ՀԵԻԱ փոխնախագահ Մարիամ Զադոյանը՝ ԵՄ «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի կրթաթոշակառու

Սույն թվականի հուլիսի 2-3-ը Բելգիայի Բրյուսել քաղաքում ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Կարողությունների փոխանակում» (“Relay” event) միջոցառումը։ Միջոցառման ընթացքում մասնակիցները հաստատեցին գործնական կապեր և զարգացրեցին իրենց կարողությունները՝ փորձի փոխանակման և դասախոսությունների ունկնդրման միջոցով։

Նշյալ գործիքի շրջանակներում յուրաքանչյուր փուլում ընտրվում են 20 լավագույն ծրագրեր՝  ներկայացված Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի երիտասարդ քաղաքացիական հասարակության ակտիվիստների կողմից և դրանց հեղինակներին տրամադրվում են կրթաթոշակներ՝ իրենց երկրներում քաղաքացիական հասարակության զարգացման գործում իրենց ներդրումն ապահովելու նպատակով։  Երկրորդ փուլի շրջանակներում ներկայացվել է 71 հայտ, և վերջինական ընտրության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչներին տրամադրվել է թվով 3 կրթաթոշակ, որոնցից մեկը շնորհվել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փոխնախագահ Մարիամ Զադոյանին։

Վերջինիս ծրագիրն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին, մասնավորապես՝ ՀՀ-ում իրական սեփականատերերի ռեգիստրի ներդրմանը՝ ուղղված բիզնեսի և քաղաքականության սերտաճման հաղթահարմանը։ Ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ գործառույթների, կիրականացվեն կրթական այցեր՝ միջազգային լավագույն փորձն ուսումնասիրելու նպատակով, ինչպես նաև՝ դրանց ՀՀ-ում սերմանման նպատակով՝ տեղեկատվական նիստեր և հանրային-մասնավոր համագործակցության ձևաչափով սեմինար, որի արդյունքում ՀՀ կառավարություն կներկայացվի համապատասխան հակակոռուպցիոն քաղաքականություն։

Մարիամ Զադոյանի ծրագրի մասին առավել մանրամասն՝ https://fellows.eapcivilsociety.eu/zadoyan-mariam/