Մեկնարկել է Եվրոպական իրավունքի երկրորդ ամառային դպրոցը
Աղվերանում այսօր մեկնարկել է Եվրոպական իրավունքի երկրորդ ամառային դպրոցը, որը կտևի 5 օր: Այն կազմակերպվել է Հայաստանի իրավաբանական հիմնադրամի, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից:
«Մեզ համար կարևոր են այն հիմնարար արժեքները, ինչպիսին են ժողովրդավարությունը, իրավական պետությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատությունը: Դուք պետք է լինեք վաղվա այն իրավաբանները, ովքեր այդ արժեքները պետք է քարոզեն ու տարածեն Հայաստանում»,- մասնակիցներին դիմելով՝ ասաց Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Զադոյանը::
Հայաստանում IRZ ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանն էլ իր բացման խոսքում նշեց, որ անցյալ տարի կազմակերպած ամառային դպրոցից մասնակիցների ոգևորությունն այնքան մեծ է եղել, որ իրենք որոշել են այն դարձնել ամենամյա:
«Սա Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հետ կազմակերպած թվով 6-րդ միջոցառումն է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել համագործակցության համար և մաղթել արդյունավետ աշխատանք»,- նշեց Նելլի Թումասյանը:
Առաջիկա օրերի ընթացքում Եվրոպական իրավունքին և մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված ամառային դպրոցում դասախոսություններ կկարդան Գերմանիայից հրավիրած փորձագետներ. կլինեն դասախոսություններ նաև տեղական փորձագետների մատուցմամբ: