Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Իրավական օգնություն. Համագործակցության և ուսումնական աշխատանքային հանդիպում Թբիլիսիում. Վրաստան, 13-17.09.2010

Ամփոփում

 

2010 թվականի սեպտեմբերի 13-17-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում «Իրավական օգնություն. Համագործակցության և ուսումնական աշխատանքային հանդիպում Թբիլիսիում» թեմայով: Աշխատանքային հանդիպումը կազմակերպվել էր «Օքսֆամ Նովիբ» հոլանդական ընկերության և Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից, որին մասնակցում էին հասարակական կազմակերպություններ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի Հանրապետություններից, ինչպես նաև օտարերկրյա փորձագետներ և ներկայացուցիչ «Օքսֆամ Նովիբ» հոլանդական ընկերությունից: Հայաստանի Հանրապետությունից, իրավական ոլորտում որպես ազդեցիկ և մասնագիտացված կառույց, մասնակցության հրավեր էր ստացել Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, որը ներկայացնում էին ՀԵԻԱ-ի նախագահի օգնական, իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը և ՀԵԻԱ-ի Գյումրու մասնաճյուղի պատասխանատու, իրավաբան Գայանե Գևորգյանը:

Հանդիպումը ուներ մեկ ընդհանուր նպատակ. ստեղծել մասնակից կազմակերպությունների միջև համագործակցության ցանց, որի անդամ հասարակական կազմակերպությունները ակտիվորեն կծավալեն համատեղ գործունեություն իրավական դաշտում կապերի հաստատման, լավագույն փորձի փոխանակման, փոխօգնության հարցերի շուրջ:
Աշխատանքային հանդիպումը բաղկացած էր երկու նստաշրջանից. դրանցից առաջինում մասնակիցները ներկայացրեցին կազմակերպությունների կողմից տրամադրվող իրավական օգնության նկարագիրը, մասնավորապես, գործերի ընտրման չափանիշները, գործերի քննարկման ընթացակարգերը, գրանցված արդյունքները, շահառուների հետ հետադարձ կապի ամրագրումը:

Աշխատանքային հանդիպման երկրորդ նստաշրջանը նվիրված էր կազմակերպությունների կողմից իրականացվող շահերի պաշտպանությանը, դրանց  իրականացման մեխանիզմներին և առանձնահատուկ մեթոդիկային: Այս նստաշրջանում մասնակիցները ներկայացրեցին իրենց լավագույն փորձը, գործունեության ընթացքում հանդիպող խոչընդոտները ինչպես պետական մակարդակով, այնպես էլ շահառուների հետ աշխատելու ընթացքում:

Հանդիպման վերջին օրը նվիրված էր առանձին ոլորտներում համագործակցության առաջարկություններին, արդյունքում ձեռք բերվեց համաձայնություն ստեղծել համագործակցության ցանց, որի մասնակիցները ակտիվորեն կիրագործեն կազմակերպությունների կոալիցիայի առջև դրված նպատակները` ի բարօրություն յուրաքանչյուր կազմակերպության և նրա շահառուների:

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում