Անդամություն

3.1. Կազմակերպության անդամ կարող է դառնալ 16-ից մինչև 35 տարեկան յուրաքանչյուր իրավաբան, իրավաբանական բուհի յուրաքանչյուր ուսանող, որն ընդունում է Կազմակերպության կանոնադրությունը, իր գործունեությամբ նպաստում է Կազմակերպության կանոնադրական նպատակների իրագործմանը, մուծում է մուտքավճար ու անդամավճար:

3.2. Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, Կազմակերպությանը կարող է անդամագրվել իր դիմումի հիման վրա՝ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

3.3. Գրավոր դիմումի համաձայն Կազմակերպության անդամի անդամագրվելու վերաբերյալ որոշումը կայացվում է Կազմակերպության խորհրդի կողմից` խորհրդի առնվազն երկու անդամների երաշխավորմամբ:

3.4. Կազմակերպությունը վարում է իր անդամների հաշվառումը և պարբերաբար թարմացնում նրանց վերաբերյալ տվյալները: Կազմակերպության անդամների հաշվառում վարելու կարգը և պայմանները սահմանվում է Կազմակերպության խորհրդի կողմից:

3.5. Կազմակերպության անդամը մուծում է մուտքավճար և անդամավճար, որոնց չափերը և գանձման կարգը սահմանվում են Կազմակերպության խորհրդի կողմից:

3.6. Կազմակերպության անդամությունից դուրս գալը կատարվում է տվյալ անդամի գրավոր դիմումի կամ Կազմակերպության խորհրդի՝ տվյալ անդամին Կազմակերպության անդամությունից հեռացնելու մասին որոշման հիման վրա՝  սույն կանոնադրության 3.8 կետով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

3.7. Կազմակերպության անդամն իրավունք ունի՝

ա) ընտրել և ընտրվել Կազմակերպության ղեկավար մարմիններում,

բ) Կազմակերպության ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել Կազմակերպության գործունեության և ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ, դիտողություններ, գործնական ծրագրեր,

գ) ազատորեն արտահայտել սեփական տեսակետը,

դ) օգտվել Կազմակերպության իրավական, ֆինանսական, տեխնիկական, տեղեկատվական և այլ աջակցությունից,

ե) իրազեկ լինել Կազմակերպության գործունեությանը,

զ) ներկա գտնվել Կազմակերպության համաժողովին, եթե վերջինս անցկացվում է պատվիրակների կազմով, իսկ ինքը պատվիրակ չի ընտրվել,

է) ծանոթանալ Կազմակերպության մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները,

ը) Կազմակերպության մարմինների որոշումները բողոքարկել գրավոր կարգով՝ ըստ վերադասության,

թ) Կազմակերպության մարմնի, այդ թվում` բարձրագույն մարմնի որոշումները վիճարկել դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով,

զ) անարգել դուրս գալ Կազմակերպության շարքերից:

3.8. Կազմակերպության անդամը պարտավոր է.

ա) սահմանված չափով և կարգով մուծել մուտքավճար ու անդամավճար,

բ) մասնակցել և աջակցել Կազմակերպության գործունեությանը,

գ) իր գործունեությամբ և վարքով բարձր պահել Կազմակերպության հեղինակությունը, առանց Կազմակերպության իրավասու մարմնի կողմից տրված լիազորագրի հանդես չգալ Կազմակերպության անունից,

դ) գործել սույն կանոնադրությանը համապատասխան, կատարել Կազմակերպության կանոնադրական պահանջները, Կազմակերպության ղեկավար մարմինների որոշումները:

3.9. Կազմակերպությունը կարող է շնորհել Կազմակերպության պատվավոր նախագահի և պատվավոր անդամի կոչումներ: Կազմակերպության պատվավոր նախագահի կոչումը շնորհվում է երիտասարդ իրավաբանների համայնքի զարգացման գործում առնվազ 20 տարվա ավանդ և ոլորտում մեծ հեղինակություն ունեցող  հանրաճանաչ անձին` Կազմակերպության խորհրդի որոշմամբ: Կազմակերպության պատվավոր անդամի կոչումը շնորհվում է երիտասարդ իրավաբանների համայնքի զարգացման գործում առնվազ 10 տարվա ավանդ և ոլորտում հեղինակություն ունեցող  անձին` Կազմակերպության խորհրդի որոշմամբ: Կազմակերպության պատվավոր նախագահը հանդիսանում է Կազմակերպության խորհրդի ավագ խորհրդականը, խորհրդի հրավերով մասնակցում է խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով: Վերը նշվածից բացի Կազմակերպության պատվավոր նախագահը որևէ այլ իրավունքներ և պարտականություններ չունի: Կազմակերպության պատվավոր անդամները որևէ իրավունքներ և պարտականություններ չունեն:

3.10. Կազմակերպության անդամները, պատվավոր նախագահը և պատվավոր անդամները Կազմակերպության ունեցվածքի մեջ չունեն բաժնի իրավունք:

3.11. Կազմակերպության խորհուրդը Կազմակերպության անդամների նկատմամբ կարող է կիրառել ինչպես խրախուսանքի միջոցներ, այնպես էլ` տույժի միջոցներ՝ Կազմակերպության կանոնադրական դրույթների խախտումների դեպքում: Կազմակերպության անդամների նկատմամբ խրախուսանքի և տույժի միջոցներ կիրառելու կարգը սահմանվում է Կազմակերպության խորհրդի կողմից: