Կանոնադրություն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

(Նոր խմբագրություն)

 

Երևան 2018թ.


1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  • «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (հետագա տեքստում՝ Կազմակերպություն) ֆիզիկական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:
  • Կազմակերպությունը գործում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ միջազգային պայմանագրերին, ՀՀ օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
  • Կազմակերպության անվանումն է.

Հայերեն՝  «Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիա» հասարակական կազմակերպություն, կրճատ՝ Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիա, հապավումը՝  ՀԵԻԱ:

Ռուսերեն՝             Îáùåñòâåííàÿ îðãàíèçàöèÿ ,,Àññîöèàöèÿ Ìîëîäûõ Þðèñòîâ Àðìåíèè”, կրճատ՝  Àññîöèàöèÿ Ìîëîäûõ Þðèñòîâ Àðìåíèè, հապավումը՝  ÀÌÞÀ:

Անգլերեն՝           Non-governmental organization “Armenian Young Lawyers’ Association” կրճատ՝ Armenian Young Lawyers’ Association, հապավումը՝  AYLA:

  • Կազմակերպության գործունեությունը հիմնված է օրինականության, խտրականության բացառման, անդամության կամավորության, բարեխղճության, անդամների շահերի ընդհանրության, ինքնակառավարման և հաշվետվողականության սկզբունքների վրա:
  • Կազմակերպությունը գործում է Հայաստանի  Հանրապետության ողջ տարածքում:
  • Կազմակերպությունը իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում իր պետական գրանցման պահից, ունի հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով կլոր կնիք, պաշտոնաթղթեր, հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվներ բանկերում՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով:
  • Կազմակերպությունն ունի խորհրդանիշ, որն իրենից ներկայացնում է մեջտեղից կապույտ գույնի երկու երանգների բաժանումով վահան, որի վրա պատկերված է սպիտակ գույնի կշեռք հավասար մակարդակի վրա գտնվող նժարներով, իսկ վահանը վերցված է մոխրագույն գույնի շրջագծի մեջ: Վահանի վերևում` շրջագծի երկայնքով, սև գույնով գրված է Հայաստանի Երիտասարդ Իրավաբանների Ասոցիացիա, իսկ վահանի ներքևում շրջագծի երկայնքով սև գույնով գրված է Armenian Young Lawyers’Association: Խորհրդանիշի պատկերը կցվում է սույն կանոնադրությանը:
  • Կազմակերպությունն օգտվում է իրավաբանական անձի, այդ թվում հասարակական կազմակերպության համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և կրում է համապատասխան պարտականություններ:
  • Կազմակերպությունը կարող է իր կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող առաջարկություններ ներկայացնել ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին:
  • Կազմակերպությունը համագործակցում է ինչպես ՀՀ պետական և ոչ պետական մարմինների, արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների, այնպես էլ անհատ անձանց հետ:
  • Կազմակերպությունը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպություններին, կնքել համաձայնագրեր և պայմանագրեր օտարերկրյա ու միջազգային կազմակերպությունների հետ և ունենալ միջազգային այլ կապեր:
  • Կազմակերպությունը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է այլ պետություններում ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` այդ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
  • Կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով կարող է հիմնել լրատվության միջոցներ, տեղեկատվություն տարածել իր գործունեության վերաբերյալ՝ զանգվածային լրատվության միջոցներով:
  • Կազմակերպությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:
  • Կազմակերպությունը կարող է իր նպատակներին համապատասխան՝ ունենալ շահառուներ, ինչպես նաև իր աշխատանքներում ներգրավել կամավորների:
  • Կազմակերպության շահառուներն են` երիտասարդ իրավաբանները, ուսանող իրավաբանները, իրավաբանական ԲՈՒՀ-երը և ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետները, դպրոցները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ինչպես նաև անձինք կամ անձանց խմբերը, ի շահ որոնց ուղղված և իրականացվում է Կազմակերպության կանոնադրության 2.1. կետով նախատեսված գործունեության առարկան և նպատակները:
  • Կազմակերպությունը օրենքով սահմանված կարգով ներկայացնում ու պաշտպանում է իր և իր անդամների, շահառուների և կամավորների իրավունքներն ու օրինական շահերն այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:
  • Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Նալբանդյան փողոց, շենք 7, գրասենյակային տարածք 2:

 

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
  • Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են.

ա) նպաստել բնակչության իրավագիտակցության, իրավական մշակույթի մակարդակի բարձրացմանը բնակչության շրջանում օրենքների և իրավական գիտելիքների քարոզչության միջոցով,

բ) նպաստել իրավագիտության զարգացմանը, ՀՀ օրենսդրության ուսումնասիրությանը և կատարելագործմանը,

գ) նպաստել ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումների իրականացմանը,  

դ) նպաստել ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը և քաղաքացիական հասարակության կայացմանը,

ե)  նպաստել կոռուպցիայի մակարդակի նվազմանը, քաղաքացիների հակակոռուպցիոն ընկալման մակարդակի բարձրացմանը, ՀՀ-ում հակակոռուպցիոն կառուցակարգերի և ինստիտուտների ներդրմանն ու զարգացմանը, օրենսդիր, դատական և գործադիր իշխանության ճյուղերի թափանցիկության և հաշվետվողականության ապահովմանն ու զարգացմանը, վերոնշյալ ոլորտներում իրականացնել հանրային վերահսկողության ծրագրեր,

զ) պաշտպանել բնակչության սոցիալապես անապահով խավերի, կանանց, հաշմանդամների, փախստականների, ապաստան հայցողների, ազատամարտիկների, զինծառայողների, կոռուպցիայից տուժած քաղաքացիների, ազդարարների,  երիտասարդների, այդ թվում` ուսանողների իրավունքները՝ Կազմակերպության ծրագրերով նախատեսված լինելու դեպքերում նրանց ցուցաբերելով  անհրաժեշտ անվճար իրավաբանական ծառայություններ,

է) նպաստել ՀՀ-ում անվճար իրավաբանական խորհրդատվական և տեղեկատվական կենտրոնների կայացմանը և զարգացմանը, ինչպես նաև` անվճար իրավաբանական օգնության ինստիտուտի կայացմանը և անվճար իրավաբանական օգնություն տրամադրող կազմակերպությունների ցանցի ընդլայնմանը և զարգացմանը,

ը) նպաստել ՀՀ-ում իրավաբանական, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն և երիտասարդական ոլորտների կազմակերպությունների համախմբմանն ու համագործակցության զարգացմանը,

թ) նպաստել ՀՀ-ում իրավաբանական կլինիկանների կայացմանը, ընդլայնմանը և զարգացմանը,

ժ) նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի կայացմանը և զարգացմանը,

ժա) նպաստել ազատ շուկայական հարաբերությունների վրա հիմնված տնտեսության զարգացմանը, մասնավորապես` փոքր և միջին բիզնեսով զբաղվող գործարարների և ձեռնարկատերերի իրավական գիտելիքների մակարդակի բարձրացմանը, ծրագրերով նախատեսված լինելու դեպքերում նրանց ցուցաբերել համապատասխան իրավաբանական աջակցություն,  

ժբ) օժանդակել իրավաբանական բուհերում ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպմանը, ուսանող և երիտասարդ իրավաբանների, փաստաբանների   գիտակրթական մակարդակի  բարձրացմանը՝ նրանց համար կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ, դպրոցներ, համաժողովներ, սեմինարներ, գիտաժողովներ, մրցույթներ և այլ միջոցառումներ,

ժգ) Կազմակերպության անդամների համար հիմնադրել և զարգացնել ժամանակակից իրավաբանական գրականությամբ և տեխնոլոգիաներով հագեցած իրավաբանական ուսուցման և տեղեկատվության կենտրոն,

ժդ) ստեղծել երիտասարդ իրավաբանների տվյալների բանկ և աջակցել երիտասարդ իրավաբաններին ըստ մասնագիտության աշխատանքի տեղավորվելուն,

ժե) նպաստել հայ ժողովրդի պատմա-իրավագիտական արժեքների վերականգմանը, պահպանմանը, ուսումնասիրմանը և տարածմանը,

ժզ) համագործակցել սփյուռքի և արտերկրի երիտասարդ իրավաբանների և երիտասարդ իրավաբանների կազմակերպությունների հետ,

ժէ)  նպաստել ՀՀ-ում միջազգային առաջավոր փորձի հիման վրա ընտրական համակարգերի բարեփոխմանը ու զարգացմանը, բնակչության շրջանում այս բնագավառի իրավական գիտելիքների բարձրացման նպատակով իրականացնել քարոզչական աշխատանքներ, ինչպես նաև ներկայացուցչական մարմինների ընտրությունների ընթացքում իրականացնել դիտորդական առաքելություն՝ ընտրական գործընթացների թափանցիկության ապահովման և ընտրական օրենսդրության կատարելագործման նպատակով,

ժը) նպաստել ՀՀ-ում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու բնակչության փոխադարձ կապի ամրապնդմանը, հանրային վերահսկողության մեխանիզմների կատարելագործմանը, օժանդակել համայնքային ծրագրերի իրականացմանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և բնակչության մասնակցությամբ կազմակերպել հասարակական լսումներ,

ժթ) նպաստել հասարակական Կազմակերպությունների համագործակցության խորացմանը ու զարգացմանը:

 

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  • Կազմակերպության անդամ կարող է դառնալ բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող և իրավաբանական կրթություն ստանալ ցանկացող յուրաքանչյուր ֆիզիկական անձ, որն ընդունում է սույն կանոնադրությունը, իր գործունեությամբ նպաստում է Կազմակերպության կանոնադրական նպատակների իրագործմանը, մուծում է անդամավճար: Կազմակերպության ոչ իրավաբան անդամների թիվը չի կարող գերազանցել Կազմակերպության անդամների ընդհանուր թվի հինգ տոկոսը:
  • Գրավոր դիմումի համաձայն Կազմակերպության անդամի անդամագրվելու վերաբերյալ որոշումը կայացվում է Կազմակերպության խորհրդի կողմից` խորհրդի առնվազն երկու անդամների երաշխավորմամբ:
  • Կազմակերպությունը վարում է իր անդամների հաշվառումը և պարբերաբար թարմացնում նրանց վերաբերյալ տվյալները: Կազմակերպության անդամների հաշվառում վարելու կարգը և պայմանները սահմանվում է Կազմակերպության խորհրդի կողմից:
  • Կազմակերպության անդամը մուծում է անդամավճար, որի չափը և գանձման կարգը սահմանվում են Կազմակերպության խորհրդի կողմից:
  • Կազմակերպության անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի հիման վրա:
  • Կազմակերպության անդամի հեռացումը կատարվում է Կազմակերպության խորհրդի՝ տվյալ անդամին Կազմակերպության անդամությունից հեռացնելու մասին որոշման հիման վրա՝ սույն կանոնադրության 3.8 կետով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերում: Վերստին նրա անդամագրումը կատարվում է ընդհանուր հիմունքներով:
  • Կազմակերպության անդամն իրավունք ունի՝

ա) Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընտրելու և ընտրվելու Կազմակերպության կառավարման մարմիններում, 

բ) ներկա լինելու համաժողովին անձամբ կամ Կազմակերպության կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերին,

գ) Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով օգտվելու նրա ծառայություններից,

դ) ծանոթանալու Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները,

ե) Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կամ դատական կարգով բողոքարկելու Կազմակերպության մարմինների որոշումները,

զ) Կազմակերպությունից պահանջելու տեղեկություններ, ստանալու փաստաթղթերի պատճեններ՝ Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալու նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը, որոնք վերաբերում են վերջին երեք տարիներին,

է) Կազմակերպության կառավարման մարմինների քննարկմանը ներկայացնել Կազմակերպության գործունեության և ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ, դիտողություններ, գործնական ծրագրեր,

ը) անարգել դուրս գալ Կազմակերպության շարքերից,

թ) իրականացնելու օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ:

  • Կազմակերպության անդամը պարտավոր է.

ա) կատարել Կազմակերպության կանոնադրական պահանջները և կառավարման մարմինների որոշումները,

բ) բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները,

գ) վճարել անդամավճար:

  • Կազմակերպությունը կարող է շնորհել պատվավոր անդամի կոչումներ: Պատվավոր անդամի կոչումը շնորհվում է Կազմակերպության խորհրդի որոշմամբ: Կազմակերպության պատվավոր անդամները որևէ իրավունքներ և պարտականություններ չունեն:
  • Կազմակերպության խորհուրդը Կազմակերպության անդամների նկատմամբ կարող է կիրառել ինչպես խրախուսանքի միջոցներ, այնպես էլ տույժի միջոցներ՝ Կազմակերպության կանոնադրական դրույթների խախտումների դեպքում: Կազմակերպության անդամների նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու կարգը սահմանվում է Կազմակերպության խորհրդի կողմից:

 

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  • Կազմակերպության կառավարման կառուցվածքն է՝ համաժողովը, խորհուրդը և նախագահը:
  • Հաշվի առնելով, որ Կազմակերպության գործունեությունը վերահսկելու համար սույն կանոնադրությամբ առանձին մարմին չի նախատեսվում ստեղծել, ուստի Կազմակերպության գործունեության վերահսկողությունը իրականացնելու է համաժողովը:
  • Կազմակերպության կառավարման մարմիններն ընտրովի են:
  • Կազմակերպության կառավարման մարմինների անդամ կարող են դառնալ 18 տարին լրացած անձինք:
  • Կազմակերպության բարձրագույն մարմինը նրա անդամների համաժողովն է, որին պատկանում է Կազմակերպության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավունքը:

Կազմակերպության համաժողովը գումարվում է չորս տարին մեկ անգամ՝ Կազմակերպության նախագահի կողմից:

  • Եթե Կազմակերպության անդամների թվաքանակը անցնում է հարյուրի սահմանը, ապա համաժողովին կարող են մասնակցել անդամների կողմից ընտրված ներկայացուցչական պատվիրակները` խորհրդի կողմից սահմանված քվոտայով: Խորհուրդը որոշում է համաժողովի անցկացման օրը, ժամը և տեղը, ինչպես նաև ժողովի օրակարգի նախնական տարբերակը և այդ մասին ոչ ուշ, քան 5 օր առաջ էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցում է Կազմակերպության անդամներին` հավաստվելով հասցեատիրոջ կողմից ծանուցումը ստանալու փաստը:
  • Կազմակերպության արտահերթ համաժողով գումարվում է Կազմակերպության նախագահի կամ անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի պատճառաբանված որոշման դեպքում, ոչ ուշ, քան 5 օրացուցային օրվա ընթացքում՝ Կազմակերպության նախագահի կողմից: Արտահերթ համաժողովները հրավիրվում են հրավիրողի օրակարգով:
  • Եթե նախագահը հրաժարվում է արտահերթ համաժողով հրավիրել, ապա արտահերթ համաժողով հրավիրում է պահանջող կողմը` Կազմակերպության կառավարման մարմինների հրաժարականի և նոր կառավարման մարմիններ ընտրելու օրակարգով: Եթե համաժողովը պետք է անցկացվի պատվիրակներով և հնարավոր չի լինում սահմանված ժամկետում պատվիրակներ ընտրել, ապա համաժողովին հրավիրում են նախորդ համաժողովի պատվիրակներին: Խորհուրդը որոշում է արտահերթ համաժողովի անցկացման օրը, ժամը և տեղը, ինչպես նաև համաժողովի օրակարգի նախնական տարբերակը և այդ մասին ոչ ուշ քան 5 օր առաջ էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցում է Կազմակերպության անդամներին` հավաստելով հասցեատիրոջ կողմից ծանուցումը ստանալու փաստը:
  • Հերթական կամ արտահերթ համաժողով գումարվում է դրա մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ:
  • Կազմակերպության համաժողովը.

ա) հաստատում է Կազմակերպության նոր խմբագրությամբ կանոնադրությունը, կատարում է Կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կամ լրացումներ,

բ) ստեղծում է այլ իրավաբանական անձ, որոշումներ է ընդունում այլ կազմակերպությունում Կազմակերպության մասնակցության մասին,

գ) հաստատում է Կազմակերպության կառուցվածքը,

դ) որոշում է Կազմակերպության խորհրդի թվաքանակը, չորս տարի ժամկետով ընտրում է Կազմակերպության խորհրդի անդամներին, փոփոխում է խորհրդի կազմը, վաղաժամկետ դադարեցնում է խորհրդի անդամների լիազորությունները,

ե) չորս տարի ժամկետով ընտրում է Կազմակերպության գործադիր մարմին` նախագահ, որը ի պաշտոնե մտնում է Կազմակերպության խորհրդի կազմի մեջ և հանդիսանում է Կազմակերպության խորհրդի նախագահը, վաղաժամկետ դադարեցնում է նրա լիազորությունները,

զ) չորսին տարին մեկ անգամ հաստատում է համաժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում նախագահի և խորհրդի կողմից հաստատված Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև Կազմակերպության մարմինների գործունեության հաշվետվությունները,

է)   դադարեցնում է Կազմակերպության մարմինների իրավական ակտերի պահանջներին և կանոնադրությանը հակասող որոշումների գործողությունը,

ը) ընդունում է որոշում Կազմակերպության վերակազմակերպման մասին,

թ) ընդունում է որոշում Կազմակերպությունը լուծարելու մասին, բացառությամբ դատարանի վճռով լուծարվելու դեպքերի,

ժ) իրականացնում է օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

Կազմակերպության համաժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե Կազմակերպության համաժողովին մասնակցում են Կազմակերպության բոլոր անդամների կամ համաժողովի բոլոր պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին: Օրենքով և սույն կանոնադրությամբ Կազմակերպության համաժողովի բացառիկ իրավասությանը ենթակա հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են, եթե կողմ են քվեարկել Կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների թվի կեսից ավելին: Մնացած հարցերով որոշումներն ընդունվում են համաժողովին մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ:

  • Կազմակերպության խորհուրդը.

ա) համարվում է Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը Կազմակերպության համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում,

բ) քննարկում և որոշումներ է կայացնում Կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք մտնում են Կազմակերպության համաժողովի և նախագահի  իրավասությունների մեջ,

գ) նախապատրաստում է Կազմակերպության համաժողովները, սահմանում է Կազմակերպության համաժողովի պատվիրակների քվոտան ըստ Կազմակերպության անդամների թվի, Կազմակերպության համաժողովի գումարման օրվանից առնվազն երեսուն օր առաջ կազմակերպում է Կազմակերպության համաժողովի պատվիրակների ընտրությունը,

դ) հաստատում է Կազմակերպության քառամյա ռազմավարությունը (պլանը) և հսկում դրա կատարման ընթացքը,

ե) որոշումներ է ընդունում Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ՝ ներկայացուցչություններ և մասնաճյուղեր, ինչպես նաև հիմնարկներ ու կառուցվածքային ստորաբաժանումներ` հանձնաժողովներ, բաժիններ, բաժանմունքներ, ակումբներ, աշխատանքային խմբեր ստեղծելու և լուծարելու մասին, հաստատում է դրանց Կանոնադրությունները, կանոնակարգերը և աշխատակարգերը, որոնք չեն կարող հակասել սույն Կանոնադրությանը, նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարներին տալիս է լիազորագրեր, հաստատում կամ չեղյալ է համարում Կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարների որոշումները Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների տարածքային գրասենյակներ ստեղծելու և տարածքային գրասենյակների ղեկավարներ նշանակելու ու ազատելու մասին,

զ) որոշում է կայացնում Կազմակերպության ստեղծած այլ իրավաբանական անձանց ղեկավարների նշանակման և ազատման մասին, ինչպես նաև Կազմակերպության մասնակցությամբ այլ իրավաբանական անձանց բարձրագույն և/կամ կառավարման մարմիններում Կազմակերպության ներկայացուցիչների նշանակման և ազատման մասին,

է) որոշում է կայացնում լրատվական միջոցներ ստեղծելու վերաբերյալ, նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին,

ը) յուրաքանչյուր տարի հաստատում է համաժողովի գումարմանը նախորդող տարիների ընթացքում նախագահի կողմից հաստատված Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև կազմակերպության մարմինների գործունեության հաշվետվությունները,

թ) ընտրելու Կազմակերպության աուդիտն իրականացնող անձին (աուդիտորին), եթե օրենսդրության համաձայն՝ Կազմակերպությունը ենթակա է պարտադիր աուդիտի,

ժ) ֆինանսական միջոցների առկայության դեպքում իրավունք ունի նախատեսել Կազմակերպության նախագահի վարձատրություն, սահմանել վարձատրության կարգը և պայմանները,

ի) որոշում է կայացնում Կազմակերպությանն անդամագրելու և անդամությունից հեռացնելու վերաբերյալ: Որոշում է անդամավճարների չափերը և դրանց գանձման կարգը, սահմանում է Կազմակերպության անդամների հաշվառում վարելու կարգը և պայմանները, ինչպես նաև Կազմակերպության անդամների նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու կարգը:

  • Կազմակերպության խորհրդի նիստը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը: Որոշումներն ընդունվում են Կազմակերպության խորհրդի նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի նախագահի մասնակցությունը նիստին պարտադիր է: Վերջինիս բացակայությամբ խորհրդի կողմից ընդունված որոշումներն անվավեր են:
  • Կազմակերպության խորհուրդը իր հերթական նիստերը հրավիրում է երեք ամիսը մեկ անգամ: Կազմակերպության խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ի գրավոր պահանջով Կազմակերպության նախագահի կողմից կամ Կազմակերպության նախագահի կողմից անմիջականորեն: Կարող են հրավիրվել խորհրդի ընդլայնված նիստեր՝ Կազմակերպության առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Կազմակերպության այլ անդամների մասնակցությամբ:
  • Խորհրդի հերթական կամ արտահերթ նիստ գումարվում է խորհրդի անդամների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ:
  • Կազմակերպության նախագահը.

ա) հանդիսանում է Կազմակերպության գործադիր մարմինը, ղեկավարում է Կազմակերպության խորհրդի աշխատանքները, իրականացնում է Կազմակերպության ընթացիկ գործունեության, ինչպես նաև Կազմակերպության կառավարման մարմինների գործունեությունն ապահովելուն ուղղված բոլոր հարցերի կառավարումը,

բ) ապահովում է Կազմակերպության համաժողովի, Կազմակերպության խորհրդի կողմից ընդունված որոշումների և հանձնարարականների կատարումը, իր իրավասության սահմաններում իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,

գ) հաստատում է տարեկան ծախսերի նախահաշիվը, Կազմակերպության հաստիքացուցակը և Կազմակերպության աշխատակազմի կանոնակարգը, որը չի կարող հակասել սույն կանոնադրությանը,

դ) հաստատում է Կազմակերպության, ինչպես նաև նրա մարմինների հաշվետվությունները,

ե) յուրաքանչյուր տարի հաստատում է Ժողովների գումարմանը նախորդող տարիների Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունները, որոնք տարին մեկ անգամ ներկայացնում է խորհրդի, իսկ հինգ տարին մեկ անգամ` Ժողովի հաստատմանը,

զ) սահմանում է Կազմակերպության փոխնախագահների թիվը և սահմանում նրանց լիազորությունները, Կազմակերպության խորհրդի կազմից նշանակում և պաշտոնից ազատում է Կազմակերպության փոխնախագահներին ու խորհրդի քարտուղարին,

է) աշխատանքի է ընդունում և ազատում է աշխատանքից Կազմակերպության աշխատակազմի հաստիքային և պայմանագրային աշխատողներին, այդ թվում` դրամաշնորհային և ոչ դրամաշնորհային ծրագրերի ղեկավարներին և աշխատողներին, ինչպես նաև աշխատանքի է ընդունում և ազատում է աշխատանքից Կազմակերպության գլխավոր հաշվապահին, Կազմակերպության կամավորների հետ կնքում կամավորական աշխատանքի մասին պայմանագրեր,

ը) Կազմակերպության համաժողովին հաշվետվություն է ներկայացնում Կազմակերպության խորհրդի և իր գործունեության մասին,

թ) որոշումներ է կայացնում Կազմակերպության գործունեության բոլոր հարցերի վերաբերյալ, բացառությամբ` Կազմակերպության համաժողովի և խորհրդի իրավասությանը պատկանող հարցերի,

ժ) իր լիազորություններն իրականացնելիս Կազմակերպության անունից գործում է առանց լիազորագրի, տնօրինում է Կազմակերպության գույքն ու դրամական միջոցները (այդ թվում` դրամաշնորհային միջոցներն ու անդամավճարների ֆոնդը), տալիս է լիազորագրեր, բանկերում բացում է Կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ, ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում, Կազմակերպության անունից վարում է բանակցություններ, կնքում պայմանագրեր և համաձայնագրեր, ստորագրում Կազմակերպության համաժողովի և խորհրդի կողմից ընդունված փաստաթղթերը,

ժա) նախագահում է Կազմակերպության համաժողովի և խորհրդի նիստերը, Կազմակերպության համաժողովի նիստերի նախագահումը կարող է լիազորել Կազմակերպության անդամ այլ անձի,

ժբ) հրավիրում և գումարում է Կազմակերպության համաժողովի և խորհրդի հերթական և արտահերթ նիստեր,

ժգ) Կազմակերպության փոխնախագահներին, խորհրդի քարտուղարին և Կազմակերպության խորհրդի անդամներին և  Կազմակերպության գործադիր տնօրենին սույն կանոնադրության շրջանակներում, կատարման համար կարող է փոխանցել Կազմակերպության նախագահին վերապահված առանձին լիազորություններ,

ժդ) որոշում է ընդունում ցանկացած տեսակի և քանակի գույք ձեռք բերելու, տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու, այդ թվում` օտարելու և դուրս գրելու վերաբերյալ,

ժե) հաստատում է Կազմակերպության հիմնական միջոցառումների և աշխատանքների տարեկան պլանները, ծրագրերը (այդ թվում` դրամաշնորհային ծրագրերը) և հսկում դրանց կատարման ընթացքը,

ժզ) սահմանում է Կազմակերպության ղեկավար մարմիններում ընդգրկված անձանց Կազմակերպության կողմից վարձատրության կարգը,

ժէ) անհրաժեշտության դեպքում որոշումներ է ընդունում Կազմակերպության նախագահին կից հասարակական կարգով ժամանակավոր հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր,  ստեղծելու և լուծարելու մասին, հաստատում է դրանց կանոնադրությունները, կանոնակարգերը և աշխատակարգերը, որոնք չեն կարող հակասել սույն կանոնադրությանը, նշանակում և ազատում է դրանց ղեկավարներին և անդամներին, նշանակում և ազատում է դրամաշնորհային և ոչ դրամաշնորհային ծրագրերի ղեկավարներին ու անդամներին (կամավորներ), անհրաժեշտության դեպքում նշանակում և ազատում է Կազմակերպության նախագահի օգնականներին (ռեֆերենտներ) և ներկայացուցիչներին,

ժը) հաստատում է Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում՝ նրա առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ կանոնները,

ժթ) իրականացնում է օրենքով, Կազմակերպության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

  • Կազմակերպության գործունեության ընթացքում օրենքով և սույն կանոնադրությամբ բարձրագույն մարմնի բացառիկ իրավասությանը չվերապահված և սույն կանոնադրությամբ չկարգավորված ցանկացած հարց լուծվում է նախագահի կողմից:
  • Անհրաժեշտության դեպքում նախագահը նշանակում է Կազմակերպության գործադիր տնօրեն՝ կազմակերպության առօրյա աշխատանքները կազմակերպելու համար:
  • Գործադիր տնօրենը.

ա) նշանակվում և ազատվում է Կազմակերպության նախագահի կողմից,

բ) հաշվետու է բացառապես Կազմակերպության նախագահին,

գ) գործում է Կազմակերպության նախագահի գրավոր լիազորագրի կամ հանձնարարականի հիման վրա: 

  • Գործադիր տնօրեն նշանակելիս Կազմակերպության նախագահի և գործադիր տնօրենի միջև, օրենքով սահմանված կարգով, կնքվում է աշխատանքային պայմանագիր (սույն դրույթը գործում է, եթե գործադիր տնօրենին նախատեսվում է աշխատավարձի վճարում):
  • Կազմակերպության փոխնախագահները.

ա) կատարում են Կազմակերպության նախագահի կողմից փոխնախագահի համար սահմանած լիազորությունները,

բ) Կազմակերպության նախագահի հանձնարարությամբ փոխնախագահներից մեկը նրա բացակայության ժամանակահատվածում կատարում է Կազմակերպության նախագահի պարտականությունները:

4.21. Կազմակերպության խորհրդի քարտուղարը.

ա) արձանագրում է Կազմակերպության համաժողովի և խորհրդի նիստերը,

բ) ստորագրում է Կազմակերպության համաժողովի և խորհրդի նիստերի արձանագրությունները,

գ) տնօրինում է Կազմակերպության խորհրդի արխիվը,

դ) կատարում է Կազմակերպության նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորությունները:

 

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

  • Կազմակերպությունը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
  • Կազմակերպության գույքը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը նրա անդամների միջև չի բաշխվում: 
  • Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել անդամների ներդրումները, անդամավճարները, ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները, իր ստեղծած կամ իր մասնակցությամբ այլ Կազմակերպությունից ստացված միջոցները, դրամական մուտքերը պետական բյուջեից, նվիրատվությունները, նվիրաբերությունները, այդ թվում՝ դրամաշնորհները, հանգանակությունները, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցները:
  • Կազմակերպությանը սեփականության իրավունքով կարող են պատկանել օրենքով չարգելված սեփականության իրավունքի ցանկացած օբյեկտներ: Կազմակերպությանը պատկանող գույքը օգտագործվում է իր կանոնադրական նպատակների ու խնդիրների իրականացման համար:

 

  1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

  • Կազմակերպության վերակազմակերպումն ու լուծարումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:
  • Կազմակերպությունը կարող է լուծարվել իր համաժողովի կամ դատարանի որոշմամբ:
  • Լուծարման մասին որոշում կայացնելու դեպքում կազմավորվում է լուծարման հանձնաժողով և սահմանվում են լուծարման կարգը և ժամկետները:
  • Կազմակերպության լուծարման դեպքում լուծարման հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջները բավարարելուց և պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, լուծարման մասին որոշում կայացրած մարմնի կողմից սահմանված կարգով, օգտագործում է Կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման նպատակով, դրա անհնարինության դեպքում այն փոխանցվում է պետական բյուջե, իսկ վեճի առկայության դեպքում հարցը լուծվում է դատարանի կողմից:

 

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»  հասարակական Կազմակերպության խորհրդանիշի պատկերը