Տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ 1-ին աշխատանքային խմբի առցանց հանդիպումը

2020 թվականի հունիսի 8-12-ը տեղի ունեցավ Արևելյան Գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) 1-ին աշխատանքային խմբի առաջին առցանց հանդիպումը։

Հանդիպման ընթացքում ԱԼԳ վեց երկրների 1-ին խմբի պատվիրակները հնարավորություն ունեցան ծանոթանալ միմյանց հետ և ներկայացնել այն կազմակերպությունները, որոնց կողմից առաջադրվել են։ Նշենք, որ 2020-2021թթ․ պատվիրակ է ընտրվել նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Սողոմոնյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի ազդեցությունը ոլորտային տարբեր քաղաքականությունների վրա։ Մասնավորապես, տեղի ունեցան քննարկումներ և բանավեճեր ԱլԳ վեց երկրների կողմից հետևյալ ոլորտներում տարվող քաղաքականությունների շուրջ․  

–       Մեդիա ազատությունը կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում․

–       Ընտրությունների բարեվարքությունը կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում․

–       Դիմադրողականությունը որպես ԱլԳ նոր մոտեցում ՝ կորոնավիրուսի ճգնաժամի լույսի ներքո․

–       Կորոնավիրուսի ճգնաժամի ազդեցությունը գենդերային քաղաքականությունների և ընտանեկան բռնությունների վրա․

–       Մարդու իրավունքները կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում․

–       Կոռուպցիայի դեմ պայքարը կորոնավիրուսի ճգնաժամի լույսի ներքո․ փողերի լվացումը և անդրազգային ֆինանսական հանցագործությունները որպես անվտանգության սպառնալիք ԱլԳ-ի և ԵՄ-ի համար։

Սյուզաննա Սողոմոնյանը մասնակցել է մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված հանդիպումներին, որտեղ ներկայացրել է կորոնավիրուսի ճգնաժամի արդյունքում Հայաստանում մարդու իրավունքների ոլորտներում գրանցված խախտումներն ու առաջնային լուծում պահանջող մարտահրավերները, ինչպես նաև այս հանդիպմանը մասնակից հայաստանյան պատվիրակության անունից ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի ընդհանուր վիճակը Հայաստանում։

Մեկ շաբաթ ընթացող առցանց հանդիպումների վերջին օրը տեղի ունեցավ հանդիպում ԵՄ ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեց կորոնավիրուսի ճգնաժամի հետևանքով տարբեր ոլորտներում առաջացած  մարտահրավերները, ԱլԳ հետագա քաղաքականությունները, ինչպես նաև ձևակերպվեցին առաջարկություններ տարբեր հանդիպումների ընթացքում տեղի ունեցած քննարկումների վերաբերյալ։