Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության իրականացումը, հաշվետվողականությունը, գնահատումը և մշտադիտարկումը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամրագրում է, որ բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, և այդ իրավունքներն անօտարելի են՝ անկախ իրավունքի տեսակից, բնակության վայրից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, ազգային պատկանելությունից կամ կրոնից։

Ժողովրդավարական կարգեր ունեցող պետությունը կրում է պոզիտիվ պարտականություն՝ մարդու և քաղաքացու իրավունքներն և ազատություններն երաշխավորելու, ապահովելու և պաշտպանելու։ Հենց այդ նպատակին հասնելու համար ՀՀ հանրային իշխանության բոլոր մարմինների համատեղ աշխատանքի միջոցով, ձեռնարկում է որոշակի ջանքեր։ ՀՀ Կառավարության կողմից 2019թ.-ի դեկտեմբերի 26-ին թիվ 1978-Լ որոշմամբ հաստատել է «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը» և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրերը։ Այս ռազմավարական պլանավորման կենտրոնում դրվել են թե՛ ՀՀ Սահմանադրությամբ և թե՛ միջազգային իրավունքով սահմանված իրավական նորմերը, և ՀՀ մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակի սթափ և համապարփակ գնահատումը։

Հայաստանի Հանրապետությունը իր գոյության ժամանակահատվածում վավերացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալի և կարևոր մի շարք միջազգային պայմանագրեր: Ըստ այդմ էլ մարդու իրավունքների ոլորտում ՀՀ ստանձնել է միջազգային պարտավորություններ: Նշված պարտավորությունների հենքի վրա մշակվել և իրականացվելու է մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականությունը։ 

Ընդունված ՄԻՊ ռազմավարության նպատակների և խնդիրների իրագործման համար պլանավորվել են կոնկրետ և չափելի արդյունք ունեցող միջոցառումներ, որոնք պետք է արտացոլվեն համապատասխան Գործողությունների ծրագրերում՝ իրականացման առնվազն երկու փուլով։

Ռազմավարության և գործողությունների ծրագրերի իրականացման հաշվետվողականությունը, գնահատումը և մշտադիտարկումը

Այսպես, ընդունված ռազմավարության շրջանակներում առանձնացվել են մի շարք ոլորտային իրավունքներ, որոնցում նախատեսվել է 2020-2022 թվականներին իրականացնել գործողությունների ծրագրեր։ Դրանցից են՝ Կյանքի իրավունք, Խոշտանգումների արգելք, Գործի արդար քննության իրավունք, Իրավահավասարություն, խտրականության արգելք, Առողջության պահպանման իրավունք, Հավաքների ազատություն, Կրթության իրավունք, Կարծիքի արտահայտման ազատություն, Սեփականության իրավունք, Աշխատանքի իրավունք, Սոցիալական ապահովության, նվազագույն կենսապայմանների իրավունք, Երեխայի իրավունքներ, Տնտեսական գործունեության ազատություն, Ռազմավարական հաղորդակցություն։ 

 

Նշված իրավունքների առնչությամբ սահմանված գործողությունների շրջանակներում նախատեսվել է նաև որոշ դեպքերում հասկացությունների սահմանումը։ Քննարկվող ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերով նախատեսված միջոցառումներն իրականացվում են համապատասխան պատասխանատու և համակատարող մարմինների փոխլրացված, համաձայնեցված գործունեության միջոցով:

Պատասխանատուն այն մարմինն է, որն ապահովում է տվյալ գործողության ամբողջական կատարումը և վերջնական հաշվետվության ներկայացումը:

Համակատարողն այն մարմինն է, որն իր իրավասությունների սահմաններում ողջամիտ ժամկետում աջակցում է պատասխանատու մարմնին գործողության կատարման հարցում: Գործողությունների ծրագրով սահմանված յուրաքանչյուր միջոցառման համար համակատարող մարմինը պատասխանատու պետական մարմնին ներկայացնում է տեղեկատվություն՝ սահմանված հաշվետվության ներկայացման վերջնաժամկետից առնվազն մեկ ամիս առաջ։

Համաձայն գործողությունների ծրագրի՝ յուրաքանչյուր միջոցառման համար պատասխանատու պետական մարմինը սահմանված կարգով յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ժամկետում, արդարադատության նախարարություն և վարչապետի աշխատակազմ է ներկայացնում հաշվետվություն: 

Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ժամկետում, պատասխանատու մարմինները արդարադատության նախարարություն և վարչապետի աշխատակազմ են ներկայացնում գործողությունների իրականացման տարեկան հաշվետվություններ, որոնք քննարկվում են Համակարգող խորհրդում և հավանության արժանանալուց հետո հրապարակվում արդարադատության նախարարության կայքէջում և միասնական էլեկտրոնային հարթակում։ Գործողությունների ծրագրերի ժամկետի վերջին տարվա մինչև սեպտեմբերի 30-ը պատասխանատու մարմինները արդարադատության նախարարություն և վարչապետի աշխատակազմ են ներկայացնում միջոցառումների իրականացման վերջնական հաշվետվություններ։ 

Հատկանշական է, որ ինչպես գործողությունների ծրագրի մշակման, այնպես էլ հաշվետվությունների ներկայացման փուլում՝ հասարակական և միջազգային կազմակերպությունները, Հայաստանում հավատագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները, ինչպես նաև այլ անձինք կարող են գործողությունների ծրագրերի իրականացման նկատմամբ ներկայացնել դիտարկումներ և զեկույցներ։ Ինչպես հաշվետվությունները, դրանք ներկայացվում են արդարադատության նախարարություն և վերջիններս պարտավոր են 10-օրյա ժամկետում տեղադրել էլեկտրոնային հարթակում։ 

Ըստ Գործողությունների ծրագրերի՝ դրանց կատարումը համակարգելու և մշտադիտարկում իրականացնելու նպատակով ստեղծվում է Համակարգող խորհուրդ, որի հիմնական նպատակը ռազմավարությունից բխող  գործողությունների ծրագրերի կատարման ընթացքը համակարգելը, մշտադիտարկելը և գործողությունների կատարմանը նպաստելն է:

Համակարգող խորհուրդը կազմված է հանրային իշխանության մարմինների՝ Արդարադատության նախարար (խորհրդի նախագահ), Արդարադատության նախարարի տեղակալ (խորհրդի քարտուղար, ծրագրի համակարգող), Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, Առողջապահության նախարարի տեղակալ, Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, Պաշտպանության նախարարի տեղակալ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, Ֆինանսների նախարարի տեղակալ, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների պաշտպան կամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարը (համաձայնությամբ), Ոստիկանության պետի տեղակալ, Գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ), Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ), Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ (համաձայնությամբ), Անվտանգության խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ (համաձայնությամբ), Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ), Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ, Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար և կամավորության սկզբունքով՝ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ հանդիսացող պատգամավորներ՝ տվյալ գումարման Ազգային Ժողովում ներկայացված յուրաքանչյուր խմբակցությունից մեկական պատգամավոր; և յոթ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, որոնք ներգրավվում են մրցութային կարգով: Ըստ ռազմավարության՝ Խորհուրդը համարվում է ձևավորված` անկախ խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից: 

Խորհրդի յուրաքանչյուր նիստի ավարտից հետո հնգօրյա ժամկետում նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվելու է համապատասխան էլեկտրոնային հարթակում և արդարադատության նախարարության պաշտոնական www.moj.am կայքում: 

Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։