Իրական սեփականատերերի ինստիտուտը՝ հակակոռուպցիոն ռազմավարության կարևոր ուղղություն

Ապրիլի 17-ին և 18-ին Երևանում անցկացվեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովը: Այն կազմակերպվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) հետ համագործակցությամբ։

Համաժողովին մասնակցում էին երկու հարյուրից ավելի մասնակից պետական և ոչ պետական, միջազգային և մասնավոր կառույցներից և ԶԼՄ-ներից։ Համաժողովին բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՄԱԶԾ Հայաստան, մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասիի, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն ԶադոյանըՀամաժողովին զեկույցներով հանդես եկան միջազգային փորձագետեր՝ ՄԱԶԾ Գլոբալ հակակոռուպցիոն նախաձեռնության ծրագրի ղեկավար Աիդա Արությունովան և ծրագրի հակակոռուպցիոն խորհրդական Անգա Թիմիլսինան, Համաշխարհային բանկի ՄԱԹՀՊԳ գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության (StAR) համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսսին, Լատվիայի հակակոռուպցիոն մարմնի (KNAB) նախկին ղեկավար Յարոսլավս Ստրելչենոկսը, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաղորդումների ծրագրի (OCCRP-Կովկաս) տարածաշրջանային խմբագիր Դեյվիդ Բլոսսը և ՄԱԹՀՊԳ հակակոռուպցիոն կրթության փորձագետ ու Հակակոռուպցիոն ակադեմիական նախաձեռնության ներկայացուցիչ Ալեքս Պետկովը և այլոք:

Համաժողովը բաղկացած էր վեց թեմատիկ մասի ներկայացումներից, որոնք վերաբերվում էին կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ գործունեությանը, կոռուպցիայի կանխարգելմանը հանրային և մասնավոր ոլորտներում և հակակոռուպցիոն կրթությանը։ Պանելային քննարկումներին հաջորդեցին երեք միաժամանակյա պանելային ամփոփիչ քննարկումներ՝ ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության մշակման, հակակոռուպցիոն մարմնի մոդելի ընտրության և շահակիցների կողմից հավաքական գործողությունների անցկացմանը կոռուպցիայի դեմ պայքարում։

«Մասնավոր ոլորտում ծագող կոռուպցիոն ռիսկերի կանխարգելում» թեմայով քննարկումը վարում էր Լատվիայի հակակոռուպցիոն մարմնի (KNAB) նախկին ղեկավար Յարոսլավս Ստրելչենոկսը։

«Իրական սեփականատերերի ինստիտուտը» թեման ներկայացրեց Արևելյան Գործընկերության Քաղաքացիական Հասարակության Կրթաթոշակակիր Մարիամ Զադոյանը:

Խոսելով իրական սեփականատերերի ինստիտուտի մասին՝ Մարիամ Զադոյանը նշեց, որ վերջինս ազատ տնտեսական մրցակցությունը խթանող և մենաշնորհների դեմ պայքարի գործիք է։ «Իրական սեփականատերերն այն վերջնական ֆիզիկական անձիք են, որոնք կանգնած են ընկերության հետևում և տիրապետում են իրական շահույթին»,-ասաց նա: Մարիամի համոզմամբ՝ նշված խնդիրը լուծելու նպատակով անհրաժեշտ է հիմնադրել իրական սեփականատերերի ռեգիստր, երբ բոլոր ընկերությունները պարտավոր կլինեն բացահայտել իրենց իրական սեփականատերերին։ Մարիամը նաև ներկայացրեց իրական սեփականատերերի ինստիտուտի վերաբերյալ ՀՀ իրավակարգավորումներն ու միջազգային պարտավորությունները, միջազգային լավագույն փորձը,  ինչպես նաև՝ վերհանեց խնդիրների այն շրջանակը, որոնք պետք է դառնան քննարկման առարկա ՀՀ-ում նման ռեգիստր հիմնելիս։ Դրանցից ամենախնդրահարույցը այն է, թե ինչ եղանակներով պետք է ստուգել տրամադրված տեղեկատվության արժանահավատությունը։

Մարիամ Զադոյանը հավելեց, որ Եվրոպական միության ֆինանսավորմամբ Արևելյան Գործընկերության Քաղաքացիական Հասարակության Կրթաթոշակի շրջանակներում իրականացնում է «Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը ՀՀ-ում» ծրագիրը և ներկայացրեց այդ ծրագրով պատրաստված սոցիալական հոլովակը՝ նշելով, որ վերջինս ընդգրկվել է ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ 6 երկրների շրջանակում անցկացված  «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթի ներպետական մակարդակի լավագույն եռյակում։

Ներկայացումներին հաջորդեց ակտիվ քննարկումներ մասնակիցների կողմից։ Նշենք նաև, որ հակակոռուպցիոն ռազմավարությանը նվիրված ամփոփիչ պանելային քննարկման ժամանակ մատնանշվեցին մի շարք գործիքներ, որոնք միտված են կոռուպցիայի դեմ պայքարին մասնավոր ոլորտում, մասնավորապես իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրմանն ուղղված լուծումներ, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվություն, տնտեսական մրցակցության պաշտպանության մարմնի նոր կոնցեպտի մշակում՝ վերջինիս գործուն լիազորությունների ընդլայնմամբ և այլն։

Նշենք, որ իրական սեփականատերերի ինստիտուտը կոնսենսուսով որոշվեց դիտարկել որպես ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախապատվության ուղղություններից մեկը: