Դատական, կրթական, սոցիալական ոլորտներում իրավունքների պաշտպանության ենթակա մի շարք խնդիրներ կան․ քննարկում Լոռու և Տավուշի մարզերի ներկայացուցիչների մասնակցությամբ

Մեկնարկել են հանրային քննարկումները՝ «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի իրազեկման և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի քննարկման վերաբերյալ։

Լոռու և Տավուշի մարզերի հասարակական կազմակերպությունների, փաստաբանների, իրավաբանների, մարզպետարանի, համայնքների ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, մայիսի 15-ին կայացավ սեմինար-հանրային քննարկում։

«Եթե ասենք, որ առաջիկա ամիսների ընթացքում կամ մեկ տարում մենք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կունենանք մեծ բարեփոխումներ ու արդյունքներ, բանականաբար լուրջ չի ընդունվի, որովհետև ցանկացած գործընթաց սկսելու համար ռեսուրսներ են հարկավոր, այդ թվում՝ ժամանակ։ Հասարակական կազմակերպություններից ու շահագրգիռ բոլոր կողմերից ակնկալվում է ակտիվ մասնակցություն, քանի որ համայնքային խնդիրների մասին առաջին գծից տեղեկություն իմանալու դեպքում դրանց հավաքագրումն ու կառավարումը առավել արդյունավետ կդարձնի ոլորտային խնդիրները համակարգելու համար»․ ողջույնի իր խոսքում նշեց ՀԵԻԱ նախագահ, «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի ղեկավար Սյուզաննա Սողոմոնյանը։ Նա նաև հավելեց, որ ծրագրի շրջանակներում իրավական և սոցիոլոգիական հենքի վրա կառուցված փաստարկված զեկույց կկազմվի։

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի անդամ, իրավաբան Զարինե Հովհաննիսյանը նշեց, որ ծրագրի շրջանակներում լավ արդյունք ունենալու համար հարկավոր է հասարակական կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ աշխատանքը, որի փոխլրացման շնորհիվ հնարավոր կլինի վեր հանել ոլորտային խնդիրները։ 

Ծրագրի սոցիոլոգ-փորձագետ Սոնյա Մսրյանը նշեց, որ մոնիթորինգի կենթարկվեն ոչ միայն քանակական, այլև որակական տվյալներ։ «Կիրառելու ենք փորձագիտական հարցազրույցների և ֆոկուս-խմբային քննարկումների մեթոդները։ Մեր հարցազրույցներն ու քննարկումները շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև չստանանք մեր հարցերի ամբողջական պատասխանները»,-ասաց սոցիոլոգը։

Քննարկման մասնակիցները ներկայացրին համայնքային մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում էին առավել շատ դատական, ներառյալ՝ մինչդատական վարույթների, սոցիալական, կրթական ոլորտներին։ Խոսվեց նաև աշխատանքանյին հարաբաերությունների մասին՝ որպես գերակա խնդիրներ առանձնացնելով աշխատանքային ստաժի հավաքագրման և աշխատանքային իրավունքների պաշտպանության արտադատական մարմնի առկայության հարցերը։

«Մոտ 10 տարի հանրակրթական դպրոցում դասավանդվել է «Մարդու իրավունքներ» առարկան, հետո կրճատվեցին դասաժամերը՝ 34 ժամից դառնալով 17 ժամ, ավելի ուշ առարկան դուրս եկավ՝ մտցվելով «Հասարակագիտություն» առարկայի մեջ։ 17 ժամվա ընթացքում կարելի է միայն ընդհանուր պատկերացում տալ աշակերտներին։ Պետք է այս հարցը բարձարցվի և առարկան վերականգնվի»,-ասաց «Հայկական սահմամադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Գևորգ Մանուկյանը։ 

Նա նաև խոսեց կառավարության կողմից որդեգրված հակաճգնաժամային ծրագրերի մասին՝ նշելով, որ աջակցության դաշտից դուրս են մնացել հասարակական կազմակերպությունները, հաշվի չի առնվել այն փաստը, որ ՀԿ-ները ևս գործատու են հանդիսանում և իրենց շահառուների առջև ստանձնել են պարտավորություններ՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Իրավաբան Լիլիթ Սարգսյանը խոսեց դատական ոլորտում առկա խնդիրների՝ մասնավորապես գործերի քննության ժամկետների մասին։ «Իրականում դատարաններում դատական գործերի քննությունը շատ երկար է տևում և դա հենց խախտում է մարդկանց արդար դատաքննության իրավունքը։ Պրակտիկայում շատ են լինում դեպքեր, երբ դատարանը որոշում է կայացնում, որ պետք է վճիռը հրապարակի, բայց 6-7 ամիս դեռևս ինֆորմացիա չի լինում, գործը վերսկսում է ու մարդիկ անորոշության մեջ են լինում։ Պետք է ոլորտը կարգավորի, թեկուզ, դատավորների քանակի ավելացմամբ՝ հատկապես քաղաքացիական և վարչական գործերով»,-ասաց նա։

Վանաձորի համայնքապետարանի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ Էդգար Հակոբյանը նշեց, որ հասկանալի է՝ խնդիրները շատ են, բազմակողմանի ու բազմաստիճան։ «Եթե նույնիսկ պետությունը զարգացած է կամ զարգացման որոշակի ճանապարհ է փորձում անցնել, խնդիրներ առաջանում են և դրանց պետք է փորձել համատեղ լուծում տալ․ դա չի լինի միայն քաղաքացիների, պետության կամ համայնքապետարանների կողմից, պետք է խնդիրների լուծումն իրականացվի համատեղ»,-ասաց Էդգար Հակոբյանը։ 

Քննարկման արդյունքում վեր հանված խնդիրներն ու մարտահրավերները ամփոփվել են իրավաբան-փորձագետի կողմից, որոնք հաշվի են առնվելու մոնիթորինգի իրականացման, զեկույցի և առաջարկությունների մշակման գործընթացում։ 

Հավելենք, որ համանման քննարկում անցկացվել է արդեն Շիրակի և Արագածոտնի մարզի ներկայացուցիչների մասնակցությամբ, առաջիկայում քննարկումներ կլինեն նաև Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի և Երևանի ՔՀԿ-ների, տեղական ինքնակառավարման մարմինների, փաստաբանների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ 

«Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի կողմից։