Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Հակակոռուպցիոն մրցանակներ՝ կոռուպցիայի դեմ պայքարողներին

10.12.2015 | 14:12

Այսօր հակակոռուպցիոն միջազգային օրվա առիթով «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան» եւ քաղաքացիական հասարակություն կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ եւ ԵԱՀԿ համաֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում հակակոռուպցիոն ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ մի քանի անվանակարգերով: «Տարվա քաղաքացի» հակակոռուպցիոն մրցանակը տրվեց Հայկանուշ Թութունջյանին: Այս տարեց կինը պայքարել է իր խախտված իրավունքների պաշտպանության համար: «Տարվա ԶԼՄ»-ն այս տարի «Սիվիլնեթ»-ն է՝ «Քո գրպանից» հաղորդաշարում պետական գնումների ոլորտում կոռուպցիոն խնդիրները վեր հանելու համար: «Տարվա լրագրող» անվանակարգում հակակոռուպցիոն մրցանակի արժանացավ «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանը՝ բիզնես ոլորտի կոռուպցիոն խնդիրները բարձրաձայնելու համար, իսկ «Տարվա բիզնես կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակը տրվեց «Դը Գրին Բին» սրճարանների ցանցին՝ բիզնես ոլորտի կոռուպցիոն խնդիրները բարձրաձայնելու համար:

«Տարվա երիտասարդ» մրցանակը տվեց Արդարադատության նախարարությունը՝ հակակոռուպցիոն տեսահոլովակի լավագույն սցենար մշակելու համար, մրցանակակիրը Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր Անի Սամսոնյանն էր: «Տարվա քաղաքացիական հասարակության կազմակերպություն» հակակոռուպցիոն մրցանակը տրվեց Ժամանակավոր անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությանը՝ մայրական իրավունքների պաշտպանության հարցում սկզբունքային դիրքորոշում եւ գործելակերպ ցուցաբերելու համար: Հակակոռուպցիոն միջազգային օրվա առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն ասաց, որ այս օրը նշելու համար հավաքվում են այն անձինք, որոնց համար շատ կարեւոր են հակակոռուպցիոն արժեքները, ազնվությունը, բարեխղճությունը»: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, որը եւս ներկա էր միջոցառմանն, ասաց. «ԵԱՀԿ գրասենյակը մեծ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը: Մենք նաեւ աջակցում ենք ՀԿ-ների ակտիվ մասնակցությանը բարեփոխումների մոնիթորինգի անցկացման գործում: Գրասենյակը նաեւ մասնակցում է կոռուպցիոն խնդիրների մասին իրազեկման բարձրացման տարբեր միջոցառումներին»: Միջոցառման մասնակիցներից՝  արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն էլ վստահեցրեց, որ նախարարության համար ամենակարեւոր խնդիրը եւ նպատակը, որ դրել էին այս տարի, հասարակության, բիզնեսի մասնակցությունն է կոռուպցիայի դեմ պայքարում. «Այս պայքարը ոչ միայն պետական մարմինների, այլ նաեւ ամբողջ հասարակության եւ յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է»: Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի խոսքերով էլ՝ «Կոռուպցիայի հիմնախնդիրների, դրա դեմ պայքարի ձեւերի, եղանակների մասին շատ է խոսվել: Մի կարեւոր հանգամանքի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել. բազմիցս շեշտել ենք, որ այս պայքարը հնարավոր է միայն հստակ ձեւավորված քաղաքական կամքի պայմաններում, ես հատուկ ուզում եմ այս մրցանակի կոնտեքստում ասել, որ այս կամքը չի վերաբերում բացառապես պետությանը. բոլոր այն կառույցները, ինստիտուտները, ովքեր պետք է ներգրավված լինեն կոռուպցիայի դեմ պայքարում՝ թե՛ պետությունը, լրատվամիջոցները, թե՛ անհատ քաղաքացիները, պետք է բոլորը կամքի հստակ արտահայտություն ունենան, որ այդ բոլոր քայլերն ու նպատակները կարողանան արդյունավետ կենսագործվել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/12/09/638047/

Comments are closed.

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում