Ներկայացվել են ՄԻՊ ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի արդար քննության իրավունքի և կարծիքի արտահայտման ազատության ոլորտներում իրականացված աշխատանքների ընթացիկ արդյունքները
«Ուղիղ ժողովրդավարության խթանումը Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի ներքո ընթանում են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրա իրականացման գործողությունների ծրագրի մշտադիտարկման աշխատանքները։ Ծրագիրը ավանդույթի համաձայն հանրության ուշադրությանն է ներկայացնում մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն՝ յուրաքանչյուր շաբաթ անդրադառնալով Գործողությունների ծրագրի կոնկրետ ոլորտների։ Նախորդ նյութերով արդեն իսկ հանրության ուշադրությանն է ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացված աշխատանքների մի մասի վերաբերյալ տեղեկատվություն։ Այս շաբաթ կանդրադառնանք ՀՀ արդարադատության նախարարության կողմից գործողությունների ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների այլ հատվածին՝ ներկայացնելով գործի արդար քննության իրավունքի և կարծիքի արտահայտման ազատության ոլորտներում իրականացված աշխատանքները։
Մարդու իրավունքների պաշտպանության Ազգային Ռազմավարությունից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրով 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նախատեսվում էր օրենսդրորեն ամրագրել գրավի՝ որպես այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հստակ չափանիշները։ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով, ընդունված 2020թ. ապրիլի 14-ին, սահմանվել են գրավի՝ որպես այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հստակ չափորոշիչները: Մասնավորապես, օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները համապատասխանեցվել են ՀՀ Սահմանադրական դատարանի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին, անձի անձնական ազատությունը երաշխավորող միջազգային իրավական փաստաթղթերին, ինչպես նաև կատարելագործվել են խափանման միջոցներին վերաբերող քրեադատավարական այլ նորմերը, ուժը կորցրած են ճանաչվել իրավակիրառ պրակտիկայում փաստացի չգործող նորմերը։
Այսպիսով, այս գործողությունը կատարվել է նախանշված ժամկետներին համապատասխան։
2020-2022թթ. պարբերաբար կատարման ենթակա միջոցառումների թվում են քննիչների (թիրախային ցուցանիշ՝ քննիչների 11%-ը), դատախազների (թիրախային ցուցանիշ՝ դատախազների 25%-ը) և դատավորների (թիրախային ցուցանիշ՝ դատավորների 41%-ը) վերապատրաստումները՝ գործի արդարացի քննության իրավունքի թեմայով` միջազգային չափանիշներին համապատասխան։ Վերապատրաստման թեմաները այս կամ այն ձևաչափով ներառվել են ՀՀ արդարադատության ակադեմիայի վերապատրաստման ուսուցման 2020 թվականի ծրագրում, սակայն վերապատրաստումներ չեն իրականացվել: 2020 թվականի ծրագրում ընդգրկված «Քրեական գործերով ՄԻԵԴ իրավական դիրքորոշումների կիրառման արդի հարցեր» վերտառությամբ դասընթացի ծրագրում որպես ինքնուրույն թեմա նախատեսվել են արդար դատաքննության իրավունքի պաշտպանության վերաբերյալ ՄԻԵԴ արդի նախադեպային իրավունքը և ՀՀ նկատմամբ դրա կիրառման հիմնահարցերը։ Միևնույն ժամանակ այս թեմայով 2020 թվականի 1-ին կիսամյակին վերապատրաստվել են ՀՀ հատուկ քննչական ծառայության 5 քննիչ։
Ինչ վերաբերում է կարծիքի ազատ արտահայտման իրավունքին, ապա այս ոլորտում 2020-2022 թվականների ընթացքում նախատեսվում է իրականացնել պետական մարմինների՝ տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու բոլոր պաշտոնատար անձանց վերապատրաստում մարդու տեղեկատվություն ստանալու իրավունքի թեմայով՝ ներպետական օրենսդրության և միջազգային չափանիշների վերաբերյալ։ Այս գործողության շրջանակներում ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից արդեն իսկ քննարկվել և վերջնականացման փուլում է գտնվում տեղեկատվություն ստանալու իրավունքի թեմայով վերապատրաստումների ծրագիրը, իսկ վերապատրաստումները կիրականացվեն 2020 թվականի սեպտեմբերի ամսից: Մինչ այժմ վերապատրաստումներ դեռևս չեն իրականացվել։
Վերոնշյալ և այլ ոլորտների վերաբերյալ մշտադիտարկման առավել մանրամասն արդյունքները կներկայացվեն մոնիթորինգային զեկույցում, որը կպատրաստվի հետազոտության դաշտային աշխատանքների ավարտից հետո։ Իրավասու մարմիններին կներկայացվի նաև առաջարկությունների փաթեթ` նպատակ ունենալով բարելավել Ազգային ռազմավարության իրականացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում ընդհանուր առմամբ:
Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը։