Նախատեսվում է «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկան դասավանդել բոլոր բուհերում, միջին մասնագիտական ուսհաստատություններում
Հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը Հակակոռուպցիոն ռազմավարության ուղղություններից է։ Ինչպես արդեն հայտնել ենք, ռազմավարության ուղղությունների համաձայն պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի բուհերում և միջին մասնագիտական ուսհաստատություններում հակակոռուպցիոն կրթությունը ներառվի որպես պարտադիր առարկա։
Այսպիսով, նախատեսվում է «Հակակոռուպցիոն քաղաքականության հիմունքներ» առարկայի ներառում բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասավանդման մոդուլներում։
Ռազմավարության մեջ նշվում է․ որ նախատեսվում է ներգրավել տեղական և միջազգային փորձագետներ դասընթացի մշակման փուլում։ Միջազգային փորձագետի այց/եր/ի ընթացքում առաջարկվում է կազմակերպել դասընթաց դասավանդողների համար, ինչպես նաև դասալսումներ՝ հետադարձ կապի տրամադրման նպատակով։ Առաջարկվում է պատրաստել տպագիր նյութեր՝ ուսումնական ձեռնարկներ, դասախոսների և առանձին ուսանողների համար։ Նշված ձեռնարկների մշակումը առաջարկվում է իրականացնել տեղական փորձագետի ներգրավմամբ՝ միջազգային փորձագետի կողմից հետադարձ կապի տրամադրմամբ։ Բուհերում կկազմակերպվեն միջոցառումներ՝ ուսանողներին ծրագիրը ներկայացնելու և նրանց մասնակցության ակտիվությունը բարձրացնելու նպատակով։
Նախատեսվում է նաև ավագ դպրոցում հակակոռուպցիոն կրթության իրականացում։
Առաջարկվում է կազմակերպել ուղղորդիչ միջոցառումներ ուսուցիչների համար, ինչպես նաև մշակել և տպագրել ուսուցիչների համար ուղղորդիչ մեթոդաբանական ձեռնարկ։ Սա կօգնի ուսուցիչներին թեմայի դասավանդման ընթացքում, թույլ կտա արդյունավետորեն կիրառել նախանշված մեթոդաբանությունը և արդյունքում բարձրացնել դասավանդման արդյունավետությունը։ Պլանավորվել են տեղական գործուղումներ՝ դասավանդման ընթացքի ուսումնասիրման և մոնիթորինգի համար։
Բացի այս, նախատեսված է նաև քաղաքացիական ծառայության համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, վերապատրաստումների իրականացում՝ այդ թվում կոռուպցիայի կանխարգելման, բարեվարքության, «Մարդու իրավունքներ» թեմայով։
Վերապատրաստման ծրագրերի իրազեկվածության բարձրացման ուղեցույցների մշակման համար ներգրավվելու է տեղական փորձագետ։ Նախատեսված են վերապատրաստման դասընթացների ծախսեր։ Իրազեկվածության բարձրացման ուղեցույցների խմբագրման, դիզայներական մշակման և տպագրության համար պլանավորվել են համապատասխան ծախսեր։ Առաջարկվում է նաև հարցի շուրջ աշխատանքային հանդիպումների և քննարկումների կազմակերպում։