Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում

30.11.2009 | 13:11

 

Երևան

«Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում»

Սույն թվականի նոյեմբերի 27ին, ժամը 11:00-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում (ք. Երևան, Նալբանդյան 7, բն. 2) տեղի ունենավ «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական վեցերորդ գիտաժողովի եզրափակիչ՝ բանավոր փուլը:

 

Գիտաժողովը կազմակերպվել էր ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ իրավաբանական ընկերության, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից: Գիտաժողովի նպատակն էր բարձրացնել իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը փաստաբանության ոլորտում, ապահովել նրանց մասնակցությունը փաստաբանական ինստիտուտի կայացման գործընթացում: Իրավաբան ուսանողներն իրենց զեկույցներում փորձեցին իրենց ուրույն լուծումներն առաջարկել և նախանշել փաստաբանության զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում: Գիտաժողովի նպատակներից էր նաև խթանել այդ բնագավառում երիտասարդ իրավաբանների կողմից մասնագիտական հետազոտությունների իրականացումը:

Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 49 ուսանողներ՝ Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 23 իրավաբան ուսանողներ: Ներկայացված հինգ լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցել բանավոր փուլին, որի ընթացքում հանդես եկան իրենց զեկույցներով: Զեկուցողները բանավոր փուլի ընթացքում ներկայացրեցին իրենց աշխատանքները, որոնցում անդրադարձել էին փաստաբանական ինստիտուտին, գործող օրենսդրությանը, վեր էին հանել դաշտում առկա թերություններն ու բացթողումները՝ առաջարկելով իրենց տեսակետները դրանց վերացման ուղղությամբ: Երիտասարդ իրավաբանների ելույթները գնահատվում էին հեղինակավոր փաստաբաններից կազմված ժյուրիի կողմից, որոնց թվում էին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը, փաստաբաններ Վրեժ Գասպարյանը, Արթուր Գրիգորյանը և Տիգրան Աթանեսյանը:

«Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական վեցերորդ գիտաժողովի «Լավագույն գրավոր զեկույց» մրցանակին արժանացավ Մենեջմենթի համալսարանի Գյումրու կրթահամալիրի 4-րդ կուրսի ուսանողուհի Սիրուշ Մուրադյանը: Գիտաժողովի երրորդ մրցանակին արժանացավ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Տաթևիկ Դալլաքյանը: Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանի երրորդ կուրսի ուսանողուհի Մարինե Քոչարյանը արժանացավ երկրորդ մրցանակին: ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանի կողմից սահմանված հատուկ մրցանակին արժանացավ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Տաթևիկ Դալլաքյանը: Իսկ գիտաժողովի հաղթող և լավագույն հռետոր ճանաչվեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիաննա Առուստամյանը: Գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ և համապատասխան հավաստագրեր: Գրավոր փուլի մյուս մասնակիցները ևս արժանացան մասնակցության հավաստագրերի:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել գիտաժողովի կազմակերպիչներին՝ աշխատանքային օրերին, ժամը 9.00-18.00; հեռ. 540199; ֆաքս 580299; URL http://www.ayla.am:

Կատարող՝ Նարինե Կարապետյան, հեռ. 540199; Էլ.փոստ` [email protected]:

Leave a Reply

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում