Մասնավոր հատվածում թափանցիկության բարձրացումը՝ հակակոռուպցիոն ռազմավարական ուղղություն

Հակակոռուպցիոն ռազմավարության ռազմավարական ուղղություններից մեկը հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատումն ու մասնավոր հատվածում թափանցիկության բարձրացումն է։

Պրակտիկան ցույց է տվել, որ օրենսդրական կարգավորումներում երկակի մոտեցումների առկայությունը շատ հաճախ տարածական մեկնաբանման տեղիք է տալիս՝ ըստ այդմ առաջացնելով նորմի արդյունավետ կիրառման ռիսկեր:

Միաժամանակ, ներկայում գործող կարգավորման ազդեցության գնահատման համակարգը հնարավորություն չի տալիս վերհանելու իրավական ակտերի առկա և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, միաժամանակ, կառուցակարգային առումով մտորելու տեղիք է տալիս:

Ռազմավարության մեջ նշվում է, որ այս առումով, նախատեսվում է հակակոռուպցիոն կարգավորման ազդեցությանն առնչվող օրենսդրական դաշտի վերանայում, հստակ չափանիշների սահմանում, և՛ իրավական ակտերի նախագծերի, և՛ արդեն իսկ ընդունված իրավական ակտերի պարբերական գնահատում:

Առաջարկվում է հակակոռուպցիոն կարգավորման ազդեցության գնահատման գործառույթի իրականացումը վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ ապահովելով անհրաժեշտ կարողությունների զարգացումը և համապատասխան աշխատակիցների մասնագիտացումը:

Մասնավոր հատվածում թափանցիկության բարձրացման կարևոր գործիքներից է պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտումը և նրանց վերաբերյալ տեղեկությունների ընդհանուր և հանրամատչելի հարթակի ներդրումը՝ ապահովելով իրական սեփականատերերի վերաբերյալ տվյալների հրապարակայնությունը։

Էլեկտրոնային հարթակում իրավաբանական անձանց իրական սեփականատերերի վերաբերյալ հրապարակային տեղեկատվությունը իրավասու պետական և քաղաքացիական հասարակության կողմից կօգտագործվի որպես վերահսկողության գործիք՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացումը բացառելու, պետական գնումների գործընթացի թափանցիկությունը ապահովելու նպատակով:

Մասնավոր հատվածում հակակոռուպցիոն կառուցակարգերի ներդրման տեսանկյունից կարևորվում է ազատ տնտեսական մրցակցության, տնտեսական գործունեության ազատության երաշխավորումը, բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը:

Այս առումով, անհրաժեշտ է ներդնել կազմակերպությունների հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ կառուցակարգեր, շարունակել տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները՝ կատարելագործելով գործող կառուցակարգերը և ինստիտուցիոնալ գործիքակազմը: