«Հայաստանի դատաիրավական բարեփոխումները. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները» թեմայով հանրապետական գիտաժողովի հայտարարություն
Հարգելի՛ գործընկերներ,
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ն, կարևորելով երիտասարդ իրավաբանների մասնագիտական գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացումը, սույն թվականի մարտի 4-ին համատեղ կազմակերպում են «Հայաստանի դատաիրավական բարեփոխումները. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները» թեմայով հանրապետական գիտաժողովը:
Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողներ, և մինչև 30 տարեկան իրավաբաններ:
Գիտաժողովը կազմակերպվում է երկու փուլերով՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովի գրավոր փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն բանավոր փուլին։
Գիտաժողովին մասնակցել ցանկացողները պետք է մինչև սույն թվականի փետրվարի 10-ը ներառյալ գրանցվեն այստեղ և մինչև սույն թվականի փետրվարի 25-ը ներառյալ [email protected] էլ․ հասցեին ուղարկեն զեկույցներ ստորև թվարկված ուղղությունների շրջանակներում․
- Սահմանադրական բարեփոխումների անցկացում. հիմնական առաջնահերթություններն ու մարտահրավերները:
- Հայաստանում անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման մեխանիզմները. առաջնահերթություններն ու մարտահրավերները:
- Դատական իշխանության անկախության, անաչառության, հանրային հաշվետվողականության ապահովման առաջնահերթությունները, օրենսդրական և ինստիտուցիոնալ մարտահրավերները:
- Կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական համակարգ. առաջնահերթություններն ու մարտահրավերները:
- Վարչական արդարադատության և վարչական վարույթի օրենսդրական բարեփոխումներ. առաջնահերթություններն ու մարտահրավերները:
Ներկայացված զեկույցները, առանց դրանք ներկայացնողների անունները բացահայտելու, կտրամադրվեն գիտաժողովի գրավոր փուլում զեկույցները ստուգող խմբի (դատավորների) և տեխնիկական ստուգում իրականացնող անձնակազմին, ովքեր մինչև սույն թվականի մարտի 2-ը ներառյալ կներկայացնեն իրենց գնահատականը զեկույցների վերաբերյալ։ Առավելագույն միավորներ հավաքած հինգ մասնակիցներ կհրավիրեն մասնակցելու բանավոր փուլին, որտեղ ներկայացնելու են իրենց զեկույցները։ Գիտաժողովի բանավոր փուլը կանցկացվի սույն թվականի մարտի 4-ին:
Գիտաժողովի գրավոր և բանավոր փուլի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն համապատասխան հավաստագրերով, իսկ առաջինից երրորդ հորիզոնականներ զբաղեցրած երեք մասնակիցները կխրախուսվեն նվերներով և հնարավորություն կունենան եռամսյա փորձաշրջան անցնելու «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ում և պետական իրավասու մարմիններից որևէ մեկում: «Բուկինիստ» գրախանութը պատրաստակամություն է հայտնել գիտաժողովի առաջին տեղը զբաղեցրած մասնակիցներին՝ որպես խրախուսական մրցանակ, իր կողմից հրատարակած մի քանի գրքերի հավաքածու տրամադրել: Նախատեսվում է նաև այլ խրախուսական նվերների հանձնում:
Գիտաժողովի մանրամասներին և զեկույցներին ներկայացվող պարտադիր պահանջներին կարող եք ծանոթանալ հետևյալ փաստաթղթերում․
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք ծանոթանալ կազմակերպության https://ayla.am/, պաշտոնական կայքում: