Դատական համակարգի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների և վիճակագրության հրապարակումը նախատեսված է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ

Դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավումը Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության ռազմավարական նպատակներից մեկն է։

Դատական իշխանության անկախությունը և հաշվետվողականությունը սերտորեն փոխկապակցված են. հաշվետվողականությունն անկախության նախադրյալ է։ Այն դատական իշխանությունը, որը չունի հանրային հաշվետվողականություն, չի կարող վայելել հանրության վստահությունը, ինչը, ի վերջո, վտանգի տակ կդնի հենց անկախությունը։ Այս ռազմավարությունը նպատակաուղղված է ինչպես հաշվետվողականության, այնպես էլ անկախության ամրապնդման համար հիմքեր ստեղծելուն և երկու կոնցեպտների միջև անհրաժեշտ հավասարակշռություն ապահովելուն։

Այս նպատակի ռազավարական ուղղություններից մեկը դատական համակարգի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների և վիճակագրության հրապարակումն է։

Ներկայումս դատական համակարգի գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը և վիճակագրությունն ունեն սահմանափակ հասանելիություն։ Վիճակագրական տվյալները հասանելի են www.court.am կայքում, սակայն կայքի տեղեկատվական բազան ժամանակին չի թարմացվում, իսկ վիճակագրական տեղեկատվությունը ինքնաշխատ չի գեներացվում և ամփոփված չէ օգտագործողի համար հարմար ձևաչափով։

Մինչդեռ՝ դատական համակարգի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության տեսանկյունից էական նշանակություն ունի հանրության համար հասանելի առցանց ռեժիմում գործող դատարանների գործունեությունն ամփոփող զեկույցների և վիճակագրության հրապարակումը։ Ուստի, անհրաժեշտ է ապահովել դատական համակարգի գործունեության վերաբերյալ ամբողջական հաշվետվությունների և վիճակագրության հանրային հասանելիությունը, ինչը կբարձրացնի դատական իշխանության հանրային հաշվետվողականությունը։