բանավոր կամ գրավոր կարծիք.

դ) մասնակցում են որոշումների կայացման համար քվեարկությանը.

ե) ցակության դեպքում ծանոթանում են նիստերի արձանագրություններին.

զ) իրավունք ունեն անարգել դուրս գալ Ակումբի կազմից:

19. Ակումբի անդամը ակումբի հանդիպումներին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում դրա մասին, հնարավորության դեպքում, նախապես տեղյակ է պահում Ակումբի ղեկավարին:

20. Ակումբի անդամի լիազորությունները դադարում են՝

ա) Ակումբի գործունեության դադարման պահից.

բ) իր ցանկությամբ Ակումբի անդամությունից դուրս գալու հետևանքով:

 

IV. ԱԿՈՒՄԲԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

21. Ակումբը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել ՀԵԻԱ-ի կանոնադրության 4.9 կետի ե/ ենթակետով սահմանված կարգով՝ ՀԵԻԱ վարչության որոշմամբ:

22. Ակումբի լուծարման դեպքում նրա գործունեությանը վերաբերող բոլոր նյութերը, փաստաթղթերը ենթակա են պահպանման` ՀԵԻԱ Կենտրոնական ‎գրասենյակում:

 

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում