«Եվրոպական իրավունքի դպրոցն արդեն կայացել է»

Եվրոպական իրավունքի ամառային և աշնանային դպրոցների շրջանակում ձևավորվել է հետաքրքիր ավանդույթ, որպես կանոն մասնակիցները դպրոցի ավարտին լուսանկարահանվում են` վեր ցատկելիս: Եվրոպական իրավունքի 3-րդ աշնանային դպրոցը ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 2-ին ավարտվեց՝ ինչպես գետնից դեպի վեր, այնպես էլ գիտական մտքի թռիչքով: Այս անգամ Եվրոպական իրավունքի աշնանային դպրոցի թեման «Մարդու իրավունքների պաշտպանությունն» էր: Դպրոցի 5 օրվա ընթացքում 28 մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ եվրոպական իրավունքին հենց եվրոպացի մասնագետների շնորհիվ:

Արդեն երրորդ տարին գործարկված այս դպրոցը տարիներ առաջ երազանք էր թվում. «Միշտ երազում էի, որ Հայաստանում մի օր հիմնվի Եվրոպական իրավունքի դպրոց ու փաստացի այդ հնարավորությունն ընձեռնվեց մեզ և մենք մեր գործընկերների հետ հիմնեցինք այն: Գտնում եմ, որ այսօր Եվրոպական իրավունքի դպրոցն արդեն կայացել է»,- ասաց Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և Եվրոպական իրավունքի աշնանային դպրոցի տնօրեն Կարեն Զադոյանը: 
 

«Առաջին և երկրորդ դպրոցներում մենք ունեցել ենք շուրջ 55 շրջանավարտներ, իսկ երրորդում ունեցանք 28 շրջանավարտ, ընդհանուր առմամբ՝ 83 շրջանավարտներ, սա բավականին մեծ ներուժ է՝ Հայաստանում եվրոպական իրավական արժեքների խորացման, եվրոպական իրավունքի տարածման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործման համար: Մեր իրական ձեռքբերումը հենց այս է, որ ունենք 83 հոգի վերապատրաստված երիտասարդներ, ովքեր կրում են եվրոպական արժեքները և ամենագլխավորը՝ պատրաստ են իրենց շրջապատում ու հանրության շրջանում տարածել դրանք»,- նշեց պարոն Զադոյանը:

Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի ծրագրերի հայաստանյան համակարգող Նելլի Թումասյանի խոսքերով՝ այս տարի բարձր է մասնակիցների պատրաստվածության մակարդակը. «Ուղղակի ես չեմ տեսել պասիվ մասնակիցներ, ընդհանուր շատ ակտիվ են, ես ուղղակի հիացած եմ: Հուսով ենք, որ մյուս տարի կշարունակենք նոր փորձագետներ ու մասնակիցներ ներգրավվել»,- ասաց մեր զրուցակիցը:

Ժաննա Սիմոնյանը գործող փաստաբան է, աշխատում է «Կոնցեռն Դիալոգ» ընկերությունում, նա նշում է, որ իր ակնկալիքներն արդարացվել են. «Թեմաներն էին հետաքրքիր ընտրված, գործնական հանդիպումներն էին լավ կազմակերպված: Քանի որ ես հիմնականում աշխատում եմ քաղաքացիական ոլորտում, ինձ հարկավոր էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներին խորությամբ ծանոթանալն ու նախադեպերին տեղեկանալ, ինչը եղավ»,- նշեց նա:

ԵՊՀ-ի ուսանող, քաղաքագետ-իրավաբան Գոհար Վարդանյանն աշխատում է առաջին ատյանի դատարանում: Ասում է՝ աշնանային դպրոցի սեղմ ժամկետներում բավականին մեծ ինֆորմացիա է ստացել. «Հետաքրքիր էր նաև, որ հիմնականում եվրոպական փորձը կար, ես պրակտիկ աշխատող եմ ու ինձ հետաքրքիր էր համեմատել ու զուգահեռներ անցկացնել մեր և եվրոպական փորձի միջև»,- նշեց Գոհարը:

Աշնանային դպրոցի կազմակերպիչներն այս տարի մեծապես կենտրոնացել էին ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքին. «Նախ խոսվեց տեսական հատվածի մասին, այնուհետև ըստ հոդվածների առանձին քննարկումներ եղան՝ կոնկրետ նորմի վերլուծություն, ազգային և ՄԻԵԴ-ի որոշումներն այդ ամենի վերաբերյալ: Այնուհետև եղան խմբային աշխատանքներ, այսինքն՝ մասնակիցները առավել ամրապնդեցին իրենց ստացած գիտելիքները՝ գործնականում կիրառելու միջոցով»,- ասաց ՀԵԻԱ նախագահ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը: 

Հիշեցնենք, որ Եվրոպական իրավունքի աշնանային դպրոցը կազմակերպիչներն են Միջազգային իրավական համագործակցության Գերմանական հիմնադրամը, Հայաստանի Իրավաբանական Հիմնադրամը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: