Դատավորներին և ԲԴԽ անդամներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջազգային չափանիշներին համապատասխան հիմքեր և ընթացակարգեր պետք է ներդրվեն
Դատական և իրավական ռազմավարությամբ նախատեսված է դատավորներին և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ միջազգային չափանիշներին համապատասխան հիմքերի և ընթացակարգերի ներդնումը։
Ռազմավարության մեջ նշվում է, որ դատավորներին և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կանոնակարգումների հստակությունը և միջազգային չափանիշներին համապատասխանությունը նրանց անկախության ապահովման կարևոր գրավականներից է:
Այս ռազմավարության նպատակներից է մատնանշված խնդիրներին արդյունավետ լուծումներ տալը: Մասնավորապես, նախատեսվում է հնարավորինս հստակեցնել դատավորի վարքագծի կանոնները և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը, ավելացնել այնպիսի վարքագծի կանոններ, որոնց խախտումը կասկածի տակ է դնում դատավորի անկախությունը, անկողմնակալությունը և անկաշառությունը, օրինակ՝ ներկայացնել գույքի, եկամուտների և շահերի ամբողջական հայտարարագիր «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված կարգով հանձնաժողովին ներկայացնել գույքի փոփոխությունը հիմնավորող պատշաճ նյութեր՝ նշված օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված՝ լրացուցիչ պարզաբանման կամ նյութերի անհրաժեշտության դեպքում, ընդգծել, որ կարգապահական խախտումը պատասխանատվության հիմք կարող է լինել միայն այն դեպքում, երբ կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, ընդլայնել կարգապահական տույժերի տեսակները, Բարձրագույն դատական խորհրդին լրացուցիչ գործիքներ տալ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցն արդյունավետ քննելու համար, օրինակ՝ սեփական նախաձեռնությամբ հրավիրել վկաներ, նշանակել փորձաքննություն և պահանջել ապացույցներ՝ մի բան, որ գործող կարգավորման պայմաններում կարող է անել միայն դատավորի միջնորդությամբ:
Այս փոփոխությունների արդյունքում կապահովվի կարգապահական վարույթի կանխատեսելիությունը, արդյունավետությունը և դատական իշխանության անկախության և հաշվետվողականության միջև ողջամիտ հավասարակշռությունը: