Ներկայացվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների կողմից ՄԻՊ ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման ընթացիկ արդյունքները
Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Ուղիղ ժողովրդավարության խթանումը Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի ներքո ընթանում են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշտադիտարկման աշխատանքները, որի շրջանակներում արդեն իսկ ստացվել են մշտադիտարկման առաջին արդյունքները։ Ծրագիրը նախատեսում է հանրության ուշադրությանը ներկայացնել մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն՝ յուրաքանչյուր շաբաթ անդրադառնալով Գործողությունների ծրագրի կոնկրետ ոլորտների։ Այս շաբաթ հանրության ուշադրությանը կներկայացնենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների կողմից գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, որոնք հիմնականում վերաբերում են կյանքի իրավունքի, խոշտանգումների արգելքի, իրավահավասարության և խտրականության արգելքի, աշխատանքի իրավունքի, սոցիալական ապահովության, երեխայի իրավունքների ոլորտներին։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն ընտանեկան բռնության զոհերի աջակցության կենտրոնների բոլոր աշխատակիցները անցել են միջազգային չափորոշիչներին համապատասխան վերապատրաստումներ, իսկ 2020 թվականի առաջին կիսամյակում ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների կողմից աջակցություն է տրամադրվել շուրջ 463 անձի։ 2020-2022 թվականների ընթացքում պարբերական իրականացվող գործողությունների թվում են երեխաների խնամքի ինստիտուտների աշխատակիցների վերապատրաստումները խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի թեմայով (թիրախային ցուցանիշ՝ աշխատակիցների 50%-ը), սոցիալական աշխատողների վերապատրաստումները իրավահավասարության, խտրականության արգելքի թեմաներով (թիրախային ցուցանիշ՝ սոցիալական ոլորտի աշխատողների 50%-ը)։ Առաջին մասով վերապատրաստումները դեռևս չեն իրականացվել և վերապատրաստումների կազմակերպման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է, իսկ երկրորդ մասով երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող մեկ հաստատության սոցիալական աշխատողների 60 տոկոսը 2020 թվականին վերապատրաստվել է։ Ըստ տրամադրած տեղեկության՝ մնացյալ հաստատությունների սոցիալական աշխատողների վերապատրաստումները կկազմակերպվեն առաջիկայում:
Պարբերական իրականացվող գործողությունների թվում են նաև երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկման ակցիաները, որի շրջանակներում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող 12 հաստատություններից (ցերեկային և շուրջօրյա) 10 հաստատություններում փակցվել են երեխայի իրավունքների վերաբերյալ պաստառներ (թիրախային ցուցանիշ՝ 12 հաստատություն)։ Իրականացվել են նաև երեխաների իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներ՝ երկու հիմնական ուղղություններով՝ ծառայությունների զարգացում և կանխարգելման ծրագրեր։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի շրջանակներում 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նախատեսվում է իրականացնել մեկ գործողություն՝ ուղղված խոշտանգումների արգելքին։ Համաձայն այս գործողության նախատեսվում է ավելացնել ապաստան հայցող անձանց համար նախատեսված սենյակների թիվը (թիրախային ցուցանիշ՝ 100 սենյակ)։ Համաձայն նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության՝ այս ցուցանիշը դեռևս չի փոփոխվել և նոր ապաստարանի նախագծման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են։
Վերոնշյալ և այլ ոլորտների վերաբերյալ մշտադիտարկման առավել մանրամասն արդյունքները կներկայացվեն մոնիթորինգային զեկույցում, որը կպատրաստվի հետազոտության դաշտային աշխատանքների ավարտից հետո։ Իրավասու մարմիններին կներկայացվի նաև առաջարկությունների փաթեթ` նպատակ ունենալով բարելավել Ազգային ռազմավարության իրականացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում ընդհանուր առմամբ:
Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։