Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Շրջայց ոստիկանության համակարգում, հետաքրքիր հարցեր և լեզուների իմացության ստուգում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

19.11.2015 | 13:11

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրներն այսօր եղան ոստիկանության համակարգում: Նախ նրանք ոստիկանության կենտրոնական ապարատում հանդիպեցին համակարգի ներկայացուցիչներին:

ՀՀ ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Լիանա Ամիրխանյանը ներկայացրեց ոստիկանական համակարգում կատարված բարեփոխումները: Նա ասաց, որ վերջին տարիներին ոստիկանությունն ընտրել է խորքային բարեփոխումների ուղի` նպատակ ունենալով փոխել ծառայությունների և ծառայողների մասնագիտական պատրաստվածության որակը. «Ունեցել ենք երկու ծրագրեր, որոնք արդեն ավարտել ենք, այժմ իրականացնում ենք 2015-2017թթ. բարեփոխումների ծրագրերը»,- ասաց տիկին Ամիրխանյանը, նա նաև հավելեց, որ հանրապետության ողջ տարածքում արդեն ներդրվել է համայնքային ոստիկանության մոդելը. «Պետք է փոխվեր գործելաոճը, շփումը քաղաքացիների հետ, Երևան քաղաքում ունենք 11 հենակետեր, նախատեսվում է հաջորդ տարվա ավարտին 40-ի հասցնել»,- ասաց նա:

Մասնակցները հարցեր ուղղեցին համակարգում կոռուպցիոն ռիսկերի, տեսանկարահանող սարքերի և երթևեկության անվտանգության ապահովման վերաբերյալ:

Վերջին 9 ամիսների ընթացքում Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության կողմից բացահայտվել են 26 կաշառակերության դեպքեր: Այս մասին ունկնդիրների հետ հանդիպմանն ասաց Կոռուպցիայի դեմ պայքարի բաժնի պետ, վարչության պետի տեղակալ Գրիգոր Նիկողոսյանը: Ըստ նրա շատ հաճախ դժվարանում է կոռուպցիայի բացահայտումը քաղաքացիների գործողությունների արդյունքում. «Քաղաքացին ոչ միշտ է արձագանքում, հաշվի առնելով հոգեբանական հանգամանքները և այլն, ուստի իրավական պատկերը խեղաթյուրվում է ու չենք կարողանում արդյունավետ պայքար տանել»:

Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանն անդրադարձավ պատահարներին, նա ներկայացրեց 2014թ. վիճակագրությունը, ըստ նրա՝ այդ տարի արձանագրվել է 3156 ՃՈ պատահար, որոնց հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ. «Արդյունքում ունեցել ենք 297 զոհ և 4479 վիրավոր: Այս տարի նախորդ տարվա հետ համեմատ պատահարների և վիրավորների քանակն աճել է, սակայն զոհերի թիվը էապես նվազել է, այսինքն՝ 19 զոհ պակաս ենք ունեցել նախորդ տարվա ցուցանիշից»,- նշեց պարոն Չիլինգարյանը:

Հաջորդ այցը Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն էր, որի պետը՝ ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը մանրամասն ներկայացրեց վարչության գործունեությունը և բարեփոխումների ընթացքը:

«Կոռուպցիայի դեմ պայքարը նաև տարվում է այն ուղղությամբ, որ իրավական անորոշությունը վերացվի, մեր դեպքում այս խնդիրները հասցրվել են նվազագույնին, մեկ աշխատանքային օրվա ընթացքում անձը կարող է ստանալ հանրային ծառայությունների համարանիշ, մենք փորձել ենք հնարավորինս դյուրինացնել մյուս ընթացակարգերը: Երևան քաղաքի բոլոր անձնագրային բաժնում տեղադրված են տեսագրման սարքեր, քաղաքացին կարող է անմիջապես հետևել աշխատանքներին, սա կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն ծրագրերից մեկն է»,- հանդիպման ժամանակ ասաց պարոն Բիչախչյանը:

Այցելությունն այսքանով չավարտվեց, հաջորդը «Հրեշտակների» 4-րդ գումարտակ էր: Գեղամ Խաչատրյանի ուղեկցությամբ ունկնդիրները ծանոթացան գումարտակի գործունեությանը, դիտեցին վարժանքներ:

Գեղամ Խաչատրյանի խոսքերով՝ բացի ֆիզիկապես պատրաստվածությունից, այս գումարտակի ծառայողները նաև տիրապետում են էթիկայի կանոններին և տարբեր լեզուների: Այցի ընթացքում դպրոցի ունկնդիրները սեփական ուժերն էին փորձում ոստիկանների հետ՝ գերմաներենի և ֆրանսերենի իմացության հարցում:

Նշենք, որ այցելությունները կազմակերպվել էր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանի աջակցությամբ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Comments are closed.

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում