Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Հուսով ենք, 2016-ին կստեղծվի հակակոռուպցիոն անկախ մարմինը. ԵՄ ներկայացուցիչ

17.10.2015 | 00:10

Հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումն ու կայացումը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի առաջնային նպատակներից մեկն է, և նախատեսվում է, որ գոնե 2016 թվականի վերջին կունենանք նման կառույց. այս մասին այսօր Գյումրիում կայացած հակակոռուպիցոն միջոցառման ժամանակ ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրերի ղեկավար Ալեսանդրո Զանոտան:

«ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարություն. մարտահրավերներ» խորագիրն ունեցող հակակոռուպիցոն միջոցառումը կազմակերպվել էր «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» եռամյա ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության և ԵԱՀԿ-ի կողմից և իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ միասին:

ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ այս տարվա փետրվարի 19-ին կառավարության որոշմամբ ստեղծվել է հակակոռուպցիոն խորհուրդը, իսկ օրեր առաջ էլ ընդունվեց նոր` 2015-2018թթ. նոր հակակոռուպցիոն ռազմավարությունը: Առ այսօր դեռևս քաղաքացիական հասարակությունը ներկայացված չէ հակակոռուպցիոն խորհրդում. ՔՀԿ-ների համար խորհրդում հատկացված երկու տեղերը համալրված չեն:

Ալեսանդրո Զանոտան միջոցառման մասնակիցներին ներկայացրեց հակակոռուպիցոն ոլորտում Եվրամիության կողմից իրականացված գործողությունները և դրանց արդյունքում գրանցված դրական առաջընթացը, որում մեծ ներդրում ունեն նաև ՔՀԿ-ները: Այս տարվա ընթացքում գերակա խնդիրներ են եղել հակակոռուպցիոն ռազմավարության հաստատումը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի  անկախության հարցը, տեղեղկատվություն հայտնող անձանց խրախուսման և պաշտպանության օրենսդրական մեխանիզմների մշակումը և այլն: Թիրախային խնդիր է նաև հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումն ու կայացումը, որին նախատեսվում է հասնել հաջորդ տարվա վերջում: 

Ա. Զանոտայի խոսքով, որպես դրական կարելի է գնահատել այն, որ կառավարությունում կա հակակոռուպցիոն բարեփոխումներին աջակցող անձ, ով արդարադատության փոխանախարար Սուրեն Քրմոյանն է: Հաստատվել է հակակոռուպցիոն ռազմավարությունը (թեև նշում է նաև, որ խորությամբ դեռևս չի ծանոթացել փաստաթղթին և դրա բովանդակության վերաբերյալ խոսել չի կարող), Եվրամիությունը հակակոռուպցիոն պայքարի այս գործընթացում խոշորագույն դրամատուն և առաջանորդ է համարվում, ՔՀԿ-ների և լրատվամիջոցների համագործակցությունը մեծ է հակակոռուպցիոն միջոցառումների ժամանակ:

Բացասական է գնահատվում այն, որ արդյունավետ բարեփոխումները բավականին երկար տարիներ են պահանջել, թույլ է համագործակցությունը միջազգային խոշոր կազմակերպությունների միջև (USAID, UNDP, GIZ), հայաստանյան ՔՀԿ-ները «հոգնում» են, երբ երկարատև պայքարն արդյունավետ չի լինում, նաև ՔՀԿ-ները չեն համախմբվում` խնդիրների լուծման համար:

Ծրագրի տեղական փորձագետ, փաստաբան Մարատ Ատովմյանը ներկայացրեց հակակոռուպցիոն պայքարում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները: Այս մարտահրավերներից լրջագույններից մեկը անկախության բացակայությունն է. մասնավորապես, Հայաստանում ստեղծված հակակոռուպցիոն մարմնի ղեկավարը ՀՀ վարչապետն է և դրան անդամակցում են գլխավոր դատախազը, նախարարներ և այլն, իսկ ՔՀԿ-ների համար նախատեսված է ընդամենը երկու տեղ այդ խորհրդում:

«Նույնիսկ այնպիսի երկրներում, որտեղ կոռուպցիան նվազագույնի է հասցված, օրինակ, Սինգապուրում, Հոնգ Կոնգում, Հարավային Կորեայում, շարունակում են գործել հակակոռուպցիոն անկախ մարմինները: Եվ նրանք չեն ասում, որ եթե մենք որոշակի հաջողության հասել ենք մեզ այլևս պետք չեն այդ կառույցները»,- ասաց Մ. Ատովմյանը:

Քարլ Ուլբրիխտը ներկայացրեց հակակոռուպցիոն ռազմավարության կատարմանն ուղղված փոփոխությունների վերաբերյալ առաջարակություններ, ինչպեսև կատարման վերահսկողության մեթոդները: Օրինակ,  փորձագետը խոսեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ռեսուրսներն ընդլայնելու, ինչպեսև պաշտոնատար անձանց գույքի ու եկամուտների հայտարարագրման համակարգի բարելավման մասին:

Նա նշեց, որ հանձնաժողովի պաշտոնական կայքի հենց առաջին էջի լուսանկարում պատկերված են հանձնաժողովի անդամներն ու ՀՀ նախագահը` խորհրդակցության ժամանակ: Սա ամենապարզ վկայություններից կարող է լինել, որ այս հանձնաժողովն անկախ մարմին չէ:

Իրավաբան.net մասնագիտացված անկախ լրատվական կայքի լրագրող Աստղիկ Կարապետյանն էլ ներկայացրեց, թե ինչպես տվյալների հետաքննության միջոցով վերահսկել հակակոռուպցիոն ռազմավարության կատարման ընթացքը, արդյունավետությունը: ՀԵԻԱ ռեգիոնալ համակարգող, փաստաբան Գայանե Գևորգյանն էլ ներկայացրեց ռազմավարության կատարման ընթացքի դիտորմանն ուղղված հակակոռուպցիոն կոալիցիայի մրազհային ՔՀԿ-ների գործունեությունը:

Comments are closed.

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում