Հայաստանի
երիտասարդ իրավաբանների ասոցիացիա

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձը քննարկվեց համատեղ աշխատաժողովի ժամանակ

17.12.2015 | 21:12

Դիտարկեք կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձն ու ընտրեք լավագույն լուծումը Հայաստանի համար: «Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի անկախ ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման հնարավորություններն ու մարտահրավերները» աշխատաժողովի ժամանակ ՀՀ քաղաքացիներին խորհուրդ էր տալիս Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:

«Քաղաքացիական հասարակության դերը այս գործընթացում բավականին կարևոր է, ոչ միայն կառավարության  վրա ճնշում գործադրելու, մոնիթորինգ ենթարկելու տեսակետից, այլ նաև ինտելեկտուալ աջակցության տեսանկյունից,- ասաց դեսպանը և հավելեց,- առանց հասարակական կարծիքը մոբիլիզացնելու շատ ավելի դժվար կլինի բավարար արդյունքներ արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում»:

Նա առաջարկեց դիտարկել նաև Լեհաստանի օրինակը՝ որպես հակակոռուպցիոն պայքարի լավագույն մոդել:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան  Անդրեյ Սորոկինը խոսեց միջազգային փորձից, շեշտեց կազմակերպությունների և պետական մարմինների բաց ու թափանցիկ գործելաոճի կարևորության մասին ու հույս հայտնեց, որ Հայաստանը կընտրի լավագույն տարբերակ:

«ԵԱՀԿ երևանյան գրասենյակը մեծ ուշադրություն է դարձնում հակակոռուպցիոն բարեփոխումներին Հայաստանում: Գրասենյակն կառավարությանը ներկայացվող իր օժանդակությունը տեսնում է նոր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մեջ: Մենք նաև խրախուսում ենք հասարակական կազմակերպություններին՝ բարեփոխումների իրականացման մշտադիտարկում անցկացնելու գործում»,- նշեց պարոն Սորոկինը:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը նշեց, որ վերջին տարիներին հասարակությունը զգում է և բարձրաձայնում կոռուպցիայի վտանգավորության մասին:

Իսկ այս տարի, պարոն Քրմոյանի փոխանցմամբ, առաջին անգամ կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվել է նաև բիզնես ոլորտը. «Շատ հետաքրքիր ազդակներ ունեցանք, մենք տեսանք նաև բիզնեսմենների կողմից պահանջարկ ու պատրաստակամություն պայքարել կոռուպցիայի դեմ, որը շատ կարևոր է»,- շեշտեց նա:

Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանը շեշտադրում արեց համատեղ պայքարի հարթակ ստեղծելու վրա. «Կոռուպցիայի դեմ պայքարի թերևս ամենաարդյունավետ միջոցը բոլոր շահագրգիռ կողմերի ուժերի մեկտեղումն է»,- ասաց նա:

Հայաստանի Հանրապետությունում անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման միջազգային լավագույն փորձը ներկայացրեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) նախագահ, ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի հիմնադիր անդամ Կարեն Զադոյանը, ՀԵԻԱ-ի կողմից գործարկվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ Քարլ Ուլբրիխտ և Մարատ Ատովմյանը՝ նույն ծրագրի տեղական փորձագետը:

«Մենք պետք է չխուսափենք լավագույն փորձն ուսումնասիրելուց, պետք է մեր հարևանների և տարածաշրջանի լավագույն փորձին ծանոթանալ»,- իր զեկույցում ասաց Կարեն Զադոյանը:

Նա նախ խոսեց միջազգային իրավական հենքից, այնուհետև անդրադարձավ լավագույն փորձին: Ներկայացրեց Հոնկոնգի կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովի գործունեությունը, այս մարմինը ստեղծվել է 1974թ.-ին  «Ինչո՞ւ ստեղծվեց այս մարմինը, որովհետև այնքան էր քաղաքական ու վարչական կոռուպցիան մարդկանց խեղդել»,- ի վերջո բնակչության համբերության բաժակը լցվում է, երբ հանրությունը սկսում է բարձրաձայնել ոստիկանության ավագ սպա Պետեր Գոդբերի ակտիվների մասին, նա տիրապետում էր 4 մլն 300 հազար դոլարի ակտիվների: Զգալով, որ իրավիճակը սրվում է այս պաշտոնյան դիմում է փախուստի, ինչն էլ բողոքի մեծ ալիք է բարձրացնում, որն էլ ստիպում է պատկան մարմիններին քայլեր ձեռնարկել ու պատասխանատվության կանչել նշյալ անձին:

Կարեն Զադոյանի խոսքերով ՝միջազգային փորձը ցույց է տալիս, որ առանց հասարակության աջակցության հակակոռուպցիոն մարմինները չեն կարող արդյունավետ պայքար ծավալել:

Բացի այդ նա ներկայացրեց ևս երկու երկրների փորձը, դրանցից առաջինը Մալազիայի հակակոռուպցիոն հանձնաժողովն է, որը հիմնադրվել է 2009 թվականին: Պարոն Զադոյանը հավելեց, որ Մալազիայի հակակոռուպցիոն հանձնաժողովն ունի նաև կոռուպցիոն հանցագործությունների տվյալների բազա, որն էլ ծառայում է կոռուպցիայի մեջ ներգրավված պաշտոնյաներին բարոյական կերպով պատժելուն, ըստ նրա՝ բարոյական միջոցները շատ դեպքերում ավելի արդյունավետ են:

ՀԵԻԱ նախագահի փոխանցմամբ՝ Մալազիայում 14 մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ կան, որոնցից երեքը տեղակայված են մայրաքաղաքում, օրենքով սահմանվում է, որ այս դատարանները կոռուպցիոն գործերը պետք է քննեն մեկ տարվա ընթացքում:

«Երբ ես զրույցներ էի պայքարում հաջողության հասած առաջնորդների հետ ու հետաքրքրվեցի, թե ինչպես հասան կոռուպցիայի նվազեցմանը ինձ պատասխանեցին, որ իրենք հավատում էինք դրան ու այդկերպ կարողացան այդ երազանքն իրականացնել: Մենք շատ բան ունենք սովորելու այս երկրի քաղաքացիական հասարակությունից և նրանց դիրքորոշումներից»,- պատմեց պարոն Զադոյանը:

Բացի այդ նա ներկայացրեց նաև Ինդոնեզիայի փորձը, այս երկրում կոռուպցիայի հաղթահարման հանձնաժողովը ստեղծվել է 2002թ.-ին:

Քարլ Ուլբրիխտը ներկայացրեց Ռումինիայի, Սլովենիայի և Լեհաստանի փորձը: Փորձագետի խոսքերով Լեհաստանում 2006թ. ստեղծվել է կենտրոնական հակակոռուպցիոն բյուրո, այն ղեկավարվում է վարչապետի կողմից և իրականացնում է քննչական, համակարգող, վերլուծական և կանխարգելիչ գործառույթներ:

Մարատ Ատովմյանն էլ խոսեց խորհրդային նախկին չորս հանրապետությունների հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգերից (մանրամասներն՝ այստեղ):

Հայաստանում հակակոռուպցիոն անկախ մարմին ստեղծելու վտանգներին անդրադարձավ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը (մանրամասներն՝ այստեղ):

Հայաստանում ԵՄ ներկայացուցչության տնտեսական խորհրդական Ալեսանդրո Զանոտան իր խոսքում շեշտեց, որ հակակոռուպցիոն մարմինը պետք է նախ և առաջ լինի անկախ. «Այստեղ նաև տեղական պայմաններն են կարևոր, մենք պետք է հասկանանք, որ կան բազմազան ձևեր ու գտնենք ճիշտ ձևը հենց Հայաստանում կիրառելու համար»,- ասաց պարոն Զանոտան:

Նա գտնում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում պետք է լինի միավորված պայքար. «Այս արատի դեմ հարկավոր է միասին պայքարեն կառավարությունը և քաղաքացիական հասարակությունը»,- եզրահանգեց Հայաստանում ԵՄ ներկայացուցչության տնտեսական խորհրդականը:

Ելույթներից հետո ծավալվեց շահագրգիռ քննարկում ինչպես տեղական և միջազգային փորձագետների, այնպես էլ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ:

Աշխատաժողովը կազմակերպվել է ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից: Գործընկերներն են ՀՀ արդարադատության նախարարությունը, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան,  Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ու Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ-ը:

Միջոցառումը իրականացվել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Comments are closed.

    Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան 2014 թվականից ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական Խորհրդի հատուկ խորհրդակցական կարգավիճակ:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Դուք կարող եք բաժանորդագրվել և ստանալ բոլոր նորությունները Ձեր էլ. փոստով

ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում