Ֆորս մաժորը վերացնելու հարցը քննարկվել է պարետատան հետ․ ՀԾԿՀ. iravaban.net
Ապրիլի 22-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հայտարարություն տարածեց, ըստ որի՝ ֆորս մաժորը վերացել է, և բնակիչ-բաժանորդները պետք է վճարեն իրենց սպառած էլէկետրաէներգիայի և բնական գազի համար, հակառակ դեպքում՝ կլինեն անջատումներ։
Հարցին, ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ընթացքում անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ թույլ են տվել մատակարարող ընկերություններին կոշտացնել իրենց դիրքորոշումը և պետք է անջատել բոլոր այն բաժանորդների հոսանքի ու գազի մատակարարումը, որոնք հնարավորություն ունեն, բայց չեն վճարում։
ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը հայտնեց, որ ստեղծված իրավիճակը բոլոր բնակիչ-բաժանորդների համար համընդհանուր ֆորսմաժորային ճանաչելը պայմանավորված է եղել արտակարգ դրության պայմաններում ընդունված իրավակարգավորումների ուժով ՀՀ քաղաքացիների տեղաշարժման իրավունքի սահմանափակման և շատ դեպքերում համապատասխան ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու հնարավորությունից օբյեկտիվորեն զրկված լինելու հանգամանքով։
Նրա խոսքով, իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկայումս հանրապետությունում անձանց համար հիմնականում ապահովված է համապատասխան վճարումներ կատարելու հնարավորությունը, ինչպես նաև ՀՀ պարետի կողմից գործունեության մի շարք տեսակների համար սահմանափակումները վերացվել են, ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան միջոցառումների ծրագրով էլ էապես մեղմվել է սոցիալապես անապահով և խոցելի բնակիչներին մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրը:
«Հանձնաժողովը չեղարկել է բոլոր բնակիչ-բաժանորդների համար համընդհանուր ճանաչված ֆորս մաժորը՝ միաժամանակ հնարավորություն թողնելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համապատասխան հիմնավորումների պարագայում դիմել մատակարարին կոմունալ ծառայությունների դիմաց չվճարումը պայմանագրի համաձայն ֆորս մաժորի հետևանք համարելու և մատուցվող ծառայությունը չդադարեցնելու համար»,-ասաց Լիանա Ազիզյանը։
Հայաստանի երիտասարդ Իրավաբանների ասոցիացիայի անդամ Գայանե Գևորգյանի խոսքով, ճիշտ է՝ Պարետի որոշմամբ տնտեսական գործունեության որոշակի ոլորտների գործունեությունը թույլատրվեց, սակայն, նույնիսկ տվյալ դեպքում, նշված ոլորտների աշխատակիցները զրկված կլինեն վճարումներ կատարելու հնարավորությունից, նկատի ունենալով, որ դեռ մեկ ամիս անհրաժեշտ է, որպեսզի եկամուտ ստանան․ «ՀԾԿՀ-ի նման որոշումը չի կարող իրավաչափ համարվել օրենսդրության տեսակետից, քանի որ իրադրության իրական պատկերը չի արտահայտում։ Մասնավորապես, արտակարգ դրության շարունակությամբ պայմանավորված կարող են սահմանափակումները շարունակվել կամ խստացվել, այն նաև չի արտացոլում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները»,-նշում է իրավաբանը։
Այն հարցին թե ի՞նչ իրավունքներ ունեն այժմ քաղաքացիները, և ի՞նչ կարող են անել, որ չզրկվեն կոմունալ ծառայություններից օգտվելու հնարավորությունից ՀԾԿՀ-ի մամուլի քարտուղարը պատասխանեց, որ յուրաքանչյուր սպառող իրավունք ունի համապատասխան հիմնավորումների պարագայում դիմել մատակարարին կոմունալ ծառայությունների դիմաց չվճարումը պայմանագրի համաձայն ֆորս մաժորի հետևանք համարելու և մատակարարումը չդադարեցնելու համար․
«Տեղեկացման կարգով հարկ է նաև նշել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն հայտարարել է, որ ամսական մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում ունեցող բնակիչ-բաժանորդները չեն հոսանքազրկվի, իսկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարել է, որ նշված ժամկետում վճարում չկատարելու դեպքում առաջին հերթին կդադարեցվի 30 հազար դրամից ավելի սպառում ունեցած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը»։
Այս մասին իրավաբանը Գայանե Գևորգյաը նշում է, որ ղեկավարվելով կնքված պայմանագրերով՝ մատակարար ընկերություններն իրավունք չունեն դադարեցնել մատակարարումը միայն վճարային պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար․ «Այս հարցին ևս անդրադարձել է ՀԾԿՀ-ն իր որոշմամբ, նշելով, որ այն գտնվելու է Հանձնաժողովի հսկողության ներքո։ Հատկապես, նկատի ունենալով, որ դեռևս արտակարգ դրությունը շարունակվում է, ու հնարավոր է դեռ շարունակվի»,-հավելում է նա։
Հնարավո՞ր է արդյոք վճարումները չկատարելու դեպքում տույժեր և տուգանքներ կիրառվեն ՀԷՑ֊ի, Գազպրոմի կողմից․ իրավաբանը պատասխանեց, որ պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման պարագայում, բնակիչ-բաժանորդների նկատմամբ կիրառվեն տույժեր ու տուգանքներ՝ հիմնվելով պայմանագրային պարտավորությունների վրա։
«Պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը: Դատարանը կամ ֆինանսական համակարգի հաշտարարը պարտապանի պահանջով պակասեցնում է վճարման ենթակա կամ վճարված պայմանագրով որոշված տուժանքի չափը, եթե տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, և պարտավորության պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի հետևանքով, և օրենքով կամ պայմանագրով անհաղթահարելի ուժը չի ազատում պատասխանատվությունից»,-ասաց Գայանե Գևորգյանը:
Լիանա Ազիզյանը հավելեց, որ որոշումը քննարկվել է պարետատան հետ, իսկ ինչ վերաբերում է կրկին ֆորս մաժոր հայտարարելուն նա նշեց, որ նման գնահատական ներկայումս տալ չեն կարող։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ էլ ոչ թե ընտրությունը մի քանի հազար բաժանորդի հոսանք անջատել-չանջատելու, այլ՝ երկրում հոսանք լինելու կամ չլինելու մեջ է։ «Մի քանի օրվա ընթացքում մոտ 7 միլիարդ դրամ վճարումներ եղան համակարգում, սրանով մենք համակարգը փրկեցինք կոլապսից։ Այսինքն՝ առնվազն բազմաթիվ մարդիկ, որ կարող էին վճարել, ասել են՝ դե լավ, որ չեն անջատելու, չվճարենք։ Հայաստանում կա 775 հազար ՀԷՑ-ի բաժանորդ, 623 հազար գազի բաժանորդ։ 4300 բաժանորդների հոսանքն է անջատվել և 736 գազի բաժանորդների գազը։ Ընդ որում՝ էլեկտրական հոսանքի պարագայում բոլոր անջատվածների պարտքը կազմում է 30 հազար դրամ և ավելի, իսկ գազի բաժանորդների դեպքում՝ 80 հազար և ավելի։ Մենք կանգնել էինք մի խնդրի առաջ, որ երկրի էներգետիկ համակարգը կանգնել էր կոլապսի առաջ»,- նշեց վարչապետը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։