Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Մեկնարկեց Եվրոպական իրավունքի 3-րդ աշնանային դպրոցը

28.09.2015 | 16:09

Եվրոպական իրավունքի աշնանային դպրոցը մեկնարկում է արդեն երրորդ անգամ: Այսօր՝ Աղվերանում դպրոցի բացումը տրվեց Հայաստանում Գերմանիայի Դաշնության Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի խոսքով:

«Մարդու իրավունքների պաշտպանությունը Գերմանիայի արտաքին քաղաքականության կրող հենասյուներից մեկն է: Սահմանադրական բարեփոխումները կիսանախագահականից խորհրդարանական մոդելին անցում կատարելու համար չեն, այլ նաև հիմնարար իրավունքների մի ամբողջ շարանի արմատավորում են Հայաստանի Սահմանադրության մեջ: Ես լսել եմ, որ նոր սահմանադրության նախագծի մեջ ընդգրկված է նման հիմնարար իրավունքների մի հոծ զանգված, ուստի շատ կարևոր է, որ դուք զբաղվում եք մարդու իրավունքներին առնչվող դրույթներով»,- ասաց դեսպանը:

Եվրոպական իրավական արժեքները, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, իրավական պետությունը, օրենքի գերակայությունը, անկախ դատական համակարգը և  մի շարք այլ կարևոր իրավական արժեքներ այսօր առանձնահատուկ կարևոր են մեր երկրի` Հայաստանի Հանրապետության զարգացման համար: Իր բացման խոսքում շեշտեց ՀԵԻԱ նախագահ, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Զադոյանը:

«Եվ այս առումով շատ կարևոր է, որ այս տարվա եվրոպական իրավունքի աշնանային դպրոցի խորագիրն է. Մարդու իրավունքների պաշտպանությունը, խորագիր, որը այսօր շատ արդիական է»,- նշեց պարոն Զադոյանը:

Նա Եվրոպական իրավունքի աշնանային դպրոցի մասնակիցներին մաղթեց բեղմնավոր և արդյունավետ աշխատանք. «Խնդրում եմ ամենայն պատասխանատվությամբ, բարեխղճությամբ, ջանասիրությամբ մոտենաք դպրոցին, ձեր առջև դրված խնդիրներին և մաքսիմալ կերպով քաղեք նոր գիտելիքներ, հմտություններ, տեղեկատվություն և փորձ»,- ասաց ՀԵԻԱ նախագահը:

Բացման խոսքով հանդես եկավ նաև ՄԻՀ (IRZ) ծրագրերի մենեջեր Մայքե Ռուլիգը: Ավելի ուշ նա ասաց, որ խիստ կարևորում է երիտասարդ իրավաբանների հետ աշխատանքը, ովքեր պետք է կերտեն մեր երկրի ապագան. «Այսօր դրականորեն աչքի զարնեց հենց այն հանգամանքը, որ հենց առաջին դասախոսությունից հետո հաջորդեցին բազմաթիվ հետաքրքրված հարցեր, որը ցույց տվեց՝ և՛ միջոցառումն է երիտասարդներին հետաքրքրել, և՛ նրանք բերել են իրենց հետաքրքրվածությունը»:

Ինչպես արդեն նշել ենք Եվրոպական իրավունքի դպրոցն անցկացվում է արդեն երրորդ անգամ, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը, ով այսօր Մարդու իրավունքների պաշտպանությունը Եվրոպայում թեմայով դասախոսությամբ հանդես եկավ, ավելի ուշ անդրադառնալով այս հանգամանքին, նշեց. «Դպրոցի դերն անգնահատելի է, մասնակիցները հնարավորություն են ստանում ունկնդրել հայ և գերմանացի փորձագետների դասախոսությունները, ծանոթանալ տարբեր տեսակետների, բացի այդ, այն ունի նաև ինտերակտիվ բաղադրիչ, դասախոսություններից զատ լինում են այցելություն մշակութային օջախներ, խաղեր և սպորտային միջոցառումներ, այսինքն՝ մասնագիտականը զուգակցվում է մշակութայինի հետ»:

Աշնանային դպրոցը տևելու է 5 օր, այն կավարտվի հոկտեմբերի 2-ին, Եվրոպական իրավունքը կդասավանդվի նաև գերմանացի դասախոսների միջոցով: Այսօր դասախոսությամբ հանդես եկավ նախկինում Գերմանիայի Դաշնային վարչական դատարանի նախագահող դատավոր պարոն Օտտո Մալլմանը, թեման՝ «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տրամաբանական հետևանքները ազգային դատարանների համար»:

«Ես կփորձեմ այստեղ կիսվել իմ փորձով և գիտելիքներով երիտասարդ մասնակիցների հետ, ինձ համար անչափ կարևոր է նաև, թե ինչ կարծիք ունեն երիտասարդ իրավաբանները և առհասարակ՝ ինչպիսի կարծիք է ձևավորվել Հայաստանում»,- ավելի ուշ ասաց պարոն Մալլմանը:

Այս դպրոցին մասնակցում են ոչ միայն ուսանողներ, այլ նաև երիտասարդ իրավաբաններ, փաստաբաններ և անգամ ուսուցիչներ: Մասնակիցներից Նարինե Պետրոսյանը պատմություն և իրավագիտություն է դասավանդում դպրոցում. «Մարդ միշտ պետք է ձգտի ավելիին: Մեր դասապրոցեսի շրջանակներում միջազգային իրավունքն են աշակերտները ուսումնասիրում, որի մեջ մտնում է նաև եվրոպական իրավունքը»:

Հայկ Բարսեղյանն աշխատում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, նա պատրաստվում է գիտելիքները կիրառել իր ոլորտում. «Աշնանային դպրոցը մի հարթակ է բարձրացնելու բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը, այդ թվում՝ նաև հարթակ է՝ ներմուծելու եվրոպական այն արժեքները, որոնք մեր երկրում դեռևս այդչափ կարգավորված չեն կամ ընդհանրապես գոյություն չունեն»,- ասաց մասնակիցը:

Եվրոպական իրավունքի աշնանային դպրոցը կազմակերպիչներն են Միջազգային իրավական համագործակցության Գերմանական հիմնադրամը, Հայաստանի Իրավաբանական Հիմնադրամը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:

2013 թվականի Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի ամփոփմանը կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ 2014 թվականի Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի ամփոփմանը` այստեղ:

Իրավաբան.net

Comments are closed.

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում