Հակակոռուպցիոն դատարանը՝ հակակոռուպցիոն ռազմավարության նպատակ

Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծումը նախատեսված էր Հակակոռուպցիոն ռազմավարությամբ։

Ռազմավարության մեջ նշվում է․ «Հարկ է նշել, որ հակակոռուպցիոն դատարանն աչքի կընկնի դատարանների տնօրինության տակ գտնվող մարդկային, վարչական և նյութական ռեսուրսներով։ Հակակոռուպցիոն ողջ համատեքստում մասնագիտացված դատարանի ինստիտուտի հիմնադրումը կարող է դիտվել իբրև համակարգին լրացուցիչ կայունություն և ամբողջականություն հաղորդող քայլ։ Հակակոռուպցիոն դատարանը ներառելու է 25 դատավոր, որոնցից 5-ը կունենա քաղաքացիական մասնագիտացում, իսկ 20-ը՝ քրեական։ Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի դատավորին վճարվող աշխատավարձի չափ նախատեսվում է սահմանել մոտ 1.500.000 ՀՀ դրամ:

Հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը զուգահեռ նաև պետք է համապատասխանաբար ավելացնել  ՀՀ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանի դատավորների թիվը»։

2021 թվականի ապրիլի 14-ին Ազգային ժողովն ընդունեց  «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի համաձայն ստեղծվեց հակակոռուպցիոն դատարանը։

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածով սահմանված են մասնագիտացված դատարանների իրավասությունները, ըստ որի․

Հակակոռուպցիոն դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով հակակոռուպցիոն դատարանների իրավասությանը վերապահված գործերը, ինչպես նաև քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը:

Նշենք, որ նաև սահմանափակումներ կան՝ դատավոր նշանակվելու համար, որն էլ սահմանված է օրենսգրքի 112-րդ հոդվածով։

1. Դատավոր չի կարող նշանակվել այն անձը`

1) որը դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը մարված կամ հանված չէ.

2) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժ է կրել` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից.

3) որն ունի դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

4) որը չի անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային ծառայություն կամ օրենքով նախատեսված կարգով չի ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից (եթե անձն արական սեռի է).

5) որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչված է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ սնանկ, և սնանկության վարույթը չի ավարտվել.

6) որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում:

1.1. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր չի կարող նշանակվել այն անձը`

1) որի վրա տարածվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները.

2) որը, լինելով դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, փաստաբան կամ նախկին դատավոր, դատախազ, քննիչ, հետաքննիչ, օպերլիազոր, փաստաբան վերջին երեք տարվա ընթացքում ստացել է խիստ նկատողություն կամ օրենքով սահմանված ավելի ծանր կարգապահական տույժ՝ անկախ կարգապահական տույժի՝ սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից:

1.2. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված սահմանափակումները տարածվում են նաև վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող և վերաքննիչ քաղաքացիական դատարանում հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավորների թեկնածուների նկատմամբ:

2. Դատավորի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը սահմանում է Կառավարությունը: