Աշխատանքի, կրթության, դատաիրավական ոլորտում առկա են մարդու իրավունքի խախտումներ․ մարզային քննարկում Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության վերաբերյալ
«Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի վերաբերյալ մարզային քննարկումները շարունակվում են։ Մայիսի 19-ին կայացավ թվով 3-րդ սեմինար-հանրային քննարկումը՝ Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերի հասարակական կազմակերպությունների, փաստաբանների, իրավաբանների, Սյունիքի մարզպետարանի, Կապանի համայնքապետարանի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի Սյունիքի գրասենյակի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագատ, ծրագրի ղեկավար Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց, թե ինչ աշխատանքներ են նախատեսվում իրականացնել՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի հետ կապված։
«Մեր նպատակն է իրականացնել մարդու իրավունքների ռազմավարության մոնիթորինգ, որը լինելու է ոչ միայն քանակական ցուցանիշների վերաբերյալ, այլ նաև՝ որակական, որովհետև փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում է միջոցառումները կարող է և իրականացվում են, քանակական տվյալներով մենք ունենում ենք նվաճումներ, բայց երբ խոսքը վերաբերում է որակական մակարդակին՝ պարզելու, թե որքանով են այդ միջոցառումներն ազդել այս կամ այն ոլորտում բարելավումներին, արդեն խնդրի առաջ ենք կանգնում, որովհետև որակական մակարդակով փորձագիտական կարծիքներ և գնահատականներ ներկայացված չեն լինում ու մենք բավարարվում ենք նրանով, ինչ կառավարությունը, տարբեր գերատեսչությունները ներկայացնում են հանրությանը»,-ասաց Սյուզաննա Սողոմոնյանը
Ծրագրի սոցիոլոգ-փորձագետ՝ Սոնյա Մսրյանը ներկայացրեց մոնիթորինգի իրականացման մեթոդոլոգիան և ուղղությունները՝ նշելով, որ ռազմավարության բազմաոլորտ լինելու պատճառով, աշխատանքներում մեծ թվով մասնագետների և փորձագետների ներգրավման կարիք է առաջանալու։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի համակարգող Վաչե Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին՝ քննարկմանը մասնակցելու և համագործակցության համար՝ խոսելով նաև մարզում առկա իրավական մի շարք խնդիրների՝ այդ թվում աշխատանքային իրավահարաբերություններում ծագած խնդիրների, աշխատանքային ստաժի, կրթական, առողջապահական ոլորտների խնդիների մասին։ Նա նշեց, որ խնդիրների վեր հանման և դրանց լուծման նպատակով հարկ է, որ պետությունը մեխանիզմներ մշակի և աշխատանքներում ներգրավի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, քաղհասարակության ներկայացուցիչներին և այլ շահագրգիռ կողմերին։
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի գրասենյակի ներկայացուցիչ Թամարա Ստեփանյանը խոսեց աշխատանքի իրավունքների հետ կապված խնդիրների մասին․ «Այս պահին աշխատանքային իրավունքի հետ կապված հարցերով արտադատական մարմին չկա և մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվել է դատարան չդիմելու պարագայում նման մարմին ստեղծելու հնարավորությունը և այժմ դա քննարկման փուլում է»,-ասաց նա։
«Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոնի նախագահ՝ Սուսաննա Մարտիրոսյանը խոսեց կրթական ոլորտում առկա խնդիրների մասին։ Նա նշեց հատկապես արտակարգ դրության պայմաններում առաջ եկած խնդիրների մասին՝ մասնավորապես հեռավար կրթության բացթողումների մասին։ Որպես երկար տարիների փորձ ունեցող մանկավարժ, նա խոսեց նաև ուսուցչի դերի մասին՝ նշելով, որ ուսուցչի դերը բարձրացնողը առաջին հերթին հենց ուսուցիչն է։ «Եթե ուսուցիչը դասարան է մտնում գիտելիքներով զինված, նոր ոճով աշխատելու տրամադրությամբ, աշխատում է ինքն իր վրա, ապա երեխաներն անպայման դասը լսելու են։ Ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ աշակերտը չի մասնակցի դասին, եթե ուսուցիչը դասին վարպետորեն է տիրապետում։ Մենք ինքներս պետք է պատասխանատվություն զգալ և ամեն ինչ չբարդել պետության վրա»,-ասաց Սուսաննա Մարտիրոսյանը։
«Պաշտոնական տվյալներով մարզում չկան կրթությունից դուրս մնացած երեխաներ, բայց եթե դեպքեր եղել են, երբ երեխաները տարբեր պատճառներով չեն մասնակցել կրթական գործընթացին, արագ արձագանք է ստացել և համապատասխան կառույների հետ աշխատանքներ են տարվել՝ փորձելով երեխային ներգրավել կրթական գործընթացում։ Ինչ վերաբերում է նրան, որ երեխան կրթության հանդեպ հետաքրքրություն չունի՝ դա արդեն քաղաքականության խնդիր է»,- ասաց Սյունիքի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ՝ Աննա Ոսկանյանը։
Փաստաբան Հրայր Խաչատրյանը նշեց դատական համակարգում առկա խնդիրները՝ մասնավորապես դատարանների ծանրաբեռնվածության պատճառով նիստերի ուշ նշանակումը, դատավորների թափուր հաստիքների համալրումը և այլն։
Քննարկման մասնակիցները նշել են նաև այլ խնդիրները, որոնք ևս իրավաբան-փորձագետի կողմից ամփոփվել են և հաշվի կառնվեն մոնիթորինգի իրականացման, զեկույցի և առաջարկությունների մշակման գործընթացում։
Հավելենք, որ համանման քննարկում անցկացվել է արդեն Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերի ներկայացուցիչների մասնակցությամբ, առաջիկայում քննարկում կլինի նաև Երևանի, Արմավիրի, Գեղարքունիքի ՔՀԿ-ների, տեղական ինքնակառավարման մարմինների, փաստաբանների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։
«Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի կողմից։