ՀԵԻԱ փոխնախագահ Մարիամ Զադոյանը մասնակցել է Բաց կառավարման 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին
2018 թվականի հուլիսի 16-18-ը ՀԵԻԱ փոխնախագահ և Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության կրթաթոշակակիր Մարիամ Զադոյանը ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է Թբիլիսիում ընթացող Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին և վերջինիս շրջանակներում կազմակերպված՝ «Քաղաքացիական հասարակության օր» խորագրով միջոցառմանը: ՀՀ պատվիրակության կազմում էին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը և այլ ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն Հայաստանի քարտուղարության ղեկավար Լիլիա Շուշանյանը և այլ ներկայացուցիչներ հասարակական և մասնավոր սեկտորներից ու միջազգային կառույցներից։
Այն նվիրված էր որոշումների կայացմանը քաղաքացիական ներգրավվածության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և հանրային ծառայությունների առավել արդյունավետ մատուցմանը։ Գագաթնաժողովը նաև ծառայում է հարթակ միմյանց հաջողված փորձերին ծանոթանալու վերաբերյալ։
Մարիամ Զադոյանը «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի կրթաթոշակակի շրջանակներում իրականացնում է ծրագիր ՀՀ-ում իրական սեփականատերերի ռեգիստրի հիմնադրման ուղղությամբ։ Նա ներկայացրեց ՀՀ օրենսդրական կարգավորումները և մարտահրավերները իրական սեփականատերերի ինստիտուտին նվիրված թեմատիկ քննարկումների ժամանակ և ծանոթացավ միջազգային լավագույն փորձին։
Գագաթնաժողովի ընթացքում հաստատվեցին նոր գործնական կապեր և ձեռք բերվեցին պայմանավորվածություններ։
Միջոցառման օրակարգի մասին առավել մանրամասն՝ https://ogpsummit.org/agenda։