Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Կանոնադրություն

“ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ”
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

(Նոր խմբագրությամբ)
Երևան 2002թ.

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպությունը (հետագա տեքստում` կազմակերպություն) իր անդամների շահերի ընդհանրության և կամավորության սկզբունքի հիման վրա, հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքներ բավարարելու նպատակով ստեղծված հասարակական կազմակերպություն է:
1.2. Կազմակերպությունը 14.03.1995թ-ին ՀՀ Արդարադատության նախարարության կոլեգիայի թիվ 12/2-2 որոշմամբ գրանցված Իրավաբանների երիտասարդական միության և 13.12.1999թ.-ին ՀՀ Արդարադատության նախարարի թիվ 2031 հրամանով վերագրանցված “Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիա” հասարակական կազմակերպության իրավահաջորդն է:
1.3. Կազմակերպությունը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ միջազգային պայմանագրերին, ՀՀ օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
1.4. Կազմակերպության անվանումն է.
Հայերեն` “Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպություն, կրճատ` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա, հապավումը` ՀԵԻԱ:
Անգլերեն` Non-governmental organization, “Armenian young lawyers association”, կրճատ` Armenian young lawyers association, հապավումը` AYLA£
1.5. Կազմակերպության գործունեությունը հիմնված է օրինականության, հրապարակայնության, ինքնակառավարման, իրավահավասարության և կամավորության սկզբունքների վրա:
1.6. Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Կազմակերպությունը կարող է գործել արտասահմանյան երկրներում` այդ երկրների օրենսդրությանը համապատասխան:
1.7. Կազմակերպությունը իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում ՀՀ արդարադատության նախարարության կողմից իր պետական գրանցման պահից, ունի հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով կլոր կնիք, անկյունադրոշմ, պաշտոնաթղթեր, հաշվարկային և այլ հաշիվներ բանկերում` ինչպես դրամով, այնպես էլ տարադրամով:
1.8. Կազմակերպությունը ունի խորհրդանիշ, որտեղ պատկերված է կշեռք` հավասար մակարդակի վրա գտնվող նժարներով, որպես արդարության խորհրդանիշ, կշեռքի նժարների մեջտեղում պատկերված է բացված վիճակում գտնվող գիրք, որպես լուսավորության խորհրդանիշ, գրքի վերևում հայերեն տպագիր մեծատառերով գրված է ՀԵԻԱ: Խորհրդանիշի պատկերը կցվում է սույն կանոնադրությանը:
1.9. Կազմակերպությունն օգտվում է ՀՀ օրենսդրությամբ իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքներից և կրում է համապատասխան պարտականություններ:
1.10. Կազմակերպությունը կարող է իր կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող առաջարկություններ ներկայացնել ՀՀ պետական մարմիններին:
1.11. Կազմակերպությունը համագործակցում է ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, այնպես էլ անհատ անձանց հետ:
1.12. Կազմակերպությունը կարող է ունենալ միջազգային կապեր, անդամակցել միջազգային իրավաբանական ոչ կառավարական և ոչ առևտրային կազմակերպությունների, կնքել համաձայնագրեր և պայմանագրեր օտարերկրյա ու միջազգային կազմակերպությունների հետ:
1.13. Կազմակերպությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է հիմնել լրատվության միջոցներ, տեղեկատվություն տարածել իր գործունեության վերաբերյալ` զանգվածային լրատվության միջոցներով:
1.14. Կազմակերպությունը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
1.15. Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նալբանդյան փողոց, շենք 7, բն. 2, հեռախոսներ 58-02-99, 54-01-99:

 

2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

2.1. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են.
ա) կազմակերպության անդամների և աջակիցների ջանքերն ու ներուժը միավորել և նպատակաուղղել, օժանդակելու Հայաստանի Հանրապետությունը, որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության ամրապնդմանը և հզորացմանը,
բ) նպաստել բնակչության իրավագիտակցության, իրավական կուլտուրայի մակարդակի բարձրացմանը` բնակչության շրջանում օրենքների և իրավական գիտելիքների քարոզչության միջոցով,
գ) նպաստել իրավագիտության զարգացմանը, ՀՀ օրենսդրության ուսումնասիրությանը և կատարելագործմանը,
դ) նպաստել ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումների իրականացմանը,
ե) նպաստել ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը և քաղաքացիական հասարակության կայացմանը,
զ) պաշտպանել բնակչության սոցիալապես անապահով խավերի, հաշմանդամների, փախստականների, ապաստան հայցողների, ազատամարտիկների, զինծառայողների, երիտասարդների, այդ թվում նաև ուսանողների իրավունքները` նրանց ցուցաբերելով անհրաժեշտ անվճար իրավաբանական ծառայություններ,
է) նպաստել ՀՀ-ում անվճար իրավաբանական խորհրդատվական և տեղեկատվական կենտրոնների կայացմանը և զարգացմանը, ինչպես նաև անվճար իրավաբանական օգնության ինստիտուտի կայացմանը և անվճար իրավաբանական օգնություն տրամադրող կազմակերպությունների ցանցի ընդլայնմանը և զարգացմանը,
ը) նպաստել ՀՀ-ում իրավաբանական բնույթի կազմակերպությունների համախմբմանը և համագործակցության զարգացմանը,
թ) նպաստել ՀՀ-ում իրավաբանական կլինիկանների կայացմանը, ընդլայնմանը և զարգացմանը,
ժ) նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի կայացմանը և զարգացմանը,
ժա) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և ցուցաբերել իրավաբանական օգնություն ֆիզիկական և իրավաբանական անձանց,
ժբ) նպաստել ազատ շուկայական հարաբերությունների վրա հիմնված տնտեսության զարգացմանը, մասնավորապես նպաստել փոքր և միջին բիզնեսով զբաղվող գործարարների և ձեռնարկատերերի իրավական գիտելիքների մակարդակի բարձրացմանը, օրենքով սահմանված կարգով կատարել առևտրային իրավաբանական անձանց իրավական սպասարկումը,
ժգ) օժանդակել իրավաբանական բուհերում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, ուսանող և երիտասարդ իրավաբանների, փաստաբանների գիտակրթական մակարդակի բարձրացմանը` նրանց համար կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ, գիտաժողովներ, մրցույթներ և այլ միջոցառումներ,
ժդ) կազմակերպության անդամների համար հիմնադրել և զարգացնել ժամանակակից իրավաբանական գրականությամբ և տեխնոլոգիաներով հագեցած իրավաբանական ուսուցման և տեղեկատվության կենտրոն,
ժե) ստեղծել երիտասարդ իրավաբանների տվյալների բանկ և աջակցել երիտասարդ իրավաբաններին ըստ մասնագիտության աշխատանքի տեղավորվելուն,
ժզ) նպաստել հայ ժողովրդի պատմա-իրավագիտական արժեքների վերականգմանը, պահպանմանը, ուսումնասիրմանը և տարածմանը,
ժէ համագործակցել սփյուռքի և արտերկրի իրավաբանների և իրավաբանական կազմակերպությունների հետ,
ժը) նպաստել ՀՀ-ում միջազգային առաջավոր փորձի հիման վրա ընտրական համակարգերի բարեփոխմանը ու զարգացմանը, բնակչության շրջանում այս բնագավառի իրավական գիտելիքների բարձրացման նպատակով իրականացնել քարոզչական աշխատանքներ, ինչպես նաև ներկայացուցչական մարմինների ընտրությունների ընթացքում իրականացնել դիտորդական առաքելություն ընտրական օրենսդրության կատարելագործման նպատակով,
ժթ) նպաստել ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության փոխադարձ կապի ամրապնդմանը, օժանդակել համայնքային ծրագրերի իրականացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և բնակչության մասնակցությամբ կազմակերպել հասարակական լսումներ,
ժի) նպաստել հասարակական կազմակերպությունների համագործակցության խորացմանը ու զարգացմանը, հասարակական կազմակերպությունների ուսուցման և տեղեկատվության կենտրոնի ստեղծմանը, “Հասարակական կազմակերպություն” ինտերնետային ու ինտրանետ ցանցերի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների համար ինֆորմացիոն կենտրոնացված համակարգի ստեղծմանը, աջակցել ինտերնետում հասարակական կազմակերպություններին ներկայանալուն, հնարավորության սահմաններում հասարակական կազմակերպություններին տրամադրել նաև դրամաշնորհներ:

 

3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3.1. Կազմակերպության անդամ կարող է դառնալ 16-ից մինչև 45 տարեկան յուրաքանչյուր իրավաբան, իրավաբանական բուհի յուրաքանչյուր ուսանող, իրավագիտությամբ հետաքրքրվող յուրաքանչյուր անձ, որն ընդունում է սույն կանոնադրությունը, իր գործունեությամբ նպաստում է կազմակերպության կանոնադրական նպատակների իրագործմանը, մուծում է մուտքավճար ու անդամավճար և անցնում է կազմակերպության համակիր անդամի համար նախատեսված փորձաշրջանը: Կազմակերպության ոչ իրավաբան անդամների թիվը չի կարող գերազանցել կազմակերպության անդամների ընդհանուր թվի հինգ տոկոսը:
3.2. Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, կազմակերպությանը կարող է անդամագրվել իր դիմումի հիման վրա` օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:
3.3. Գրավոր դիմումի համաձայն կազմակերպության համակիր անդամի ընդունելության մասին որոշումը կայացվում է կազմակերպության նախագահի կողմից£ Համակիր անդամի համար նախատեսված մեկ տարվա փորձաշրջանը հաջողությամբ անցնելուց հետո համակիր անդամը իրավունք ունի գրավոր դիմել կազմակերպության նախագահին` կազմակերպության անդամի կարգավիճակ ստանալու համար: Կազմակերպության անդամի ընդունելության որոշումը կայացվում է կազմակերպության նախագահի կողմից: Կազմակերպության նախագահի որոշմամբ համակիր անդամի մեկ տարվա փորձաշրջանի ժամկետը կարող է կրճատվել կամ հանվել:
3.4. Կազմակերպությունը վարում է իր համակիր անդամների և անդամների հաշվառումը և պարբերաբար թարմացնում նրանց վերաբերյալ տվյալները: Կազմակերպության համակիր անդամների և անդամների հաշվառում վարելու կարգը և պայմանները սահմանվում է կազմակերպության նախագահի կողմից:
3.5. Կազմակերպության համակիր անդամը մուծում է մուտքավճար, այնուհետև անդամավճար, իսկ կազմակերպության անդամը մուծում է անդամավճար, որոնց չափերը և գանձման կարգը սահմանվում են կազմակերպության նախագահի կողմից£
3.6. Կազմակերպության անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի կամ կազմակերպության նախագահի` տվյալ անդամին կազմակերպության անդամությունից հեռացնելու մասին որոշման հիման վրա` սույն կանոնադրության 3.8 կետով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
3.7. Կազմակերպության անդամն իրավունք ունի`
ա) ընտրել և ընտրվել կազմակերպության ղեկավար մարմիններում,
բ) կազմակերպության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել կազմակերպության գործունեության և ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ, դիտողություններ, գործնական ծրագրեր,
գ) ազատորեն արտահայտել սեփական տեսակետը,
դ) օգտվել կազմակերպության իրավական, ֆինանսական, տեխնիկական, տեղեկատվական և այլ աջակցությունից,
ե) իրազեկ լինել կազմակերպության գործունեությանը,
զ) ներկա գտնվել կազմակերպության համաժողովին, եթե վերջինս անցկացվում է պատվիրակների կազմով, իսկ ինքր պատվիրակ չի ընտրվել,
է) ծանոթանալ կազմակերպության մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները,
ը) կազմակերպության մարմինների որոշումները բողոքարկել գրավոր կարգով` ըստ վերադասության,
թ) կազմակերպության մարմնի, այդ թվում բարձրագույն մարմնի որոշումները վիճարկել դատական կարգով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,
զ) անարգել դուրս գալ կազմակերպության շարքերից£
3.8. Կազմակերպության անդամը պարտավոր է.
ա) սահմանված չափով և կարգով մուծել մուտքավճար ու անդամավճար,
բ) մասնակցել և աջակցել կազմակերպության գործունեությանը,
գ) իր գործունեությամբ և վարքով բարձր պահել կազմակերպության հեղինակությունը, առանց կազմակերպության իրավասու մարմնի կողմից տրված լիազորագրի հանդես չգալ կազմակերպության անունից,
դ) գործել սույն կանոնադրությանը համապատասխան, կատարել կազմակերպության կանոնադրական պահանջները, կազմակերպության ղեկավար մարմինների որոշումները:
3.9. Կազմակերպության համակիր անդամը օգտվում է կազմակերպության անդամի բոլոր իրավունքներից, բացի սույն կանոնադրության 3.7 կետի ա) ենթակետով սահմանված իրավունքներից, ինչպես նաև կրում է կազմակերպության անդամի բոլոր պարտականությունները: Կազմակերպության համակիր անդամների անդամագրումը և հաշվառումը, նրանց նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցների կիրառումը կատարվում է նույն կարգով, որով կատարվում է կազմակերպության անդամներինը:
3.10. Կազմակերպությունը կարող է ունենալ պատվավոր անդամներ: Պատվավոր անդամի կոչումը շնորհվում է կազմակերպության վարչության որոշմամբ:
3.11. Կազմակերպության անդամները, համակիր և պատվավոր անդամները կազմակերպության ունեցվածքի մեջ չունեն բաժնի իրավունք:
3.12. Կազմակերպության նախագահը կազմակերպության անդամների նկատմամբ կարող է կիրառել ինչպես խրախուսանքի միջոցներ, այնպես էլ տույժի միջոցներ` կազմակերպության կանոնադրական դրույթների խախտումների դեպքում: Կազմակերպության անդամների նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու կարգը սահմանվում է կազմակերպության նախագահի կողմից:

 

4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

4.1. Կազմակերպության կառավարման կառուցվածքն է` համաժողովը, վարչությունը և նախագահը£
4.2. Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է կազմակերպության համաժողովի կողմից:
4.3. Կազմակերպության ղեկավար մարմիններն ընտրովի են£
4.4. Կազմակերպության ղեկավար մարմինների անդամ կարող են դառնալ 18 տարին լրացած անձինք:
4.5. Կազմակերպության բարձրագույն մարմինը նրա անդամների համաժողովն է, որին պատկանում է կազմակերպության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:
4.6. Կազմակերպության համաժողովը գումարվում է երկու տարին մեկ անգամ` կազմակերպության նախագահի կողմից£
4.7. Կազմակերպության արտահերթ համաժողով գումարվում է կազմակերպության վարչության, կազմակերպության անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի պատճառաբանված որոշման դեպքում, ոչ ուշ, քան 14 օրացուցային օրվա ընթացքում` կազմակերպության նախագահի կողմից կամ կազմակերպության նախագահի կողմից անմիջականորեն£ Արտահերթ համաժողովները հրավիրվում են հրավիրողի օրակարգով:
4.8. Կազմակերպության համաժողովը.
ա) հաստատում է կազմակերպության կանոնադրությունը, կատարում է փոփոխություններ դրանում և (կամ) հաստատում է նոր կանոնադրությունը,
բ) որոշում է կազմակերպության վարչության թվաքանակը, երկու տարի ժամկետով ընտրում է կազմակերպության վարչության անդամներին, փոփոխում է վարչության կազմը, վաղաժամկետ դադարեցնում է վարչության անդամների լիազորությունները,
գ) երկու տարի ժամկետով ընտրում է կազմակերպության նախագահ, փոխնախագահ և պատասխանատու քարտուղար, որոնք ի պաշտոնե մտնում են կազմակերպության վարչության կազմի մեջ և հանդիսանում են կազմակերպության վարչության նախագահը, փոխնախագահը և պատասխանատու քարտուղարը, վաղաժամկետ դադարեցնում է նրանց լիազորությունները,
դ) քննարկում և հաստատում է կազմակերպության վարչության և կազմակերպության նախագահի հաշվետվությունները, հաստատում է կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները,
ե) ընդունում է կազմակերպության վերակազմակերպման և լուծարման մասին որոշումները, հաստատում է կազմակերպության փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը, բացառությամբ դատարանի վճռով վերակազմակերպումից և լուծարումից:
Կազմակերպության համաժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե կազմակերպության համաժողովին մասնակցում են կազմակերպության բոլոր անդամների կամ համաժողովի պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին: Օրենքով և սույն կանոնադրությամբ կազմակերպության բարձրագույն մարմնի (համաժողովի) բացառիկ իրավասությանը ենթակա հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են, եթե կողմ են քվեարկել կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների թվի կեսից ավելին: Մնացած հարցերով որոշումներն ընդունվում են համաժողովին մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:
4.9. Կազմակերպության վարչությունը.
ա) համարվում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում,
բ) քննարկում և որոշումներ է կայացնում կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք մտնում են կազմակերպության համաժողովի և նախագահի իրավասությունների մեջ,
գ) նախապատրաստում է կազմակերպության համաժողովները, սահմանում է կազմակերպության համաժողովի պատվիրակների քվոտան ըստ կազմակերպության անդամների թվի, կազմակերպության համաժողովի գումարման օրվանից առնվազն երեսուն օր առաջ կազմակերպում է կազմակերպության համաժողովի պատվիրակների ընտրությունը,
դ) հաստատում է կազմակերպության եռամյա ռազմավարական փաստաթուղթը (պլանը) և հսկում դրա կատարման ընթացքը,
ե) որոշումներ է ընդունում կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ` ներկայացուցչություններ և մասնաճյուղեր, ինչպես նաև հիմնարկներ, հանձնաժողովներ, բաժիններ, ակումբներ, աշխատանքային խմբեր ստեղծելու և լուծարելու մասին, հաստատում է դրանց կանոնադրությունները, կանոնակարգերը և աշխատակարգերը, որոնք չեն կարող հակասել սույն կանոնադրությանը, նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարներին տալիս է լիազորագրեր,
զ) որոշում է կայացնում տնտեսական ընկերություններ ստեղծելու կամ դրանցում մասնակցելու վերաբերյալ,
է) որոշում է կայացնում լրատվական միջոցներ ստեղծելու վերաբերյալ,
ը) որոշում է կայացնում հիմնադրամներ ստեղծելու վերաբերյալ,
թ) որոշում է կայացնում ոչ առևտրային իրավաբանական անձանց միություններ հիմնադրելու և այդ միություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, կազմակերպության անդամակցելու վերաբերյալ:
4.10. Կազմակերպության վարչության նիստը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են վարչության անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը£ Որոշումներն ընդունվում են կազմակերպության վարչության նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Վարչության նախագահի մասնակցությունը նիստին պարտադիր է: Վերջինիս բացակայությամբ վարչության կողմից ընդունված որոշումներն անվավեր են:
4.11. Կազմակերպության վարչությունը իր հերթական նիստերը հրավիրում է վեց ամիսը մեկ անգամ£ Կազմակերպության վարչության արտահերթ նիստ կարող է հրավիրվել վարչության անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ի գրավոր պահանջով կազմակերպության նախագահի կողմից կամ կազմակերպության նախագահի կողմից անմիջականորեն£ Կարող են հրավիրվել վարչության ընդլայնված նիստեր` կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև կազմակերպության այլ անդամների մասնակցությամբ:
4.12. Կազմակերպության նախագահը.
ա) ղեկավարում է կազմակերպության վարչության աշխատանքները և հանդիսանում է կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության վարչության նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, իրականացնում է կազմակերպության ընթացիք ֆինանսական գործունեությունը,
բ) ապահովում է կազմակերպության համաժողովի, կազմակերպության վարչության կողմից ընդունված որոշումների և հանձնարարականների կատարումը, իր իրավասության սահմաններում ընդունում է որոշումներ և ստորագրում է հրամաններ, կարգադրություններ ու այլ անհրաժեշտ փաստաթղթեր,
գ) հաստատում է կազմակերպության աշխատակազմի հաստիքացուցակը, դրույքաչափերը և կազմակերպության աշխատակազմի կանոնակարգը, որը չի կարող հակասել սույն կանոնադրությանը,
դ) աշխատանքի է ընդունում և ազատում է աշխատանքից կազմակերպության աշխատակազմի հաստիքային և պայմանագրային աշխատողներին,
ե) կազմակերպության համաժողովին հաշվետվություն է ներկայացնում կազմակերպության վարչության և իր գործունեության մասին,
զ) որոշումներ է կայացնում կազմակերպության գործունեության բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ կազմակերպության համաժողովի և վարչության իրավասությանը պատկանող հարցերից,
է) կազմակերպության անունից գործում է առանց լիազորագրի, տնօրինում է կազմակերպության գույքն ու դրամական միջոցները (այդ թվում դրամաշնորհային միջոցներն ու անդամավճարների ֆոնդը), տալիս է լիազորագրեր, բանկային հիմնարկներում բացում է հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվներ, կազմակերպության անունից վարում է բանակցություններ, կնքում պայմանագրեր և համաձայնագրեր, ստորագրում կազմակերպության համաժողովի և վարչության կողմից ընդունված փաստաթղթերը,
ը) նախագահում է կազմակերպության համաժողովի և վարչության նիստերը, կազմակերպության համաժողովի նիստերի նախագահումը կարող է լիազորել կազմակերպության անդամ այլ անձի,
թ) հրավիրում և գումարում է կազմակերպության համաժողովի և վարչության հերթական և արտահերթ նիստեր,
ժ) կազմակերպության փոխնախագահին, պատասխանատու քարտուղարին, կազմակերպության վարչության անդամներին և կազմակերպության գործադիր տնօրենին սույն կանոնադրության շրջանակներում, կատարման համար կարող է փոխանցել կազմակերպության նախագահին վերապահված առանձին լիազորություններ,
ժա) որոշում է ընդունում ցանկացած տեսակի և քանակի գույք ձեռք բերելու, տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, այդ թվում օտարելու և դուրս գրելու վերաբերյալ,
ժբ) որոշում է կայացնում կազմակերպությանն անդամագրելու և անդամությունից հեռացնելու վերաբերյալ: Որոշում է անդամավճարների և մուտքավճարների չափերը և դրանց գանձման կարգը, սահմանում է կազմակերպության անդամների հաշվառում վարելու կարգը և պայմանները, ինչպես նաև կազմակերպության անդամների նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու կարգը, ինչպես նաև համակիր անդամների համար նախատեսված մեկ տարվա փորձաշրջանի ժամկետը կրճատելու և փորձաշրջանից ազատելու մասին,
ժգ) հաստատում է կազմակերպության հիմնական միջոցառումների և աշխատանքների տարեկան պլանները, ծրագրերը (այդ թվում դրամաշնորհային ծրագրերը) և հսկում դրանց կատարման ընթացքը,
ժդ) սահմանում է կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկված անձանց կազմակերպության կողմից վարձատրության կարգը,
ժե) իրականացնում է կազմակերպության համաժողովի և վարչության կողմից իր վրա դրված այլ լիազորություններ:
4.13. Կազմակերպության գործունեության ընթացքում օրենքով և սույն կանոնադրությամբ բարձրագույն մարմնի բացառիկ իրավասությանը չվերապահված և սույն կանոնադրությամբ չկարգավորված ցանկացած հարց լուծվում է նախագահի կողմից:
4.14. Անհրաժեշտության դեպքում նախագահը նշանակում է կազմակերպության գործադիր տնօրեն` կազմակերպության առօրյա աշխատանքները կազմակերպելու համար:
4.15. Գործադիր տնօրենը.
ա) նշանակվում և ազատվում է կազմակերպության նախագահի կողմից,
բ) հաշվետու է բացառապես կազմակերպության նախագահին,
գ) գործում է կազմակերպության նախագահի գրավոր լիազորագրի կամ հանձնարարականի հիման վրա:
4.16. Գործադիր տնօրեն նշանակելիս կազմակերպության նախագահի և գործադիր տնօրենի միջև, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կնքվում է աշխատանքային պայմանագիր (սույն դրույթը գործում է, եթե գործադիր տնօրենին նախատեսվում է աշխատավարձի վճարում):
4.17. Կազմակերպության փոխնախագահը.
ա) կատարում է կազմակերպության նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորությունները,
բ) կազմակերպության նախագահի հանձնարարությամբ, նրա բացակայության ժամանակաընթացքում, կատարում է կազմակերպության նախագահի պարտականությունները£
4.14. Կազմակերպության պատասխանատու քարտուղարը.
ա) արձանագրում է կազմակերպության համաժողովի և վարչության նիստերը,
բ) ստորագրում է կազմակերպության համաժողովի և վարչության նիստերի արձանագրությունները,
բ) տնօրինում է կազմակերպության արխիվը,
գ) կատարում է կազմակերպության նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորությունները,
4.14. Կազմակերպությունը ՀՀ տարածքում ունի հետևյալ մասնաճյուղերը.
ա) Երևանի մասնաճյուղ, հասցեն քաղաք Երևան,
բ) Արմավիրի մարզային մասնաճյուղ, հասցեն Արմավիրի մարզ, քաղաք Արմավիր,
գ) Արագածոտնի մարզային մասնաճյուղ, հասցեն Արագածոտնի մարզ, քաղաք Աշտարակ,
դ) Արարատի մարզային մասնաճյուղ, հասցեն Արարատի մարզ, քաղաք Արտաշատ,
ե) Վայոց Ձորի մարզային մասնաճյուղ, հասցեն Վայոց Ձորի մարզ, քաղաք Եղեգնաձոր,
զ) Սյունիքի մարզային մասնաճյուղ, հասցեն Սյունիքի մարզ, քաղաք Կապան,
է) Կոտայքի մարզային մասնաճյուղ, հասցեն Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան,
ը) Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ, հասցեն Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ,
թ) Տավուշի մարզային մասնաճյուղ, հասցեն Տավուշի մարզ, քաղաք Իջևան,
ժ) Լոռու մարզային մասնաճյուղ, հասցեն Լոռու մարզ, քաղաք Վանաձոր,
ժա) Շիրակի մարզային մասնաճյուղ, հասցեն Շիրակի մարզ, քաղաք Գյումրի:

 

5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5.1. Կազմակերպության նյութական և դրամական միջոցները գոյանում են մուտքավճարներից, անդամավճարներից, տնտեսական ընկերությունների, տեղական, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների, անհատ քաղաքացիների կողմից ստացվող դրամաշնորհներից և նվիրատվություններից, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից£
5.2. Կազմակերպությանը սեփականության իրավունքով կարող են պատկանել ՀՀ օրենսդրությամբ չարգելված սեփականության իրավունքի ցանկացած օբյեկտներ: Կազմակերպությանը պատկանող գույքը օգտագործվում է իր կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար£
5.3. Կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկված անձինք կազմակերպության կողմից կարող են վարձատրվել կազմակերպության նախագահի կողմից սահմանված կարգով:

 

6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

6.1. Կազմակերպության վերակազմակերպումն ու լուծարումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.2. Կազմակերպությունը կարող է լուծարվել իր համաժողովի կամ դատարանի որոշմամբ£
6.3. Լուծարման մասին որոշում կայացնելու դեպքում ՀՀ արդարադատության նախարարության համաձայնությամբ կազմավորվում է լուծարման հանձնաժողով և սահմանվում են լուծարման կարգը և ժամկետները:
6.4. Կազմակերպության լուծարման դեպքում լուծարման հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց և պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, լուծարման մասին որոշում կայացրած մարմնի կողմից սահմանված կարգով, օգտագործում է կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման նպատակով, դրա անհնարինության դեպքում այն փոխանցվում է պետական բյուջե, իսկ վեճի առկայության դեպքում հարցը լուծվում է դատարանի կողմից:

“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” հասարակական կազմակերպության
խորհրդանիշի պատկերը

Հաստատված է

“Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա”

հասարակական կազմակերպության
համաժողովի` “05” դեկտեմբերի 2002թ. որոշմամբ:

Գրանցված է

ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից

27.12.2002թ. գրանցման
թիվ 211.171.01501, պետական գրանցման վկայականի թիվ 03Ա057970:

 

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում