Վարչական կոռուպցիայի հաղթահարումը՝ Հակակոռուպցիոն ռազմավարության ուղղություն
Կոռուպցիոն երևույթների առաջացումը պայմանավորող գործոնների թվում ծանրակշիռ դիրք է զբաղեցնում նաև հանրային կառավարման համակարգում առանձին դեպքերում հանդիպող խրթին ենթակառուցվածքների, բարդ ու խճճված գործընթացների, բյուրոկրատական քաշքշուկների առկայությունը:
Այս մասին ասվում է Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ։
Միտում ունենալով հնարավորին հաղթահարել վարչական կոռուպցիան՝ առաջարկվում է կոռուպցիոն ռիսկերը կառավարել հանրային կառավարման համակարգը կազմող մարմիններում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմիններում՝ համապարփակ կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրության և վերհանման միջոցով:
Այս տեսանկյունից կարևորվում է ինքնագնահատման արդյունքների հիման վրա յուրաքանչյուր մարմնի կողմից ներքին հակակոռուպցիոն և բարեվարքության միջոցառումների ծրագրի մշակումը, որի կատարման վերաբերյալ ՀՀ վարչապետին և հանրությանը պարբերական կներկայացվի հաշվետվություն: Վարչական կոռուպցիայի հաղթահարման կարևորագույն տարրերից է նաև անհրաժեշտ սոցիալական երաշխիքների սահմանումը: Այս համատեքստում կարևորվում է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարեփոխումը:
Միաժամանակ, ՀՀ Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1141-Ն որոշման 3-6-րդ հավելվածներով նախատեսված՝ պետական եկամուտների հավաքագրման, ոստիկանության կողմից քաղաքացիներին ծառայությունների մատուցման, առողջապահության և կրթության ոլորտների այն միջոցառումները, որոնք սահմանված ժամկետում չեն կատարվել, որպես առաջնահերթություն նախատեսվում են տվյալ մարմինների միջոցառումների ծրագրերում:
Հանրային կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովման, վարչական կոռուպցիայի հաղթահարման նպատակով անհրաժեշտ է ստեղծել այնպիսի կառուցակարգեր, որոնք ինքնաբերաբար ուղղված կլինեն կոռուպցիոն ռիսկերի զրոյացմանը, այդ թվում՝ քաղաքացի-պետություն շփման հնարավորինս սահմանափակման միջոցով:
Վերոգրյալի համատեքստում նախատեսվում է էլեկտրոնային ժողովրդավարության գործիքների, համակարգերի մշակում և ներդրում, դրանց վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացում, ինչը կնպաստի պետական մարմինների գործունեության թափանցիկության, հաշվետվողականության, տվյալների անփոփոխելիության, միասնականության և ավտոմատացման ապահովմանը (էլեկտրոնային գործիքները, կներառեն նաև հակակոռուպցիոն նշանակություն ունեցող այնպիսի կարևոր համակարգերի ներդրում, ինչպիսիք են Տեղեկատվության պրոակտիվ հրապարակման միասնական հարթակը, Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգը և այլն):
Էականորեն կարևորվում է նաև ազդարարման համակարգի շարունակական կատարելագործումն ու զարգացումը միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ: Այս իմաստով ակներև է, որ անհրաժեշտ է նաև հընթացս արդյունավետ մոնիթորինգի ենթարկել ազդարարման էլեկտրոնային հարթակը առաջացող տեխնիկական կամ բովանդակային խնդիրներին հրատապ լուծում տալու հրամայականով: