Հայտնի են ՀՀ արդարադատության նախարարության կողմից ՄԻՊ ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի իրավահավասարության և խտրականության արգելքի ոլորտներում իրականացված աշխատանքների ընթացիկ արդյունքները
Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Ուղիղ ժողովրդավարության խթանումը Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի ներքո ընթանում են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշտադիտարկման աշխատանքները։ Ծրագիրը ավանդույթի համաձայն հանրության ուշադրությանն է ներկայացնում մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն՝ յուրաքանչյուր շաբաթ անդրադառնալով Գործողությունների ծրագրի կոնկրետ ոլորտների։ Նախորդ նյութերով արդեն իսկ հանրության ուշադրությանն է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացված աշխատանքների մի մասի վերաբերյալ տեղեկատվություն։ Այս շաբաթ կանդրադառնանք ՀՀ արդարադատության նախարարության կողմից գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների այլ հատվածին՝ ներկայացնելով իրավահավասարության, խտրականության արգելքի ոլորտներում իրականացված աշխատանքները։
Մարդու իրավունքների պաշտպանության Ազգային Ռազմավարությունից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրով պարբերաբար կատարման ենթակա միջոցառումների թվում են իրավահավասարության, խտրականության արգելքի թեմայով քննիչների 8%-ի, դատախազների 11%-ի և դատավորների 68%-ի վերապատրաստումները՝ միջազգային չափանիշներին համապատասխան։ Վերապատրաստման թեման այս կամ այն ձևաչափով ներառվել է ՀՀ արդարադատության ակադեմիայի տարեկան վերապատրաստումների ուսուցման 2020 թվականի ծրագրում՝ «Հավասարության ապահովման և խտրականության արգելքի վերաբերյալ արդի հարցեր» վերտառությամբ դասընթացում, սակայն փաստացի վերապատրաստումներ դեռևս չեն իրականացվել։
Իրավահավասարության, բոլոր հիմքերով խտրականության արգելքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման շրջանակներում 2020-2022թթ. պարբերաբար կատարման ենթակա միջոցառումների թվում են առնվազն թեմատիկ 3 տեղեկատվական նյութերի պատրաստումը, առնվազն 3 տեսաձայնագրությունների պատրաստումը և տարածումը ԶԼՄ-ներով և առնվազն 5 իրազեկման ակցիաների իրականացումը։ Այս գործողությունների շրջանակներում Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում մշակվել և հնարավոր բոլոր հարթակներով, այդ թվում նաև հեռուստատեսությամբ տարածվել է 2 տեղեկատվական տեսաձայնագրություն։ 300 օրինակով տպագրվել և տարածվել են տեղեկատվական պաստառներ ու թռուցիկներ, այդ թվում նաև պաստառը հրապարակվել է գովազային վահանակի վրա հանրային տեսանելի վայրում։
Ատելության խոսքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման շրջանակներում 2020-2022թթ. պարբերաբար կատարման ենթակա միջոցառումների շարքում նախատեսվում են առնվազն թեմատիկ 5 տեղեկատվական նյութերի պատրաստումը, առնվազն 3 տեսաձայնագրությունների պատրաստումը և տարածումը ԶԼՄ-ներով և առնվազն 2 իրազեկման ակցիաների իրականացումը: Այժմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ իրականացվում են իրազեկման արշավի նախապատրական աշխատանքները, մշակման փուլում է գտնվում արշավի իրականացման հայեցակարգը։
Իրավահավասարության, խտրականության արգելքի ոլորտում նախատեսվում էր նաև 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում օրենսդրորեն սահմանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման երաշխիքները։ Ներկայումս մշակվել և սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագիծը՝ ամրագրելով մարդու իրավունքների վրա հիմնված սկզբունքներ: Օրենքի նախագիծն ուղարկվել է գերատեսչություններին և շահագրգիռ հասարակական կազմակերպություններին: Ստացված առաջարկներն ամփոփվել են, արդյունքում լրամշակված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ: Հաշմանդամության գնահատման նոր` մարդու իրավունքերի վրա հիմնված մոդելի ներդրման իրավական հենքն ապահովելու նպատակով մշակվել և սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի նախագիծը: Այն նույնպես ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ։
Վերոնշյալ և այլ ոլորտների վերաբերյալ մշտադիտարկան առավել մանրամասն արդյունքները կներկայացվեն մոնիթորինգային զեկույցում, որը կպատրաստվի հետազոտության դաշտային աշխատանքների ավարտից հետո։ Իրավասու մարմիններին կներկայացվի նաև առաջարկությունների փաթեթ` նպատակ ունենալով բարելավել Ազգային ռազմավարության իրականացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում ընդհանուր առմամբ:
Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը։