Նախատեսվում է, որ նոտարը կկարողանա վավերացնել գործարքը նաև էլեկտրոնային տեսահաղորդակցության միջոցով
Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսվում է նոտարի կողմից էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով գործարք վավերացնելու և փաստաթղթերի փոխանակման (փոխանցման) պայմանների ապահովում։
Օրենսդրական փոփոխությունների իրականացմամբ պետք է ապահովվի էլեկտրոնային հաղորդակցության միջոցով նոտարի կողմից գործարքների վավերացման հնարավորությունը:
Համապատասխան կարգավորումների դեպքում հնարավոր է ապահովել վավերացված փաստաթղթերի էլեկտրոնայնացումը և վավերացումը նոտարի կողմից: Այս գործիքը արդյունավետ կկիրառվի հատկապես տարածության վրա փաստաթղթերի կիրառությունը ապահովելու համար:
Նշված եղանակով գործարքների վավերացում և փաստաթղթերի փոխանակումը հնարավոր կլինի իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, ինչպես նաև օտարերկրյա այլ պետությունների և Հայաստանի Հանրապետության նոտարների միջև:
Ռազմավարությամբ նախատեսվում է նաև էլեկտրոնային եղանակով նոտարի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերի վավերացման համար պայմանների ապահովումը։
Պետք է նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով էլեկտրոնային կապ ստեղծել նոտարների, բանկային և վարկային կազմակերպությունների միջև: Նման կառուցակարգերի ներդնումը հնարավորություն կստեղծի էլեկտրոնային եղանակով վավերացնել էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերը: Կսահմանվեն էլեկտրոնային եղանակով վավերացման ենթակա էլեկտրոնային պայմանագրերի տիպային ձևերը և դրանց էլեկտրոնային վավերացման կարգը:
Այսպիսի կարգավորումների արդյունքում կընդլայնվի կատարողական մակագրության թերթի տրամադրման ինստիտուտը, որը կնպաստի նոտարական գործողությունների ճիշտ և արագ կատարմանը և քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը: