Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Պատմական ակնարկ

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1995թ.-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների և երիտասարդ իրավաբանների կողմից: Այն ՀՀ արդարադատության նախարարությունում, որպես հասարակական կազմակերպություն, գրանցվել է 1995թ. մարտի 14-ին: 1997թ.-ի մայիսի 23-ին, 1999թ.-ի դեկտեմբերի 14-ին և 2002թ.-ի դեկտեմբերի 27-ին վերագրանցվել է:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ստեղծման հիմնական նպատակն էր համախմբել նոր սերնդի իրավաբանների ներուժը և աջակցել Հայաստանի կայացմանը, որպես անկախ, ժողովրդավարական, իրավական պետություն: Հիմնադրվելուց հետո Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ակտիվորեն ներգրավվեց Հայաստանի հասարակական կյանքում, նպատակ ունենալով իրականացնել իր առջև դրված խնդիրները: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի առաջին գործունեությունը նվիրված էր Հայաստանի օրենքների պարզաբանումներին և քարոզչությանը, որից հետո կազմակերպությունը իրականացրեց ծրագրեր` ուղղված հասարակական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտի ստեղծմանը, ինչպես նաև` հասարակական կազմակերպություններին իրավական աջակցության ցուցաբերմանը: Այնուհետև Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի ծրագրերն ուղղվեցին սոցիալապես անապահով բնակչությանը անվճար իրավաբանական ծառայությունների մատուցմանը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը: Ստեղծման պահից Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան մեծ կարևորություն է տալիս երիտասարդ իրավաբանների մասնագիտական կարողությունների զարգացման համար պայմանների ստեղծմանը: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ստեղծեց իրավաբանական ռեսուրսների կենտրոն` բաղկացած ժամանակակից իրավաբանական գրադարանից, ժամանակակից համակարգչային տեխնիկայից, կապի միջոցներից և այլ ռեսուրսներից: Սկսած 1999թ.-ից, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան սկսեց ակտիվորեն աշխատել մարզերում` ստեղծելով իր տարածքային գրասենյակները Վանաձորում, Գավառում, Գյումրիում, Կապանում, Գորիսում և Իջևանում:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան ունի բազմաթիվ տեղական և միջազգային կապեր, բազում գործընկերներ թե’ Հայաստանում և, թե’ արտերկրում: 1998թ.-ից կազմակերպությունն անդամակցում է Երիտասարդ իրավաբանների եվրոպական ասոցիացիային: Գործընկերային հարաբերություններ են հաստատվել մի շարք միջազագային կազմակերպությունների հետ: 2001թ.-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ ստեղծվեց անվճար իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների կոալիցիան, որին անդամակցում են 15 կազմակերպություններ:

2000թ.-ից սկսած Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան կազմակերպում է «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը: Մրցույթը կազմակերպվում է 1959թ-ից` աշխարհի շուրջ 80 երկրներում` Իրավաբան Ուսանողների Միջազգային Ասոցիացիայի (ILSA) կողմից:

2004թ.-ին հիմնադրվեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Իրավաբան ուսանողների բաժանմունքը: Այն իր գործունեության շրջանակներում կազմակերպում է մի շարք միջոցառումներ և գիտաժողովներ` իրավաբան ուսանողների մասնագիտական գիտելիքների զարգացման, նրանց ինքնակազմակերպման ու հետազոտությունների կատարմանը խթանելու նպատակով: 2006թ.-ի հունիսից ՀԵԻԱ-ն հրատարակում է ամենամսյա Իրավաբանական լրատուն, որը տրամադրվում է իրավաբաններին, փաստաբաններին, դատավորներին և այլ շահագրգիռ կառույցների:

2006թ.-ին ՀԵԻԱ-ի մասնակցությամբ հիմնադրվել է միջնորդության ծրագիր և միջնորդ դատարան:
2007-ին ՀԵԻԱ-ն անցավ արտաքին անկախ գնահատում և մշակեց ու գործողության մեջ դրեց իր երկարաժամկետ` 2007-2013թթ. Ռազմավարական պլանը:

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում