Կայացավ «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի սեմինար-հանրային քննարկումը՝ Շիրակի և Արագածոտնի մարզերի ներկայացուցիչների համար

Մեկնարկել են հանրային քննարկումները՝ «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի իրազեկման և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի քննարկման վերաբերյալ։

Մայիսի 12-ին, կայացավ առաջին սեմինար-հանրային քննարկումը՝ Շիրակի և Արագածոտնի մարզերի  հասարակական կազմակերպությունների, փաստաբանների, իրավաբանների, մարզպետարանի, համայնքների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։

Ողջույնի խոսքով հանդես եկան  «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի ղեկավար Սյուզաննա Սողոմոնյանը և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի անդամ, փաստաբան Գայանե Գևորգյանը։ 

Սյուզաննա Սողոմոնյանը շնորհակալություն հայտնեց  մասնակցության համար, և ապա ներկայացրեց ծրագիրը, գործողությունները և ակնկալվող արդյունքները։ «Ցանկացած ժողովրդավար և իրավական պետության հիմքում պետք է դրված լինի մարդու իրավունքների պաշտպանությունը։ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության միջոցառումների կարևորագույն գործողություններ նախատեսված է իրականացնել 2020 թվականին։ Ամենակարևոր արդյունքը, որը մենք ցանկանում ենք նվաճել ծրագրի շրջանակներում, դա իրավական և սոցիոլոգիական հենքի վրա կառուցված փաստակված զեկույցի պատրաստումն է, որով պետք է հասկանանք, թե որքանով են կատարվել ռազմավարությամբ նախատեսված միջոցառումները, դրանց որակական և քանակական չափանիշները։ Մի բան է, երբ ունենում ենք քանակական արդյունքներ, բայց մեկ այլ բան է, թե քանակական արդյունքներն ինչպիսի որակ ունեն և ինչպես են ազդելու կոնկրետ համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանը։ Փաստարկված զեկույցի հիման վրա կազմվելու են նաև առաջարկություններ՝ ուղղված ռազմավարության և դրանում տեղ գտած միջոցառումների իրականացման բարելավման»,-ասաց նա։ 

 Գայանե Գևորգյանի խոսքով՝ Ծրագիրը նվիրված է լինելու իրավական համակարգում տեղի ունեցող փոփոխություններին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության կողմից որդեգրված ռազմավարությանն ու քաղաքականությանը։ 2019թ․ դեկտեմբերի 26-ին  կառավարությունը Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը։ Շատ դեպքերում հասարակության լայն շերտերը տեղյակ չեն, թե ինչ սկզբունքներ ու նպատակներ ունեն դրանք, ինչ ուղղություններ են սահմանված և ինչպես է բարելավվելու մարդու իրավունքների պաշտպանության վիճակը Հայաստանում։ Ծրագրով դրանք օրենսդրական որոշակի փոփոխությունների ենթարկելու համար առաջարկություններ են մշակվելու»,-ասաց Գայանե Գևորգյանը՝ կարևորելով քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավվածությունը այ գործընթացում։

Սյուզաննա Սողոմոնյանը նշեց նաև, որ Ռազմավարության առաջին 8 ամիսներին սոցիոլոգի կողմից մոնիթորինգի են ենթարկվելու նախարարությունների և տարբեր գերատեսչությունների կողմից կատարված միջոցառումները՝ հատուկ մշակված մեթոդոլոգիայով, որտեղ ակտիվ մասնակցություն պետք է ունենան ՔՀԿ-ները, ոլորտային պատասխանատու կառույցները։ 

«2020-2022 թվականների համար մենք կգնահատենք գործողությունների առաջընթացը, ավելի շատ որակական տեղեկատվություն կներկայացվի, այն գործողությունները, որոնք նախատեսված են իրականացնել առաջին կիսամյակում, մենք կկարողանանք գնահատել՝ արդյո՞ք հասել են դրանք իրենց նպատակին, կա՞ն ժամկետների խախտումներ, թե՝ ոչ և այլն։ Համեմատումներ կարվեն իհարկե նաև ելակետային տվյալների հետ»,- ասաց ծրագրի սոցիոլոգ-փորձագետ Սոնյա Մսրյանը։ 

Սեմինարի ժամանակ քննարկվեցին մարզում առկա հիմնական խնդիրները։ Մասնակիցների կողմից նշվեց, որ Շիրակի մարզն աչքի է ընկնում իր սոցիալական խնդիրներով՝ սկսած բնակարանային հարցերից մինչև գործազրկություն։ 

«Կա 2 ընատնիքն, որտեղ կինը և երեխաները բռնության են ենթարկվել, նրանք ապրում են վագոն-տնակների մեջ։ Բռնության ենթարկված կնոջն ու ընտանիքին օգնել ենք»,- ասաց Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը։

Նա խոսեց նաև ներառական կրթության մասին՝ նշելով, որ համայնքում ունեն նաև մանկապարտեզ, որը ևս ներառական է։ Այնտեղ աշխատում են լոգոպեդ և հոգեբան։

 Ժաննա Ավետիսյանը՝ Արագածոտնի մարզում գործունեություն իրականացնող «ԱՐԱՅԻ» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպության ներկայացուցիչը և Կարբիի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենը, խոսեց ներառական կրթության խնդրի մասին՝ նշելով, որ հաշմանդամություն ունեցող և սայլակով տեղաշարժվող երեխաների համար պայմաններ չկան դպրոց մտնելու, այնտեղ տեղաշարժվելու համար։ «Ներառական կրթությունը դպրոցներում համատարած իրականացնելուց առաջ պետք է հենաշարժողոկան խնդիրներ ունեցող երեխաների համար նախապես պայմաններ ստեղծվեր, սա շատ լուրջ խնդիր է, խախտվում են այս երեխաների իրավունքները։ Երեխաներն էլ, ծնողներն էլ ուզում են, որ նրանք դպրոց գնան, բայց թեքահարթակներ չկան, դպրոցում առաջին օգնության պայմաններ չկան»,-ասաց դպրոցի տնօրենը։ 

Փաստաբան Արինա Մեծոյանը նշեց, որ առաջնային խնդիրը տեղեկատվության պակասն է քաղաքացիների շրջանում։ «Երբ մենք խոսում ենք մարդու իրավունքներից, պետք է հասարակության լայն շերտը տիրապետի ու հասկանա, թե ինչի մասին է խոսքը, որ քաղաքացին անձամբ ցանկանա իր իրավունքները պաշտպանել, քանի որ շատ հաճախ քաղաքացիներն իրենց իրավունքները շփոթում են իրենց ցանկությունների հետ»,-ասաց փաստաբանը։ Անդրադառնալով ոլորտային խնդիրներին, մասնավորապես՝ արդար դատական քննության իրավունքին, նա նշեց ժամկետների, այդ թվում միջնորդություններ ներկայացնելու ժամկետների, առցանց հարթակում դատական ակտերի տեղադրման թերացումների և մի շարք այլ հարցերի մասին։ «Փորձը ցույց է տալիս, որ տվյալ օրը պետք է Datalex.am պաշտոնական կայքում հրապարակվի վճիռը, բայց չի լինում, խոսում ենք դատավորի օգնականի հետ, պարզվում է, որ վճիռն անգամ պատրաստ չէ»,-ասաց նա։

Խոսվեց նաև ընտանիքում բռնության դեպքերի, խնամքի տների, ինչպեսև առողջապահական ոլորտի, մասնավորապես՝ բժշկական գաղտնիքի մասին՝ նշվեց, որ մարզում շատ են լինում դեպքերը, երբ հիվանդանոցում հիվանդ պացիենտից բացի, նրա հիվանդության մասին իմանում են երրորդ անձիք՝ ընտանիքի մյուս անդամները՝ խախտելով անձնական տվյլաների գաղտնիության իրավունքը։

Մասնակիցները նշեցին, որ սիրով կհամագործակցեն և իրենց աջակցությունը կներկայացնեն՝ խնդիրները վեր հանելու, դրանց լուծումների համար առաջարկներ ներկայացնելու հարցում։ 

Նշենք նաև, որ քննարկման արդյունքում վեր հանված խնդիրներն ու մարտահրավերները ամփոփվել են իրավաբան-փորձագետի կողմից, որոնք հաշվի են առնվելու մոնիթորինգի իրականացման, զեկույցի և առաջարկությունների մշակման գործընթացում։ 

Համանման քննարկումներ նախատեսվում են անցկացնել նաև Լոռու, Սյունիքի և Երևանի ՔՀԿ-ների, պետական իրավասու մարմինների, փաստաբանների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ 

«Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի կողմից։