Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 1995-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ 1995-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 1995-2000 թվականներին իրականացրել է հետևյալ հիմնական ծրագրերը.

 

ա) “Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի նախագծի մշակումը տեղական ՀԿ-ների ակտիվ մասնակցությամբ”
Սույն ծրագրի շրջանակներում ապագա օրենքի նախագծի վերաբերյալ ՀԿ-ների կարծիքն ու մոտեցումները պարզելու նպատակով ծրագրի փորձագետների կողմից կազմվեցին հարցաթերթիկներ, որոնք բաժանվեցին շուրջ 100 հասարակական կազմակերպությունների: Այնուհետև կազմակերպվեցին հանդիպումներ` ծրագրի աշխատակազմի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց ժամանակ քննարկվեցին “Հասարակական կազմակերպությունների” մասին ապագա օրենքի նախագծի դրույթները, կազմակերպությունների կողմից արված առաջարկներն ու մոտեցումները: Բացի այդ, ծրագրի փորձագետների կողմից ուսումնասիրվեց մի շարք արտասահմանյան երկրների համապատասխան օրենսդրական փորձը: Այնուհետև, ստացված ամբողջ տեղեկատվության հիման վրա, հաշվի առնելով նաև տեղական փորձը, կազմվեց “Հասարակական կազմակերպությունների մասին” օրենքի նախագիծ, որը ներկայացվեց ՀՀ Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով:
Ծրագիրն իրականացվել է 1995թ.-ի դեկտեմբերից մինչև 1996թ.-ի ապրիլ ամիսը: Ծրագրի իրականացմանը աջակցել է ԱՄՆ Հայկական համագումարի ՀԿ Ուսուցման և Տեղեկատվական միջոցների կենտրոնը:

 

բ) “Ուժեղ ՀԿ-ներից ուժեղ ՀԿ սեկտոր”
Սույն ծրագրի շրջանակներում Հայաստանում տպագրվող 2 հայալեզու և 2 ռուսալեզու պարբերականներում ծրագրի ՀԵԻԱ փորձագետները հոդվածներ տպագրեցին` նվիրված հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող իրավական դաշտին, ՀԿ-ների ստեղծմանը, գործունեության սկզբունքներին և այլն:
Ծրագրի արդյունքում Հայաստանի հայալեզու և ռուսալեզու մամուլով լուսաբանվեց հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող իրավական դաշտը:
Ծրագիրն իրականացվել է 1997թ.-ից մինչև 1997թ.-ը: ԱՄՆ Հայկական համագումարի ՀԿ Ուսուցման և Տեղեկատվական միջոցների կենտրոնը:

 

գ) “Իրավաբանական խորհրդատվություն”
Սույն ծրագրի շրջանակներում Երևան քաղաքում ստեղծվեց անկախ իրավաբանական խորհրդատվական կենտրոն: Կենտրոնը իր գործունեությունը ծավալում էր երկու հիմնական ուղղությամբ.

 

ա) Անվճար իրավաբանական ծառայությունների մատուցում հասարակական կազմակերպություններին և այլ ոչ պետական ու ոչ առևտրային կազմակերպություններին: Իրավաբանական ծառայությունները ներառում էին բանավոր իրավաբանական խորհրդատվություն, օրենքների պարզաբանումներ և մեկնաբանություններ, նոր հիմնադրվող, ինչպես նաև վերագրանցվող կազմակերպությունների կանոնադրությունների և անհրաժեշտ այլ փաստաթղթերի կազմում, կազմակերպությունների կողմից հիմնադրվող ձեռնարկությունների և այլ կազմակերպությունների կանոնադրությունների և այլ փաստաթղթերի կազմում, պայմանագրերի կազմում, օրենսդրական ակտերի տրամադրում և այլն:

 

բ) Ծրագրի գրասենյակում ուսանող-իրավաբանների պրակտիկայի կազմակերպում, նրանց պրակտիկ աշխատանքային ունակությունների ուսուցում: Ծրագրի ընթացքում ՀՀ չորս բուհերի մի շարք ուսանող-իրավաբաններ ու երիտասարդ իրավաբաններ ծրագրի գրասենյակում անցան տեսական դասընթաց, որը նվիրված էր փաստաբանական գործունեության իրավական կարգավորմանը, փաստաբանական ծառայությունների կազմակերպմանը, փաստաբանական էթիկայի խնդիրներին, փաստաբանական ծառայությունների կազմակերպման միջազգային փորձին և այլն, ծանոթացան ՀՀ օրենսդրության համակարգչային ծրագրին: Ուսանողները մասնակցում էին նաև գրասենյակի իրավաբանների կողմից մատուցվող խորհրդատվությանը, ձեռք բերում պրակտիկ ունակություններ:

 

Ծրագրի շրջանակներում կազմակերպվեց երկու միջազգային սեմինար հետևյալ թեմաներով`

–      “Իրավաբանական ծառայությունների ստեղծումը և զարգացումը”,

–      “Հասարակական կազմակերպությունների գործունեության իրավական կարգավորումը”:

Սեմինարներին մասնակցեցին փորձագետներ Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Վրաստանից:
Ծրագրի արդյունքում անվճար իրավաբանական խորհրդատվություն ստացան շուրջ 250 հասարակական կազմակերպություններ և շուրջ 130 իրավաբան-ուսանողներ ու երիտասարդ իրավաբաններ ծրագրի գրասենյակում անցան տեսական համապատասխան դասընթաց ու պրակտիկա:
Ծրագիրն իրականացվել է 1997թ.-ի մայիսից մինչև 1998թ.-ի ապրիլը: Ծրագրի իրականացմանը աջակցել է Բրիտանահայ իրավաբանների միությունը` բրիտանական “Նոու Հաու” հիմնադրամի կողմից տրամադրված միջոցներով:

 

դ) “Անվճար իրավաբանական օգնության կենտրոններ”
Սույն ծրագրի շրջանակներում ՀՀ Վանաձոր և Գավառ քաղաքներում հիմնադրվեցին անվճար իրավաբանական օգնության և տեղեկատվության տարածման կենտրոններ: Կենտրոնները մատուցում էին հետևյալ ծառայությունները.

 

Ա) անվճար իրավաբանական խորհրդատվություն: Խորհրդատվությունն իրականացվում էր հետևյալ ձևերով.

– բանավոր խորհրդատվություն,

– գրավոր փաստաթղթերի կազմում,

– բանավոր խորհրդատվություն հեռախոսով,

– օրենքների և այլ իրավական ակտերի պարզաբանումներ:

 

բ) իրավաբանական տեղեկատվության տարածում.

Գրասենյակներում տեղադրված էր ՀՀ օրենսդրության համակարգչային համակարգը, որը ներառում էր ՀՀ ամբողջ օրենսդրական բազան և պարբերաբար թարմացվում էր: Հաճախորդներին անվճար տրամադրվում էր անհրաժեշտ օրենսդրական ակտեր:

 

Ծրագրի արդյունքում անվճար իրավաբանական խորհրդատվություն և տեղեկատվություն ստացան Լուռու և Գեղարքունիքի շուրջ 2500 բնակիչներ:
Ծրագիրն իրականացվել է 1999թ.-ի փետրվարից մինչև 2000թ.-ի փետրվարը: Ծրագրի իրականացմանը աջակցել է ԱՄՆ Տեղեկատվական ծառայությունը:

 

ե) “Իրավաբանական տեղեկատվության և ուսուցման կենտրոն”
Սույն ծրագրի շրջանակներում ՀԵԻԱ-ի կենտրոնական գրասենյակում ստեղծվեց իրավաբանական տեղեկատվության և ուսուցման ժամանակակից կենտրոն: Կենտրոնում համընդհանուր օգտագործման նպատակով ստեղծվեց իրավաբանական գրադարան` հագեցած ժամանակակից իրավաբանական գրականությամբ: Ներկայումս գրադարանում առկա է շուրջ 3000 գիրք` հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Գրականությունը ընդգրկում է իրավունքի բոլոր ճյուղերը և ենթաճյուղերը: Գրադարանում առկա են նաև բազմապիսի մասնագիտական ամսագրեր, տեղեկագրեր և այլ հրատարակություններ: Գրադարանը պարբերաբար համալրվում է նոր գրականությամբ և ամսագրերով: Կենտրոնի համակարգիչներում տեղադրված է ՀՀ օրենսդրության համակարգչային ծրագիրը, որը ընդգրկում է Հայաստանի ամբողջ օրենսդրական բազան (օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, միջազգային պայմանագրեր): Յուրաքանչյուր ամիսը մեկ ծրագիր են մուտքագրվում նոր ընդունված օրենսդրական ակտերը, ինպես նաև օրենսդրական փոփոխությունները: Կենտրոնում մշտապես գործում է ինտերնետային կապը: Կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են ՀՀ օրենսդրության տարբեր ոլորտներին վերաբերվող սեմինարներներ, դասընթացներ և քննարկումներ: Արդեն իրականացվել են ՀՀ Քաղաքացիական և Քաղաքացիական դատավարության օրենսգրքերին նվիրված մի շարք դասընթացներ, որոնց մասնակցել են մի քանի հարյուր երիտասարդ իրավաբաններ: Կենտրոնի ռեսուրսներից և ծառայություններից մինչ այժմ օգտվել են մի քանի տասնյակ հազար հաճախորդներ: Ներկայումս կենտրոնում անց են կացվում Մարդու իրավունքներին և Եվրոպական իրավունքին նվիրված դասընթացներ: Կենտրոնում կազմակերպվում են նաև անգլերեն լեզվի և համակարգչային ուսուցման դասընթացներ: Կենտրոնի բոլոր ծառայությունները անվճար են:
Ծրագրի իրականացման արդյունքում ապահովվում է երիտասարդ իրավաբանների, ինչպես նաև ծրագրի ծառայություններից օգտվող մյուս անձանց մուտքը դեպի ժամանակակից իրավաբանական ռեսուրսներ, նրանց տրվում է իրավաբանական թարմ տեղեկատվություն, կատարելագործվում են նրանց մասնագիտական ունակությունները:
Ծրագրի իրականացումը սկսվել է 1999թ.-ի հուլիսից և շարունակվել մինչև 2000թ.-ի հուլիսը (ծրագիրը այնուհետև շարունակվել է մինչև 2003թ.-ի նոյեմբերի 30-ը): Ծրագրի իրականացմանը աջակցել են “Քորդեյդ” հոլանդական կազմակերպությունը և Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության Հայաստանյան գրասենյակը:

 

զ) “Անվճար իրավաբանական օգնության կենտրոն”
Սույն ծրագրի շրջանակներում ՀՀ Կապան քաղաքում հիմնադրվեց անվճար իրավաբանական օգնության և տեղեկատվության տարածման կենտրոն: Կենտրոնը մատուցում էր հետևյալ ծառայությունները.

 

Ա) անվճար իրավաբանական խորհրդատվություն: Խորհրդատվությունն իրականացվում էր հետևյալ ձևերով.

– բանավոր խորհրդատվություն,

– գրավոր փաստաթղթերի կազմում,

– բանավոր խորհրդատվություն հեռախոսով,

– օրենքների և այլ իրավական ակտերի պարզաբանումներ:

 

բ) իրավաբանական տեղեկատվության տարածում.

Գրասենյակներում տեղադրված էր ՀՀ օրենսդրության համակարգչային համակարգը, որը ներառում էր ՀՀ ամբողջ օրենսդրական բազան և պարբերաբար թարմացվում էր: Հաճախորդներին անվճար տրամադրվում էր անհրաժեշտ օրենսդրական ակտեր:

Ծրագիրն իրականացվել է 1999-2000 թվականներին: Ծրագրի իրականացմանը աջակցել է գերմանական “GTZ” կազմակերպությունը:

 

է) “Իրավական դաշտը և իրավաբանական տեղեկատվությունը, որպես անկանոն միգրացիայի կասեցման հիմնական նախապայման”
Սույն ծրագրի շրջանակներում իրականացվեցին հետևյալ աշխատանքները.

– ուսումնասիրվեց միգրացիայի ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրական դաշտը,

– ուսումնասիրվեց շուրջ տասը երկրի միգրացիոն օրենսդրությունը,

– կատարված ուսումնասիրությունների արդյունքում պատրաստվեցին և հրատարակվեցին տեղեկատվական թերթիկներ, որոնք տարածվեցին բնակչության շրջանում:

Ծրագրի իրականացման արդյունքում ուսումնասիրվեց Հայաստանի և շուրջ տասը այլ երկրների միգրացիոն օրենսդրությունը, որոնք համակարգված տեսքով հրատարակվեցին և տարածվեցին բնակչության շրջանում` դրանով իսկ նպաստելով իրազեկմանը միգրացիոն օրենսդրության վերաբերյալ:
Ծրագիրն իրականացվել է 2000թ.-ի ապրիլից մինչև 2000թ.-ի օգոստոս ամիսը: Ծրագրի իրականացմանը աջակցել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:

 

ը) “Տարածաշրջանային իրավական տեղեկատվական խորհրդատվական կենտրոններ”
Սույն ծրագրի շրջանակներում`

– Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի տարածաշրջանային գրասենյակները համալրվեցին ժամանակակից տեխնիկական միջոցներով և մասնագիտական գրականությամբ,

– Ծրագրի ղեկավարի և փորձագետների կողմից պատրաստվեց և երկու անգամ հրատարակվեց “Անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման և տեղեկատվության տարածման կենտրոններ” ձեռնարկը,

– Ծրագրի փորձագետների կողմից իրականացվեց ուսուցում, որին մասնակցեցին անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտում ներգրավված շուրջ 20 կազմակերպություններ:

Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում բարձրացավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի տարածաշրջանային գրասենյակների տեխնիկական միջոցներով և մասնագիտական ռեսուրսներով համալրվածության մակարդակը, անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտում ներգրավված կազմակերպությունների համար ստեղծվեց ձեռնարկ, որը հետագայում, ուսուցումների ձևով, մատուցվեց այդ ոլորտում աշխատող կազմակերպություններին:
Ծրագիրն իրականացվել է 2000թ.-ի օգոստոսից մինչև 2001թ.-ի մայիս ամիսը: Ծրագրի իրականացմանը աջակցել է “Քեմոնիքս Ինթերնեյշնըլ ինք.”-ը` ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված միջոցներով:

 

թ) “Քաղաքացիների խորհրդատվական բյուրոներ”
Սույն ծրագրի շրջանակներում իրականացվեցին հետևյալ աշխատանքները.

– Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Երևանի կենտրոնական գրասենյակը, ինչպես նաև Վանաձորի և Գավառի տարածաշրջանային գրասենյակները անվճար իրավաբանական խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ մատուցեցին բնակչությանը, բնակչության իրավական իրազեկմանն ուղղված հեռուստահաղորդումներ կազմակերպվեցին Վանաձորի և Գավառի տեղական հեռուստաընկերություններով,

– բնակչության համար մատչելի լեզվով պատրաստվեցին և հրատարակվեցին ՀՀ օրենսդրության տարբեր ոլորտների վերաբերվող 14 անուն տեղեկատվական թերթիկներ, որոնք տարածվել են բնակչության շրջանում,

– կազմակերպության պատվերով, բնակչության իրավաբանական կարիքները պարզելու նպատակով, անցկացվեց սոցիոլոգիական հարցում, որի արդյունքները հրատարակվեցին “Անվճար իրավաբանական ծառայությունները Հայաստանում” ուսումնասիրության մեջ,

–      ծրագրի աշխատակիցների կողմից անցկացվեց ուսումնասիրություն ՀՀ-ում գործող և անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և նրանց ծառայությունների աշխարհագրության վերաբերյալ, որի արդյունքները հրատարակվեցին առանձին գրքով` “Անվճար իրավաբանական ծառայությունները Հայաստանում” վերնագրով,

–      կազմակերպության տարածաշրջանային հինգ գրասենյակների (Վանաձոր, Գյումրի, Կապան, Գավառ, Գորիս) կողմից իրականացվեցին շրջիկ իրավաբանական անվճար ծառայություններ` վերոնշյալ տարածաշրջանների այլ բնակավայրերի բնակիչների համար:

Ծրագրի գրասենյակները իրենց գործունեությամբ նպաստեցին համապատասխան տարածաշրջաններում բնակչության իրավական իրազեկմանը և խորհրդատվության մատուցմանը, ուսումնասիրվեց ՀՀ ազգաբնակչության իրավական կարիքները և այդ կարիքների բավարարմանը կոչված կազմակերպությունների գործունեությունը:
Ծրագիրն իրականացվել է 2000թ.-ի սեպտեմբերից մինչև 2001թ.-ի հուլիս ամիսը: Ծրագրի իրականացմանը աջակցել է Մեծ Բրիտանիայի Անկախ խորհրդատվական կենտրոնների դաշնությունը` Մեծ Բրիտանիայի Միջազգային Զարգացման դեպարտամենտի կողմից տրամադրված միջոցներով:

 

ժ) “Ապաստանի հիմնադրումը և ազգային ունակությունների ուժեղացումը
Սույն ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները.

– պետական և ոչ պետական մարմիններում, մասնավորապես դատարաններում իրականացվել է փախստականների իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն` կապված կացարաններից նրանց վտարման, բնակարանային, աշխատանքային և քաղաքացիաիրավական այլ բնույթի հարցերի հետ,

– իրականացվել է ապաստան հայցողների` ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքների պաշտպանություն, կապված նրանց` ՀՀ տարածք մուտք գործելու, ինչպես նաև փախստականի կարգավիճակ ստանալու ընթացակարգի հետ,

– փախստականներին և ապաստան հայցողներին տրվել է բանավոր իրավախորհրդատվություն (օրենսդրության պարզաբանումներ և մեկնաբանություններ), կազմվել են գրավոր փաստաթղթեր (դիմումներ, հարցումներ, տեղեկանքներ, հայցադիմումներ),

– փախստականների վերաբերյալ միջազգային իրավական ակտերի և ՀՀ ներպետական օրենսդրության թեմաներով` իրավաբանների և իրավաբան-ուսանողների համար կազմակերպվել և անց են կացվել ուսուցման և վերապատրաստման դասընթացներ,

  • վարվել է ծրագրի շահառու փախստականների դատական և ոչ դատական գործերի վերաբերյալ տվյալների բազան:

Ծրագրի իրականացման ընթացքում անվճար իրավաբանական և փաստաբանական ծառայություններ են մատուցվել շուրջ 100 փախստականների և ապաստան հայցողների, անց է կացվել դասընթացների չորս շարք, որոնց մասնակցել են 55 իրավաբաններ և իրավաբան-ուսանողներ:
Ծրագիրն իրականացվել է 2000թ.-ի ապրիլ ամսից մինչև 2000թ.-ի դեկտեմբերի վերջը: Ծրագրի իրականացմանը աջակցել է ՄԱԿ-ի Փախստականների Գերագույն Հանձնակատարի հայաստանյան գրասենյակը:

 

ի) “Իրավական տեղեկատվության և օգնության տարածաշրջանային կենտրոններ”
Սույն ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները.

– Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Կապանի, Գյումրիի և Գորիսի տարածաշրջանային գրասենյակները անվճար իրավաբանական խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ են մատուցել բնակչությանը,

– Կապանի, Գյումրիի և Գորիսի տեղական հեռուստաընկերություններով կազմակերպվել են “Մենք և մեր իրավունքները” խորագրով 16-ական հեռուստահաղորդումներ, որոնց ընթացքում բնակչության առավել հուզող թեմաների իրավական կարգավորման վերաբերյալ պարզաբանումներ և մեկնաբանություններ էին արվել գրասենյակի իրավաբանի և համապատասխան պետական մարմնի ներկայացուցչի կողմից:

Ծրագրի գրասենյակները իրենց գործունեությամբ նպաստեցին համապատասխան տարածաշրջաններում բնակչության իրավական կարիքների բավարարմանը` իրականացնելով իրավական իրազեկման և խորհրդատվության մատուցման աշխատանքներ, հեռարձակվեցին իրավական թեմաներով հեռուստահաղորդումներ:
Ծրագրի իրականացման ընթացքում անվճար իրավաբանական ծառայություններ են մատուցվել ավելի քան 7000 անձի, հեռարձակվել է 48 հեռուստահաղորդում:
Ծրագիրն իրականացվել է 2000թ.-ի հոկտեմբերից մինչև 2001թ.-ի հոկտեմբեր ամիսը: Ծրագրի իրականացմանը աջակցել է “Եվրասիա” հիմնադրամը` ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված միջոցներով:

 

լ) “Ֆիլիպ Ջեսափի դատական գործի միջազգային մրցույթ
Սույն ծրագրի շրջանակներում կազմակերպվել է մրցույթ, որին մասնակցել են Հայաստանի իրավաբանական բուհերի թիմեր: Հաղթող թիմը 2001թ.-ի սկզբին Վաշինգտոնում մասնակցել է մրցույթի եզրափակիչ փուլին:
Ծրագիրն իրականացվում է 2000թ.-ից: Ծրագրի իրականացմանը աջակցել է Ամերիկայի Իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության Հայաստանյան գրասենյակը` ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված միջոցներով:

 

խ) “Հարավային Կովկասի երկրներում տեղական ինքնակառավարման ինստիտուտի մոնիտորինգ”
Սույն ծրագրի հիմնական նպատակն էր նախապատրաստել Հարավային Կովկասի երկրներում Տեղական ինքնակառավարման ինստիտուտի մոնիտորինգի վերաբերյալ մեծ ծրագիր, որը կիրականացվի Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Կովկասի իրավաբանների միության (Վրաստան) և Ադրբեջանի իրավաբանների միության կողմից:
Վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչների անմիջական շփումների և հանդիպումների արդյունքում մշակվեցին ապագա մեծ ծրագրի ընդհանուր սկզբունքները ու պատրաստվեց Հարավային Կովկասի երկրներում Տեղական ինքնակառավարման ինստիտուտի մոնիտորինգի վերաբերյալ ծրագրի առաջարկը:
Ծրագիրն իրականացվել է 2000թ.-ին: Ծրագրի իրականացմանը աջակցել է “Եվրասիա” հիմնադրամը` ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված միջոցներով:

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում