Նախատեսվում է, որ նոտարը կկարողանա վավերացնել գործարքը նաև էլեկտրոնային տեսահաղորդակցության միջոցով

Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսվում է նոտարի կողմից էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով գործարք վավերացնելու և փաստաթղթերի փոխանակման (փոխանցման) պայմանների ապահովում։

Օրենսդրական փոփոխությունների իրականացմամբ պետք է ապահովվի էլեկտրոնային հաղորդակցության միջոցով նոտարի կողմից գործարքների վավերացման հնարավորությունը:

Համապատասխան կարգավորումների դեպքում հնարավոր է ապահովել վավերացված փաստաթղթերի էլեկտրոնայնացումը և վավերացումը նոտարի կողմից: Այս գործիքը արդյունավետ կկիրառվի հատկապես տարածության վրա փաստաթղթերի կիրառությունը ապահովելու համար:

Նշված եղանակով գործարքների վավերացում և փաստաթղթերի փոխանակումը հնարավոր կլինի իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, ինչպես նաև օտարերկրյա այլ պետությունների և Հայաստանի Հանրապետության նոտարների միջև:

Ռազմավարությամբ նախատեսվում է նաև էլեկտրոնային եղանակով նոտարի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերի վավերացման համար պայմանների ապահովումը։

Պետք է նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով էլեկտրոնային կապ ստեղծել նոտարների, բանկային և վարկային կազմակերպությունների միջև: Նման կառուցակարգերի ներդնումը հնարավորություն կստեղծի էլեկտրոնային եղանակով վավերացնել էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերը: Կսահմանվեն էլեկտրոնային եղանակով վավերացման ենթակա էլեկտրոնային պայմանագրերի տիպային ձևերը և դրանց էլեկտրոնային վավերացման կարգը:

Այսպիսի կարգավորումների արդյունքում կընդլայնվի կատարողական մակագրության թերթի տրամադրման ինստիտուտը, որը կնպաստի նոտարական գործողությունների ճիշտ և արագ կատարմանը և քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը: