Կրթության իրավունքի հիմնախնդիրները ՀՀ-ում․ ինչպիսի՞ լուծումներ են նախատեսվում առաջիկայում

Այն, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, վաղուց հայտնի է բոլորիս և այն ամրագրվել է ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ ներպետական օրենդրությամբ։ Այսօր պետությունը խթանում է կրթության և գիտության զարգացումը, սահմանում պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը, ապահովելով բոլորի համար մատչելի համընդհանուր հիմնական կրթության համար անհրաժեշտ նախադրյալները:  Այդուհանդերձ, դեռևս առկա են մի շարք համակարգային խնդիրներ, որոնք խոչընդոտում են կրթության իրավունքի լիարժեք իրացմանը, որոնց անդրադառնում ենք ստորև։

Առաջին կարևորագույն խնդիրը, որը համակարգային առումով շարունակվում է չլուծված մնալ, դա նախադպրոցական կրթական հաստատությունների հասանելիության խնդիրն է, այսինքն բոլոր երեխաները պետք է ունենան որակյալ վաղ մանկության զարգացում, խնամք և նախադպրոցական կրթություն, որպեսզի նրանք հետագայում պատրաստ լինեն նախնական կրթության:

Հաջորդ կարևորագույն խնդիրը դա համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների վճարովի լինելու հարցն է: Հաճախ վարձավճարների տրամադրման անհնարինության պատճառով մի շարք դեպքերում ծնողների կողմից հնարավոր չի լինում երեխայի կրթությունը կազմակերպել նախադպրոցական ուսումնական հաստատությունում, ինչի արդյունքում տուժում է երեխան:

Երրորդ ոչ պակաս կարևոր խնդիրն է՝ կրթությունից դուրս մնացած երեխաների հարցը։ Երեխաների՝ կրթությունից դուրս մնալու պատճառները տարբեր են, ինչպես օրինակ՝ ոչ բավարար սոցիալական պայմանները, երեխայի հաշմանդամությունը, երեխաների բացակայություններին իրավասու անձանց ոչ պատշաճ արձագանքը, երեխաներին աշխատանքի մեջ ներգրավելը, իսկ բնակչության առանձին խմբերի դեպքում՝ անգամ երեխաների վաղ ամուսնությունը, սակայն այս համատեքստում  պետք է արձանագրենք որ խնդիրը ավելի շատ գտնվում է օրենսդրական դաշտի տիրույթում, քանի որ «կրթությունից դուրս մնացած երեխա» հասկացության՝ որևէ իրավական ակտով ամրագրված չի ինչն էլ իր հերթին առաջացնում է նաև այլ խնդիրներ. բարդացնում կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, նրանց վերաբերյալ հստակ և միասնական վիճակագրական տվյալների հավաքագրման աշխատանքները։ 

Հաջորդիվ հատուկ պետք է առանձնացնենք հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի իրացման հարցում առկա խնդիրները։ Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի իրականացումը, վերջինիս մատչելիությունը երաշխավորված է ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային փաստաթղթերով: Ավելին, պետությունը ստանձնել է ներառական և որակյալ կրթությանն առնչվող մի շարք պարտավորություններ, և պետք է հետևողական աշխատանքների միջոցով հասնի նշված խնդիրների վերացմանը։

Մյուս խնդիրն է՝ մարդու իրավունքների վերաբերյալ կրթության և իրազեկմանն ուղղված միջոցառումների զուգահեռ և պատշաճ կերպով իրականացման բացակայությունը։ Մասնավորապես, հարկավոր է կրթական հաստատություններում ներդնել միջազգային չափանիշներին համապատասխան մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ կամ այդ սկզբունքները ներառող դասընթացներ: 

Առանձնացված վերջին խնդիրը վերաբերվում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտներին։ Այս ուղղությամբ, Կառավարությունը նախատեսվում է բուհերի ապակուսակցականացում, կրթության որակի բարելավում ու գիտության ֆինանսավորման ավելացում, ինչպես նաև ակադեմիական բարեվարքության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ։

Հարկ է նշել, որ վերևում թվարկված խնդիրները իրենց տեղն են գտել ՀՀ 2020-2022թթ․ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության շրջանակներում, իսկ դրանց՝ որոշակի առումով լուծումները նախատեսված են Ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրում։

Այսպես, 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվում է աշխատանքային իրավունքների ոլորտում իրականացնել հետևյալ 6 միջոցառումները՝

  1. Հանրակրթական դպրոցներում ներդնել մարդու իրավունքներ քննարկող թեմաներ` առարկայական նոր չափորոշիչների համատեքստում` Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունները» ձևավորող շրջանակի հիման վրա օրենսդրորեն սահմանել աշխատանքային հարաբերությունների կարգավորման պարզեցված կառուցակարգեր՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
  2. Օրենսդրորեն ամրագրել կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և կրթության իրավունքի իրացման մեխանիզմները։
  3. Ընդունել ներառական կրթության ապահովման ռազմավարություն և գործողությունների ծրագիր` կրթական բոլոր մակարդակների համար։
  4. Օրենսդրորեն սահմանել ակադեմիական բարեվարքության սկզբունքներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան

Նախատեսվում է, որ վերը նշված գործողությունների իրականացման արդյունքում մեծապես կնվազեն կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց և դպրոցական տարիքի անձանց կրթության իրավունքի խախտման դեպքերը, միաժամանակ կնվազեն նաև կրթությունից դուրս մնացած երեխաների թիվը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում ակադեմիական բարեվարքության կանոնների, կրթության իրավունքի խախտման դեպքերը։

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Ռազմավարությամբ և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նշված ոլորտում նախատեսվող փոփոխությունների արդյունքում նախատեսվում է կատարելագործել օրենսդրական դաշտը, ինչը իր հերթին կնպաստի ՄԱԿ-ի կայուն զարգացման թիվ 4 նպատակի իրագործմանը, մասնավորապես՝ «Ապահովել ներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ» իրագործմանը:

Սույն հրապարակումը իրականացվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության գործիք» ծրագրի շրջանակներում գործարկվող «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրով։

 

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուղիղ ժողովրդավարության խթանում՝ Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդման համար» ծրագրի կրթաթոշակիրը և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։