Հակակոռուպցիոն ռազմավարության հետապնդած առանցքային նպատակները և առաջադրված հիմնական խնդիրները
Դեպի իրական ժողովրդավարություն իր աներկբա ու գիտակից ընտրությունը կատարած հայ ժողովուրդը չունի կայուն զարգացման այլընտրանք, քան կոռուպցիայի նկատմամբ հասարակական անհանդուրժողականության և անընդունելիության չբեկվող մթնոլորտի ու վերաբերմունքի ձևավորումը: Բացառապես հիշյալ գաղափարի խորը արմատավորման դեպքում է հնարավոր և իրական նյութականացնել ժողովրդավարություն վայելող իշխանություններից ակնկալվող հանրային օբյեկտիվ սպասումներն ու հույսերը:
Այս մասին նշվում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրում։
Իրավաբան.net-ը ներկայացնում է, թե որոնք են հակակոռուպցիոն ռազմավարության հետապնդած առանցքային նպատակները և առաջադրված հիմնական խնդիրները։
Հակակոռուպցիոնռազմավարության հիմնական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ Կառավարության հռչակած հայեցակարգային կանխադրույթների ու սկզբունքների հետևողական կենսագործումն է, այդ թվում՝ կոռուպցիան ծնող պատճառների վերհանումը և դրանց վերացումը, կոռուպցիայի նկատմամբ հասարակության և հանրային ծառայողների անհանդուրժողական վերաբերմունքի սերմանումը և տարածումը, կոռուպցիայի համատարած և շարունակական նվազեցումը:
Հիշյալ նպատակին հասնելու համար առաջադրվել են այնպիսի խնդիրներ (վերջնական կամ միջանկյալ արդյունքներ), ինչպիսիք են
- կոռուպցիայի դեմ պայքարն առավել նպատակային իրականացնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծումը և զարգացումը,
- հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորումը,
- ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունների հնարավորինս նվազեցումը,
- հանրային վերահսկողության ապահովման նպատակով թափանցիկության և մասնակցայնության գործիքների շարունակական ներդրումը:
Ռազմավարությունը նպատակ ունի նաև իրավական և գործնական արդյունավետ մեխանիզմների սահմանմամբ բարձրացնելու կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունավետությունը և այլն: Հատկանշական է, որ ռազմավարությունը կազմելիս առավելագույն չափով հաշվի են առնվել նաև 2013 թ. հոկտեմբերի 21-22-ի հակակոռուպցիոն ռազմավարությունների վերաբերյալ Կուալա Լումպուրի հայտարարությամբ սահմանված ուղենիշային պահանջներն ու իրավագաղափարական ելակետերը, որոնք, անշուշտ, ունեն չափազանց կարևոր նշանակություն նշված ծրագրային փաստաթղթերի կազմման հարցում:
Առանձին ուշադրություն է դարձվել նաև ՀՀ Կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի «Պետական եկամուտների և ծախսերի վրա ազդեցություն ունեցող ռազմավարական փաստաթղթերի մշակման, ներկայացման և հսկողության իրականացման մեթոդական հրահանգին հավանություն տալու մասին» թիվ 42 արձանագրային որոշմամբ սահմանված պահանջներին: Մասնավորապես, հաշվի է առնվել այն հայեցակարգային պահանջը, որ ռազմավարական փաստաթղթերը պետք է պարունակեն փաստաթղթում նշված նպատակին հասնելու համար ճանապարհների, գործողությունների կամ միջոցառումների նկարագրությունը` հիմնավորելով այդ գործողությունների հստակ կապն ակնկալվող արդյունքների հետ:
Ռազմավարությամբ առաջադրված խնդիրներն իրականացվելու են այլ ռազմավարություններով ևս, այդ թվում՝ դատա-իրավական, ընտրական, առաջադրված միջոցառումների հետ համարժեք համադրելիությամբ՝ բացառելով դրանց միջև ժամանակային և բովանդակային խզումների առաջացումը:
Որպես Ռազմավարության հաջողման գրավական՝ ակնկալվում է բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությունը Ռազմավարությամբ և դրա իրականացման միջոցառումների ծրագրով առաջադրված խնդիրների և մարտահրավերների հաղթահարման գործում: