Նախարարն ուղղակի մոռացել էր ուժը կորցրած ճանաչել նշյալ ակտերը. Մարիամ Զադոյան

Այսօր՝ մարտի 26-ին, Ազգային ժողովում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցան Հայաստանի երիտասարդ իրավաբանների  ասոցիացիայի և գործընկերներ ԻՀԱ-ի և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները, որոնք համագործակցում են ԵՄ աջակցությամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում:

Այդ նպատակով վերջիններս ՀՀ առողջապահության նախարարության գործելաոճը դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել, ներկայացրել են համատեղ գրություն ՀՀ ազգային ժողով խորհրդարանական լսումներ անցկացնելու նպատակով բոլոր խմբակցությունների ղեկավարներին և Առողջահապական և սոցիալական հարցերով հանձնաժողովի ղեկավարին։ Այնուհետև, կառույցների ներկայացուցիչները հանդիպումներ ունեցան ՀՀ ԱԺ Առողջահապական և սոցիալական հարցերով հանձնաժողովի ղեկավարի և «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցչի հետ։ Այս ջատագովական գործունեության արդյունքում ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ սույն թվականի մարտի 26-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ։

Իր ելույթի շրջանակներում Մարիամ Զադոյանը խոսեց դեղատոմսերի վերաբերյալ իրավակարգավորումների 2 խումբ հիմնական խնդիրների մասին։

1-ին խումբ խնդիրները վերաբերվում են դեղատոմսերի վերաբերյալ հանրային քաղաքականության մշակման գործընթացին, որը եղել է չհիմնավորված, ոչ մասնակցային և թերի։

Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչպես և ինչ հիմնավորմամբ են որոշվել առաջարկվող կարգավորումները։ Մասնավորապես, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնավորումում առհասարակ որևէ խոսք չի գնում դեղատոմսերի մասին, իսկ դեղատոմսերի մասին ՀՀ կառավարության խնդրո առարկա N 1402-Ն որոշման հիմնավորումը պարունակում է ընդամենը մի քանի նախադասություն, որոնցում առհասարակ արծարծված չէ դեղատոմսերի վերաբերյալ որևէ հաջողված միջազգային փորձի ուսումնասիրության կամ հանրային քաղաքականության մշակման այլ հիմք։

«Ամբողջ հասարակությանը վերաբերող նման հանրային քաղաքականության մշակման գործընթացում հասարակության կարծիքը հաշվի չի առնվել, չեն իրականացվել հանրային քննարկումներ, լսումներ և, առհասարակ, հասարակությունը բավարար կերպով չի իրազեկվել նման կարգավորումների մասին։

Նախ, առաջին թերացումը կայանում է նրանում, որ պաշտոնական տեղեկագրի կայքում մարտի 1-ի դրությամբ, երբ, ինչպես գիտենք, ուժի մեջ մտավ խնդրո առարկա որոշումը, առկա էին ՀՀ առողջապահության նախարարի դեռևս 2005 և 2007 թվականների «ՀՀ-ում առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի ցանկը հաստատելու մասին» գործող երկու հրամաններ։ Դրանցով նախատեսված ցանկերը չէին համապատասխանում առողջապահության նախարարության կայքում վերջերս տեղադրված ցանկերի հետ։ Փաստացի, բախվում ենք մի իրավիճակի, երբ ՀՀ առողջապահություն նախարարությունը ուղղակի մոռացել էր ուժը կորցրած ճանաչել նշյալ ակտերը, որի վառ ապացույցը այն է, որ միայն նշյալ թերացումների կապակցությամբ երկու կառույցների կողմից հրապարակայնորեն արտահայտված վերը նշված մտահոգությունից հետո է, որ ՀՀ առողջապահության նախարարը բոլորովին վերջերս ուժը կորցրած ճանաչեց նշյալ երկու հրամանները»,-նշել  է նա։

Մարիամ Զադոյանը նշում է, որ երկրորդ թերացումը կայանում էր նրանում, որ հնարավոր չէր պարզել, թե ինչ իրավական ակտով է կարգավորվում մամուլում այդքան բարձրաձայնվող դեղատոմսերով դուրս գրման փուլային անցումը։ Պատճառն այն էր, որ փուլային անցման վերաբերյալ օրենսդրական նորմերը տեղ գտան որոշման ուժի մեջ մտնելուց օրեր անց՝ ՀՀ կառավարության որոշումում փոփոխություններ կատարելու եղանակով։

«Երրորդ թերացումը կայանում է նրանում, որ դեռևս օրենքով առողջապահական տեսչական մարմնին տրված չեն գաղտնի գնումներ իրականացնելու լիազորություններ, սակայն պրակտիկայում նման ստուգումներ տեղի են ունենում՝ առանց համապատասխան օրենսդրական հիմքի։ Այդ գաղտնի գնումներն իրենց բնույթով նման են ՀԴՄ տրամադրելը ստուգող կարգին, սակայն այս դեպքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն օրենքով օժտված է օպերատիվ-լիազորական գործունեություն իրականացնելու իրավազորությամբ»,-նշեց նա։

2-րդ խումբ խնդիրները վերաբերում են նշյալ իրավակարգավորումներում մի շարք բացերի և թերությունների առկայությանը, որոնք պարարտ հող են ստեղծում կոռուպցիոն ռիսկերի համար։

Իրավաբան-փորձագետի խոսքով՝ միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ կոռուպցիոն ռիսկերի, մասնավորապես՝ ստվերային շրջանառության ծավալների մեծացման է բերում նման խիստ և շեշտակի կարգավորումների նախատեսումը։ Օրինակ, Մոլդովայում, 2012թ թվականին օրենսդրորեն նախատեսվեց դեղերի շուրջ 80-ը դեղատոմսով դուրս գրելու պահանջ, ինչը պատճառ հանդիսացավ երկրում դեղերի մաքսանենգության ավելացման, որոնք բերվում էին Ուկրաինայից, Ռումինիայից և այլ երկրներից։  Հարևան Վրաստանում դեռևս 2014 թվականից շուրջ 3000 անուն դեղ դուրս է գրվում դեղատոմսով։ Սակայն, բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ նույնիսկ օտարերկրացին կարող է ձեռք բերել Վրաստանում դեղեր առանց դեղատոմսի։

«Բացի այդ, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դեղերը դեղատոմսով դուրս են գրվում ըստ դեղի համընդհանուր անվանման։ Այսինքն, նշյալ կարգավորումը միտված է կոռուպցիայի կանխարգելմանը բուժաշխատողների և դեղամիջոցներ արտադրող ընկերությունների միջև, երբ բժիշկն իրավունք չունի ուղղորդել պացիենտին՝ նշելով դեղի բրենդային անվանումը։ Սակայն, ուսումնասիրությունները վկայում են, որ մի շարք երկրներում, օրինակ՝ Իսպանիայում, Էստոնիայում, բժիշկները շարունակում են տրամադրել դեղատոմսեր ոչ թե ըստ համընդհանուր անվանման, այլ՝ ըստ բրենդային անվանման, թեև վերջինս արգելված է օրենքով»,-նշել է Մարիամ Զադոյանը։

Ավելին, նշյալ իրավակարգավորումների պարագայում կոռուպցիոն ռիսկերի ավելի մեծ դաշտ է ստեղծվում դեղատան և դեղամիջոցներ արտադրող ընկերությունների միջև, որովհետև  թեև որոշմամբ նախատեսված է դեղատան աշխատակցի կողմից պացիենտին որևէ դեղամիջոցի բրենդային անվանման ուղղորդման արգելք և պատասխանատվություն, սակայն առկա չեն օրենքով նախատեսված բավարար վերահսկողական մեխանիզմներ։

Ամփոփելով, նա նշեց, որ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան կողմ է դեղատոմսերով դեղերի դուրս գրման գաղափարին, որով կարգավորվում են, օրինակ, ինքնաբուժությունը, այսպես կոչված՝ «դեղատնային թմրամոլությունը» և այլն, սակայն առկա է անհրաժեշտություն խնդրո առարկա իրավակարգավորումների վերանայման, դրանց ադապտացման ՀՀ իրականությունում և կոռուպցիոն ռիսկերի զսպման գործող մեխանիզմների ներդրման։