Հայաստանում արդար քննության իրավունքի պաշտպանությանն ուղղված միջոցառումները

Գործի արդար քննության իրավունքը ցանկացած ժողովրդավարական հասարակությունում մարդու իրավական անվտանգության երաշխիքն է: Այս իրավունքը վերաբերում է բոլոր տեսակի գործերի քննությանը՝ քաղաքացիաիրավական, վարչաիրավական, քրեաիրավական հարաբերությունների շրջանակներում: ՀՀ Կառավարության կողմից 2019թ․-ի դեկտեմբերի 26-ին հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրերն առավելապես թիրախավորում են ՀՀ-ում քրեական գործերի նախնական քննության կատարելագործմանն ուղղված միջոցառումները: Այդ միջոցառումները նպատակ ունեն ամրապնդելու մարդու իրավունքներին անմիջականորեն առնչվող քննչական և դատավարական գործողությունների օրենսդրական հենքը, բարելավելու ապացույցների հավաքման պրակտիկան, խրախուսելու մինչդատական 

վարույթում մրցակցության սկզբունքը և հզորացնելու դատավարության առանցքային դերակատարների մասնագիտական կարողությունները, որի արդյունքում կնվազեն մեղադրյալ անձանց նկատմամբ մարդու իրավունքների խախտումների քանակը և բողոքները, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի ենթադրյալ խախտմամբ ՄԻԵԴ ներկայացված բողոքների քանակը։

Նշված նպատակներին հասնելու համար, 2020-2022 թվականներին  նախատեսվում է  իրականացնել հետևյալ գործողությունները՝

  1. Ապահովել քննչական և դատավարական գործողությունների տեսաձայնագրումը, որի արդյունքում կնվազեն քրեական գործերի մինչդատական վարույթում քրեական դատավարության մասնակիցների իրավունքների խախտումները, ապացույցների` քննչական և դատավարական գործողությունների իրականացման կարգի խախտմամբ ձեռքբերման դեպքերը։
  2. Կահավորել քննչական բաժինները ճանաչման ներկայացնելու և առերեսման քննչական գործողությունները մասնակիցների՝ միմյանց տեսողական ընկալումից դուրս իրականացման նպատակով, որի արդյունքում կնվազեն ճանաչման ներկայացնելու և առերեսման ժամանակ համապատասխանաբար ճանաչողի և ճանաչվողի, առերեսվողների (հարցաքննվողների) իրավունքների խախտման դեպքերը։
  3. Օրենսդրորեն ամրագրել գրավի՝ որպես այլընտրանքային խափանման միջոցի կիրառման հստակ չափանիշներ, որի արդյունքում կնվազեն կալանավորման` որպես խափանման միջոցի կիրառման և գրավի հայեցողական կիրառման դեպքերը։
  4. Օրենսդրորեն սահմանել բացատրություն վերցնելու կարգը, որի արդյունքում կնվազեն բացատրություն վերցնելու շրջանակներում մարդու իրավունքների խախտման դեպքերը;
  5. Վերանայել բերման ենթարկելու կարգի իրավական կարգավորումները, որի արդյունքում կնվազեն բերման ենթարկելու շրջանակներում մարդու իրավունքների խախտման դեպքերը։
  6. Օրենսդրորեն ամրագրել «հանցագործության մասին հաղորդման» հասկացությունը՝ հստակեցնելով հաղորդման բովանդակությանը ներկայացվող պահանջները, որի արդյունքում կնվազեն հանցագործությունից տուժած անձանց իրավունքների խախտման, միջազգային չափանիշներին հակառակ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումների քանակը։
  7. Օրենսդրորեն ամրապնդել իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանց քրեաիրավական պաշտպանության երաշխիքները, որի արդյունքում կնվազեն իրավապաշտպան գործունեություն իրականացնող անձանց իրավունքների խախտման դեպքերը։
  8. Իրականացնել վերապատրաստումներ գործի արդարացի քննության իրավունքի թեմայով` միջազգային չափանիշներին համապատասխան, այդ թվում` ոստիկանների, ռազմական ոստիկանների, քննիչների, դատախազների, դատավորների համար, որի արդյունքում կնվազեն ՀՀ ոստիկանության և ՀՀ ռազմական ոստիկանության կողմից քրեական գործի քննության մինչդատական վարույթում գործի արդարացի քննության իրավունքի խախտման դեպքերը, ՀՀ քննչական մարմինների և ՀՀ դատախազության կողմից քրեական գործի նախաքննության փուլում և մինչդատական վարույթում գործի արդարացի քննության իրավունքի խախտման դեպքերը, ինպես նաև դատարանների կողմից գործի արդարացի քննության իրավունքի խախտման դեպքերը քրեական, քաղաքացիական և վարչական գործերով։
  9. Կատարելագործել վարույթն իրականացնող մարմին ներկայանալու վերաբերյալ անձի ծանուցմանը վերաբերող օրենսդրական կարգավորումները, որի արդյունքում կնվազեն քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ծանուցման հետ կապված մարդու իրավունքների խախտման դեպքերը։
  10. Կատարելագործել գույքի վրա կալանք դնելու քրեադատավարական միջոցառման վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, որի արդյունքում կնվազեն գույքի վրա կալանք դնելու արդյունքում մարդու իրավունքների խախտման դեպքերը։
  11. Կատարելագործել օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման, ձեռք բերված տվյալների օգտագործման օրենսդրական հիմքերը և չափանիշները՝ միջազգային չափանիշներին համապատասխան, որի արդյունքում կնվազեն օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում մարդու իրավունքների խախտման դեպքերը։
  12. Բարելավել անձնական տվյալների պաշտպանության մեխանիզմները, որի արդյունքում կբարձրանա անձնական տվյալների պաշտպանության վիճակը։

Գործի արդար դատաքննության իրավունքը՝ որպես գերակայություն, և դրա ներքո նախատեսված գործողություններն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 16 նպատակի իրագործմանը, այն է՝ «Խթանել օրենքի գերակայությունը ազգային և միջազգային մակարդակներում և ապահովել արդարադատության հավասար հասանելիություն բոլորի համար»:

Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։