Աշխատանքային իրավունքներ և սոցիալական ապահովության իրավունք․ ի՞նչ հանձնառություններ է ստանձնել ՀՀ կառավարությունը այս ոլորտներում

Ինչպես գիտենք աշխատանքային իրավունքը և սոցիալական ապահովության իրավունքը հանդիսանում են մարդու հիմնարար իրավունքներից և դա ամրագրվել է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ և ներպետական օրենդրությամբ, այնպես էլ միջազգային տարբեր իրավական ակտերով և օրենքներով։ Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները մարդու արժանապատիվ և բարեկեցիկ սոցիալական պայմանների հիմքում ընկած կարևորագույն հիմնասյուններից են, իսկ սոցիալական ապահովության իրավունքի իրականացման պարագայում որպես կարևորագույն հենասյուն հանդիսանում է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ոք ունի մայրության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ (այսուհետ՝ Ռազմավարություն) և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվում են իրականացնել մի շարք բարեփոխումներ վերը նշված ոլորտներում։ 

Թե ինչպես են իրականացվելու վերը նշված բարեփոխումները, ծանոթացե՛ք ստորև։ 

Աշխատանքային իրավունքներ

Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի նպատակն է՝ աշխատանքային իրավունքի պաշտպանության ընթացակարգերի և մեխանիզմների բարելավումը, ատեղծելով աշխատանքային իրավունքների պաշտպանության համար արդյունավետ ինստիտուցիոնալ և իրավական դաշտ, քանի որ ոլորտի ուսումնասիրությունները փաստում են, որ Հայաստանում աշխատողների իրավունքներն ամբողջությամբ պաշտպանված չեն, տեղի են ունենում աշխատանքային իրավունքների բազմաթիվ խախտումներ, իսկ օրենսդրական բացերը և թերի կարգավորումներն իրենց հերթին ևս հանգեցնում են մի շարք խնդիրների։ Հիշյալին նպաստում է աշխատանքային իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին ոչ բավարար իրազեկումը, ինչպես նաև աշխատողների իրավունքների պաշտպանության թույլ աստիճանը:

Պետք է առձանագրել նաև աշխատանքային իրավունքների և օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող արտադատական մարմնի բացակայությունը նույնպես հանիսանում է ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկը։ Այս ուղղությամբ, անհրաժեշտ է սեղմ ժամկետներում ՀՀ աշխատանքային օրենսգրքում և ոլորտի այլ իրավական ակտերում կատարել համապատասխան փոփոխություններ, որոնց հիման վրա կստեղծվի արտադատական մարմին, որը կունենա աշխատանքի պայմանների, աշխատողների աշխատանքային ազատությունների և իրավունքների պահպանման ու պաշտպանության ապահովման, աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի խախտումների վերացման ու կանխարգելման նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասություն: Այստեղ կարևոր դերակատարում ունեն զանգվածային լրատվության միջոցները, որոնք պետք է շարունակեն հասարակությանն իրազեկել աշխատանքային իրավունքների և դրանց պաշտպանության ուղիների վերաբերյալ:

Հաջորդ կարևորագույն խնդիրը դա գործազուրկ անձանց զբաղվածության խնդիրն է։ Այստեղ պետությունը ունի պարտավորություն և պետք է պայմաններ ստեղծի գործազուրկ անձանց զբաղվածությունն ապահովելու համար: Այս համատեքստում պետք է կարևորել գործողությունների ծրագրով նախատեսվող միջոցառումները, հաշվի առնելով հասարակության բոլոր աշխատունակ անդամների ներուժի առավելագույնս իրացման տեսլականը, որոնք նպաստելու են գործազրկության մակարդակի նվազմանը։

2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվում է աշխատանքային իրավունքների ոլորտում իրականացնել հետևյալ 6 միջոցառումները՝

  1. Բարձրացնել աշխատանքային իրավունքների, այդ թվում` դրանց պաշտպանության միջոցների վերաբերյալ իրազեկվածությունը։
  2. Օրենսդրորեն սահմանել աշխատանքային հարաբերությունների կարգավորման պարզեցված կառուցակարգեր՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
  3. Օրենսդրորեն ամրագրել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական և արդյունավետ պետական վերահսկողության համակարգի ներդրումը։
  4. Ընդունել «Աշխատանքի անվտանգության և առողջության պահպանման ազգային ծրագիր»՝ միջազգային չափանիշներին և պարտավորություններին համապատասխան։
  5. Օրենսդրորեն սահմանել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, ստուգումներում ընդգրկվող հարցերի ստուգաթերթը։
  6. Օրենսդրորեն կատարելագործել արհեստակցական կազմակերպությունների (արհմիություններ) գործունեության գործիքակազմը։

Վերը նշված գործողությունների իրականացման արդյունքում մեծապես կնվազեն ինչպես հանրային և մասնավոր ոլորտներում, այնպես էլ առողջ և անվտանգ աշխատանքային միջավայրի բացակայության հետևանքով, մարդու աշխատանքային իրավունքների խախտման դեպքերը։

Սոցիալական ապահովության իրավունք

Ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրով սոցիալական ապահովության իրավունքի տեսանկյունից իրականացվող միջոցառումները կոչված են նպաստելու ինչպես սոցիալական աջակցության տրամադրման չափանիշների և ընթացակարգերի հստակեցմանը, այնպես էլ դրան ուղղված պետական միջոցների ավելացմանը։ 

Պետք է արձանագրենք, որ ցածր կենսաթոշակները, կենսաթոշակների տրամադրման գործընթացում առաջացող դժվարությունները, կենսաթոշակներից բռնագանձում կատարելու երևույթները, անապահով ընտանիքների գնահատման ճշգրիտ չափանիշների և երիտասարդ ու հատկապես անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների, ինչպես նաև վերարտադրողական տարիքի կանանց աջակցության օրենսդրական կարգավորումների բացակայությունը առավել խոցելի են դարձնում սոցիալական աջակցության կարիք ունեցող այս խմբերի վիճակը:

Սոցիալական ապահովության իրավունքի վերը նշված մի շարք խնդիրների լիարժեք և արդյունավետ լուծման նպատակով, պետությունը պարտավորվում է ձեռնարկել օրենսդրական փոփոխություններ և ոլորտին ուղղվող ֆինանսական միջոցների ավելացմանն ուղղված հստակ քայլեր, իրականացնելով ինչպես բնակչության աղքատ խավի շրջանում կրթության և աշխատանքի քաջալերման, այնպես էլ գործարարությունը խթանող ծրագրեր:

2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվում է սոցիալական ապահովության իրավունքի ոլորտում իրականացնել հետևյալ 4 միջոցառումները՝

  1. Բարձրացնել պետական կենսաթոշակների չափերը։
  2. Օրենսդրորեն նախատեսել երիտասարդ և երեխա ունեցող, ընտանիքների աջակցման կարգը, պայմանները և մեխանիզմները։
  3. Անապահով ընտանիքների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգի գործարկում։
  4. Առցանց դիմումի հիման վրա աշխատող կենսաթոշակառուի կենսաթոշակը վերահաշվարկելն ապահովող ենթահամակարգի մշակում և գործարկում։

Վերը նշված գործողությունների իրականացման արդյունքում՝ նախատեսվում է ապահովել գնաճի նկատմամբ միջին տարիքային կենսաթոշակի չափի առաջանցիկ աճը, բարձրացնել ամուսնությունների և ծնելիության մակարդակը և բարելավել երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների սոցիալական վիճակը, անապահով ընտանիքները օժանդակել հաղթահարելու աղքատությունը, իսկ աշխատող կենսաթոշակառուն կենսաթոշակը վերահաշվարկելու դիմումը կկարողանա ներկայացնել ավելի պարզեցված եղանակով՝ առցանց համակարգի միջոցով։

Ամփոփելով, նշենք, որ Ռազմավարությամբ և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նշված ոլորտներում նախատեսված օրենսդրական բարեփոխումները, հստակ մեխանիզմները և գործիքակազմը կնպաստեն այդ ոլորտներում առկա մի շարք խնդիրների լուծմանը, քանի որ ինչպես աշխատանքային իրավունքների, այնպես էլ սոցիալական աջակցության ապահովումը, որպես գերակայություն ուղղված են ՄԱԿ-ի կայուն զարգացման հետևյալ նպատակների իրագործմանը՝

  • Խթանել կայացած, ներառական և կայուն տնտեսական աճ, լիարժեք և արտադրողական զբաղվածություն և արժանապատիվ աշխատանք բոլորի համար։
  • Ամենուրեք վերացնել աղքատությունը՝ իր բոլոր ձևերով ու դրսևորումներով։
  • Կրճատել անհավասարությունը երկրների ներսում և դրանց միջև։

Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։