Ինչու՞ է անհրաժեշտ բացահայտել ընկերությունների իրական սեփականատերերին
Իրավաբանական անձանց հիմնադիր կարող են հանդիսանալ թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձինք։ Այնուամենայնիվ, առևտրային կազմակերպությունների դեպքում վերջնական շահույթը հիմնականում պատկանում է ֆիզիկական անձանց։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավաբանական անձանց ստեղծման գործընթացը դյուրին է, իսկ վերջիններիս ֆիզիկական անձ հանդիսացող իրական սեփականատերերին հայտնաբերելը՝ բարդ, իրավաբանական անձինք հաճախ ստեղծվում կամ օգտագործվում են կոռուպցիոն նպատակներով։
Մասնավորապես, առկա է այն արատավոր պրակտիկան, երբ պաշտոնատար անձ հանդիսացող ֆիզիկական անձը իր կամ իր փոխկապակցված անձանց կողմից ստեղծում են ընկերություններ, վերջիններս ևս հանդիսանում են այլ ընկերությունների հիմնադիրներ և այդպես շարունակ մի քանի օղակ, որի արդյունքում թաքնվում է իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը։ Արդյունքում, երբ մենք փորձում ենք պարզել իրավաբանական անձանց ռեգիստրում տեղեկատվություն ընկերության իրական սեփականատերերի վերաբերյալ, բախվում ենք խոչընդոտների, քանի որ մեզ հասանելի է միայն առաջին սեփականատիրոջ վերաբերյալ տեղեկատվությունը։
Նման պարագայում, բախվում ենք մի իրավիճակի, որ քաղաքական գործիչներն իրենց բիզնեսները նշյալ մեխանիզմով պտտեցնում են օֆշորներում, և վերջում՝ վերադարձնում ՀՀ։ Այս կապակցությամբ կարելի է հիշատակել պանամական փաստաթղթերը, և «պանամական հերոս», ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին։
Բացի այդ, քաղաքականության և բիզնեսի սերտաճման մեկ այլ դրսևորում է այն, որ նշյալ մեխանիզմի հետևանքով «դե յուրե» մենաշնորհ կամ գերիշխող դիրք երկրում չի լինում, սակայն, «դե ֆակտո» այն առկա է։ Այն նաև ինֆլյացիայի կարող է բերել, երբ նույն պաշտոնյային պատկանող ընկերությունները արհեստականորեն միմյանց հետ մրցեն։
Ելնելով վերոգրյալից՝ առկա է իրավաբանական անձանց (հատկապես առևտրային կազմակերպությունների) ֆիզիկական անձ հանդիսացող իրական սեփականատերերի բացահայտման հստակ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։
Հետևյալ ինֆոգրաֆիկան ցույց է տալիս ընկերության իրական սեփականատիրոջ, և ընկերության փաստաթղթերում գրանցված (օրինական) սեփականետերի տարբերությունը:
Իսկ հետևյալ սխեմայի շնորհիվ կարող ենք ականատես լինեք պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքից խուսափելու եղանակներին:
Իրական սեփականատերերի բացահայտման լավագույն տարբերակը իրական սեփականատերերի գրանցամատյանի ստեղծումն է:
Միջազգային պրակտիկայում արդեն իսկ կան նման ռեգիստրներ: Առաջին երկիրը ով ստեղծել է նման ռեգիստր Մեծ Բրիտանիան է: Ավելին, Եվրոպական Միության Փողերի լվացման դեմ 4-րդ դիրեկտիվի[1] համաձայն՝ Եվրոպական միության բոլոր անդամ երկրները պարտավոր են ստանալ և պահպանել իրենց տարածքում գրանցված ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ համաչափ, հստակ և թարմ տեղեկատվություն, ապահովել իրական սեփականատերերի գրանցման կենտրոնական գրանցամատյանի առկայությունը։
Ամփոփենք, թե ինչ կտա մեզ իրական սեփականատերերի ռեգիստրի հիմնումը՝
1. Կոռուպցիան բիզնես ոլորտում կնվազի,
2. Մենաշնորհները կնվազեն,
3. Քաղաքականության և բիզնեսի սերտաճումը կվերանա,
4. Արհեստականորեն ստեղված գնաճը կվերանա:
Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հոլովակում՝ https://www.youtube.com/watch?v=8Z83kgUJhuw:
[1]2015 թվականի մայիսի 20-ին ընդունված Եվրոպական միության Փողերի լվացման դեմ 4-րդ՝ 2015/849 թվակիր դիրեկտիվ Տե՛սhttp://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/?uri=CELEX:32015L0849
Սույն հոդվածը պատրաստվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ GDSI Limited-ի գլխավորությամբ կոնսորցիումի կողմից իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի ներքո իրականացվող «ՀՀ-ում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով»ծրագրի շրջանակներում:
Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միմիայն վերջինիս հեղինակը, և ոչ Եվրոպական Միությունը, ոչ «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագիրն իրականացնող կոնսորցումը պատասխանատվություն չեն կրում վերջինիս համար:
Զաքար Իսկանդարյան,
Մարիամ Զադոյան