Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովում․ առաջնային ուղղությունները
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված է օրենքի առջև ընդհանուր հավասարությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը և դրանց հետ սերտորեն կապված խտրականության արգելքը:
Համաձայն ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածի՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Մեր պետության կարևորագույն խնդրիներից է՝ իրավահավասարության, խտրականության արգելքի երաշխավորումը, և այդ է պատճառը, որ դեռևս 2014-2016 և 2017-2019 թվականների գործողությունների ծրագրերում նախատեսվել էր համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման և դրանց դրույթների կատարման անհրաժեշտությունը։ Համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության համար շարունակում է գերակա նշանակություն ունենալ իրավահավասարության ապահովման օրենսդրական երաշխիքների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման խնդիրը։ Մասնավորապես, կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնախնդիրները, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառումը։
Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում առկա առավել առաջնահերթ խնդիր է հանդիսանում հոգեկան, ինչպես նաև մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունակության և գործունակության ապահովումը, մասնավորապես, այդ խմբին պատկանող անձանց ներառումը իրենց իսկ վերաբերող բոլոր որոշումների կայացման գործընթացներում։ Հայաստանի օրենսդրությունը ներկայումս չի սահմանում աջակցությամբ որոշումների կայացումը կամ գործունակության մասնավոր զրկումը մտավոր կամ հոգեսոցիալական հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Այսպես, գործող օրենսդրությունը թույլ է տալիս հոգեկան, այդ թվում՝ մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց զրկել գործունակությունից, և չկան որոշումների կայացմանն աջակցող համակարգեր, որոնք թույլ կտային հաշմանդամություն ունեցող անձին լիարժեք օգտվել անկախ կյանքի և համայնքում ապրելու իրավունքից:
Հիմնախնդրի համապարփակ լուծման նպատակով անհրաժեշտ է մշակել և ներդնել համապատասխան իրավական կառուցակարգեր՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան, ինչը հնարավորություն կտա օրենսդրական մակարդակով վերջ դնելու լիակատար խնամակալությանը և անցում կատարելու անձի փոխարեն կայացվող որոշման մոդելից օժանդակությամբ սեփական որոշում կայացնելու մոդելին՝ հոգեկան առողջության խնդիրներ, այդ թվում՝ մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց համար և ապահովելու դրա գործնական կիրառումը՝ իրավապահ մարմինների, դատավորների, ինչպես նաև սոցիալական աշխատողների վերապատրաստումների միջոցով:
Այս խնդիրների լուծման նպատակով 2020-2022 թվականների գործողությունների ծրագրերում նախատեսված են հետևյալ 10 միջոցառումները՝
- Օրենսդրորեն սահմանել խտրականության հասկացությունը, տեսակները, դրանից պաշտպանության միջոցները և մեխանիզմները, իրավահավասարության հարցերով զբաղվող մարմնի կազմավորման, գործունեության երաշխիքները` միջազգային չափանիշներին համապատասխան։
- Վերապատրաստումներ իրականացնել իրավահավասարության, խտրականության արգելքի թեմաներով (վերապատրաստումներ ոստիկանների, քննիչների, դատախազների, դատավորների, բժշկական ոլորտի աշխատողների, սոցիալական ոլորտի աշխատողների, կրթության բնագավառի աշխատողների շրջանում)։
- Բարձրացնել իրավահավասարության, բոլոր հիմքերով խտրականության արգելքի վերաբերյալ իրազեկվածությունը։
- Պատասխանատվություն սահմանել ատելության խոսքի համար՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
- ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացմանն ուղղված աշխատանքների իրականացում։
- Բարձրացնել իրազեկվածությունը ատելության խոսքի վերաբերյալ։
- Օրենսդրորեն սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման երաշխիքները։
- Օրենսդրորեն սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնության և սպասարկման կանոնները։
- Ապահովել հոգեկան, այդ թվում` մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունն իրենց իսկ վերաբերող բոլոր որոշումների կայացման գործընթացներում։
- Խրախուսել կանանց ներգրավումը ԶՈւ-ում։
Իրավահավասարության ապահովումը՝ որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 5 և 16.B նպատակի իրագործմանը:
Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։